Հայաստանի հանրային հեռուստատեսության պատմությունը` մեկ գրքում. աշխատանքային տարբերակն ընթերցողների սեղանին է


Հայաստանի հանրային հեռուստատեսության պատմությունը` մեկ գրքում. աշխատանքային տարբերակն ընթերցողների սեղանին է

  • 06-06-2017 16:49:18   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր 60-ամյա հոբելյանի շրջանակում հրատարակության է պատրաստել գիրք-հանրագիտարան հայկական հեռուստատեսության մասին, որտեղ կարտացոլվի 1956-2016 թթ-ի պատմությունը: Գիրքը գրելու նպատակը Հեռուստաընկերության պատմության ամբողջացումն է հիմնադրումից մինչեւ մեր օրերը, ինչպես նաեւ յուրատեսակ հարգանքի տուրք է հայկական հեռուստատեսությունն ստեղծողներին, աշխատակիցներին, սերունդներին: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Առաջին ալիքը եւ հեռուստատեսությունն առհասարակ, նրանց համար, ովքեր հիմնադրել ու արարել են, ապրել ու աշխատել Հանրայինում: 
 
Գրքի կազմման աշխատանքներն իրականացվել է Լիլիկ Ստեփանյանի, Լեւոն Գալստյանի, Մարգարիտա Գրիգորյանի եւ Մարատ Օրդյանի ջանքերով: Աղբյուրագիտական զննումները կատարել են Ազգային արխիվի աշխատակիցներ Էմմա Հովսեփյանն ու Մարինե Մարտիրոսյանը: Հեղինակային խումբն ուսումնասիրել է Հանրայինի վաթսունամյա արխիվային նյութերն ու իրականացրել շուրջ 120 հարցազրույց, որի արդյունքում հավաքվել է գրեթե ամբողջական տեղեկատվությունը:
Քանի որ գիրքն իր բնույթով ակադեմիական է եւ կարող է դիտարկվել որպես հայկական հեռուստատեսության յուրատեսակ հանրագիտարան, Հանրային հեռուստաընկերությունը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր Հանրայինի պատմության մաս են կազմել, աջակցել աշխատանքային խմբին, օգնել վերականգնել հայկական հեռուստատեսության պատմության ամբողջական խճանկարը կամ համալրել այն բացը, որն իրենց կարծիքով՝ կարեւոր է եւ տեղ չի գտել գրքի աշխատանքային տարբերակում: Գրքին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ http://www.1tv.am/files/hh-60-ata.pdf
Յուրաքանչյուր առաջարկ կամ տեղեկատվություն կարելի է ուղարկել book@1tv.am էլ. հասցեին: 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր