Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխություններին կողմ են քվեարկել ընտրողների կեսից ավելին
17-04-2017 12:48:48 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքիայում նախագահական կառավարման համակարգին անցնելու կողմնակիցները ոչ շատ մեծ տարբերությամբ հաղթել են կիրակի տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում: Interfax-ի փոխանցմամբ` քվեաթերթիկների վերջնական հաշվարկներով` սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 99,97 տոկոս ընտրողների 51,41 տոկոսը (25 մլն 156 հազար 860), իսկ դեմ` 48,59 տոկոսը (23 մլն 777 հազար 14):
Ավելի վաղ, թուրքական ԶԼՄ-ներին հղում տալով, հաղորդվել էր, որ հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 86 տոկոս:
Նշվում է, որ հանրաքվեյով 18 փոփոխություններ են մտցվել Թուրքիայի սահմանադրության մեջ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են նախագահի լիազորությունների ընդարձակմանը և խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի անցմանը:
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հաստատել է, որ հանրաքվեյին մասնակցած ընտրողների մեծ մասը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, որոնք էականորեն ընդարձակում են երկրի նախագահի լիազորությունները:
Associated Press գործակալությունը նշել է, որ Թուրքիայի ԿԸՀ-ն այդ հայտարարությունն արել է անմիջապես նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի` հաղթանակի կողմնակիցներին շնորհավորելուց հետո, չնայած որ այդ պահին պաշտոնական արդյունքները դեռևս հրապարակված չեն եղել: