Մեկնարկում է պետության կողմից ձեռնարկություններին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նոր քաղաքականությունը


 

Մեկնարկում է պետության կողմից ձեռնարկություններին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նոր քաղաքականությունը

  • 04-05-2017 11:40:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կառավարության մայիսի 4-ին կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով։ 
Մասնավորապես, առաջին հանձնարարականը վերաբերում էր տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման նոր քաղաքականությանը։ 
«Բազմիցս բարձրաձայնել ենք ՀՀ տնտեսական գերակա ոլորտների պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրման անհրաժեշտության մասին։ Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությանը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն, մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ նման քաղաքականությունը միտված է լինելու կառավարության կողմից գերակա ուղղություններ հայտարարված տնտեսության արդյունավետության և մրցակցության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը և ամենակարևորը նոր աշխատատեղերի ստեղծմանը։ 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել  և կառավորության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման , սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։ 
Մեկնաբանելով հանձնարարականը՝ Կ․ Կարապետյանի նշեց, որ կարևոր գործընթաց է սկսվում։  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն