Հրապարակման է պատրաստվում Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների մասին պատմող «Ապրելու բանաձևի» 11-րդ հատորը


Հրապարակման է պատրաստվում Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների մասին պատմող «Ապրելու բանաձևի» 11-րդ հատորը

  • 12-05-2017 12:18:24   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հրապարակման է պատրաստվում ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» աշխատության 11-րդ հատորը։ «Ապրելու բանաձևը» պատմավավերագրական մատենաշար է, որի հատորներից յուրաքանչյուրում հեղինակը ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած հերոսների կյանքն ու սխրանքի պատմությունները՝ շաղախված հայոց պատմության ուսանելի դրվագներով։ Տիկին Մարտիկյանը մեկ առ մեկ այցելում է զոհված տղաների ընտանիքներ, քաղում նրանց մասին տեղեկություններ ու դրանք հանձնում թղթին։ 
Հատորը լույս կտեսնի ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ի դեպ, Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակներում լույս է տեսնում «Ապրելու բանաձևի» արդեն չորրորդ հատորը։ 
 
11-րդ հատորում կներկայացվեն Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի Կապանի հերոսները և Ապրիլյան պատերազմի Արցախի տղաները։ Ի դեպ, այս օրերին տիկին Մարտիկյանը Կապանում հանդիպում է կապանցի հերոսների հարազատներին։ 
Հիշեցնենք, որ «Ապրելու բանաձևի» նախորդ՝ 10-րդ հատորը նույնպես ամբողջությամբ նվիրված էր քառօրյայի զոհերի սխրանքի պատմությանը։ 
Գոհար Մարտիկյանը նշում է, որ զոհված տղաների հարազատների հետ հանդիպումների ընթացքում նկատել է, որ վերջիններս հանդիպումից հետո ավելի կայուն են դառնում ու ավելի հպարտ են վիշտը կրում. «Իրենց հարազատի կորուստը դառնում է ոչ թե վիշտ, այլ հպարտություն, ինչի համար ես անչափ ուրախ և երջանիկ եմ։ Իմ միակ նպատակն է՝ որևէ հերոսի չհամարենք մեր կյանքից հեռացած, մոռացված։ Մոռանալը կնշանակի պատմությունն ուրանալ, ուրանալ քո արմատը, արյան հոսքը և այն, հանուն ինչի մենք ապրում ենք ու շարունակում գոյատևել։ Եթե մենք հանկարծ թուլանանք, չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում։ Մենք իրավունք չունենք թուլանալու։ Իմ միակ նպատակն այդ համոզումը մարդկանց հասցնելն է»։ 
Գոհար Մարտիկյանի որդին նույնպես կյանքը զոհել է հանուն Արցախի ազատագրման։ Տիկին Մարտիկյանն ասում է, որ 23 տարի է, որ իր որդին իր հետ չէ։ Եվ ամեն անցնող տարին կորստի ցավն ավելի է խորացնում ու ահագնացնում. «Ժամանակը ոչ թե սփոփում է, այլ ավելացնում է տառապանքը։ Առաջին 2-3 տարիներն անգիտակցաբար, ինքնաբերաբար ապրում ես, նրանից հետո սկսում ես զսպել տառապանքդ, իսկ հետո՝ քո ցավը ոչ ոք չի կարող փարատել բացի Աստծուց, այն ուժից, որ պետք է վերևից՝ երկնքից գա, եթե կարողանաս ընդունել, ընկալել այն։ Եթե չընկալեցիր, չգիտեմ, թե ինչ կլինի քեզ հետ»։
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր