Պետական արտադրական հատվածը կարևոր, օբյեկտիվորեն անհրաժեշտ տարր է լիբերալ զարգացած տնտեսություններում․ Արմեն Ավագյան


Պետական արտադրական հատվածը կարևոր, օբյեկտիվորեն անհրաժեշտ տարր է լիբերալ զարգացած տնտեսություններում․ Արմեն Ավագյան

  • 02-09-2017 12:19:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Նոյյան տապանի» «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է  ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, ամերիկյան քիմիական ընկերության ու ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերության անդամ Արմեն Ավագյանը։

Արմեն Ավագյանը առաջինն է Հայաստանի գիտնականներից, ով դարձել է ԱՄՆ Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկիր,  առաջին հայը, որ  Անգլիայի Քեմբրիջում ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և ում  շնորհվել է «Միջազգային նախագահական մրցանակը սրբապատկեր նվաճումների համար» մրցանակի դափնեկրի կոչումը: Նրա կենսագրությունն ընդգրկված ԱՄՆ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնների տարբեր գրքերում՝ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» ու Մարքիուսի «Ով ով է»:

 
Այս տարի Արմեն Ավագյանն ընտրվել է նաև 115 երկրներց 2307 ակադեմիկոսների միավորող Հունաստանի «ATINER» ակադեմիայի իսկական անդամ (քիմիա և շրջակա միջավայր բաժանմունքներ) ինչպես նաև արժանացել է 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է» («Marquis Who's Who») հրատակության հիմնադրի անվան՝ «The Albert Nelson Marquis Lifetime Achievement» բարձրագույն մրցանակին՝ իր ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար:
 
Բացառիկ համաշխարհային նվաճում է համարվում նրա  հեղինակած տեսությունը, որը շարադրված է  «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական եւ կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում եւ կառուցում» աշխատության մեջ, որը հրատարակել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունը:
 

Հաղորդումը վարում է «Նոյյան տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։

Հաղորդաշարը ուղիղ եթերում հեռաձակվոմ է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

 
 
Ստորեւ ներկայացնում ենք հաղորդման մեջ շոշափված որոշ հարցերի եւ դրանց պատասխանների ավել հանգամանալի տարբերակը։
 
- Պարոն Ավագյան, ի՞նչ է առաջարկում Ձեր տեսությունը, որը, փաստորեն, մի քանի միջազգային գիտական կենտրոնների գնահատականին է արժանացել:
 
- Տեսությունում շեշտը դրվում է հիմնական մարտահրավերների (թափոնների նվազեցում, կեղտաջրերի մաքրման արդյունավետության բարձրացում, կենսավառելիքի, բարձրորակ սննդի, անասնակերերի, կոսմետիկ հավելումների, դեղորայքի եւ այլ շահութաբեր արտադրություններ) հաղթահարման վրա: Տեսության տեսլականը օրգանապես հիմնվում է բնական կյանքի պայմաններ ձեւավորող միկրոջրիմուռների հատկությունների վրա: Դա հեղափոխական մոտեցում չէ, քանզի ներկայումս ջրիմուռները արտադրում են մթնոլորտային թթվածնի 50-70 %-ը եւ հանդիսանում են Համաշխարհային օվկիանոսի ջրերի բնական մաքրողը, ինչը բնության ընտրությունն է: Վերլուծելով խնդիրները եւ խոչընդոտները, հիմնվելով սեփական եւ համաշխարհային գիտական նվաճումների վրաՙ տեսությունը նորարարական լուծումներ է առաջարկում:
 
- Այդ լուծումները կարո՞ղ են նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, եւ արդյոք դրանց ներդրման իրատեսական հիմքեր կա՞ն:
 
- Ի սկզբանե պետք է նշել, որ Հայաստանի կլիմայական պայմանները առավելագույնս բարենպաստ են միկրոջրիմուռների արտադրության համար: Մշակված նորարարական տեխնոլոգիաների առեւտրացման դեպքում նոր արտադրությունները նպաստելու են Հայաստանի զարգացման հետեւյալ արդիական խնդիրների լուծմանը.
 
- էներգետիկ անվտանգության բարձրացում, ներկրվող վառելիքի քանակի կրճատում եւ մրցունակ կենսավառելիքի արտադրություն ու արտահանում:
 
- գյուղատնտեսությունում միկրոջրիմուռների միջոցով կերային բազայի հնարավորությունների ընդլայնում, կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելում, տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, սննդի որակի բարձրացում եւ բնակչության առողջական վիճակի բարելավում:
 
- շրջակա միջավայրիՙ մթնոլորտի ու ջրերի վրա վնասակար ներգործությունների նվազեցում, ջրային պաշարների արդյունավետ եւ խնայողաբար օգտագործում, մաքրում ու վերականգնում:
 
- դեղորայքի, սպիտակուցային եւ վիտամինային սննդային եւ կոսմետիկ հավելումների արտադրություն:
 
- փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումՙ հիմնված նորարարական լուծումների կիրառման վրա, մրցունակ արտադրանքի միջոցով առեւտրի հաշվեկշռի բարելավում:
 
- Հայաստանում կա՞ն իրագործման ուղիներ:
 
- Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր իսկ գործունեության ծրագրից բխող նորարարական քաղաքականության արդյունավետ գործողությունները եւ չի ստեղծվել արտադրական նորարարական գործունեությանը նպաստող ինստիտուցիոնալ համակարգ, բացի այդՙ ներդրումային միջավայրի ձեւավորման հարցում բացթողումներ կան: Այսինքն, Հայաստանում համարյա անհնար է հիմնել նորարարական արտադրություն: 
- Ալ ինչ խոչընդոտներ եք տեսնում տնտեսության զարգացման համար։
 
Բիզնես միջավայրի կարևոր ցուցանիշ է օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ու Հայաստանի այդ ցուցանիշը ավելի ցածր է, քան համանման երկրների և կենտրոնացված հիմնականում հետևյալ ենթակառուցվածքների՝  հանքարդյունաբերության (35%), հեռահաղորդակցության (22%) և էներգետիկայի (9%) ու նրա աճի հիմնական խոչընդոտներ են հանդիսանում տեղական շուկայի փոքր ծավալը, հակասությունները օրենքների և կանոնակարգերի, վեճերի լուծման մեխանիզմների բացակայությունը, կոռուպցիան և տրանսպորտային հարցերը: Համաձայն ՀՀ ԱՎԾ վերջին տարիներին ՕՈՒՆ կտրուկ անկում է ունեցել՝ 2008 թ.: Պետք  է նշել, որ վարչարարության ոլորտում ԱՄՆ և ԵՄ գործընկերների աջակցությամբ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեին որոշակիորեն նպաստել ներդրումների և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը տեղական և օտարերկրյա ներդրումների: Սակայն ԱՄՆ  USAID նշում է, որ այն չի նպաստել ՕՈՒՆ-ի և բիզնես ակտիվության ծավալների ավելացմանը և 2008 թ-ից գրանցվում է աղքատության աստիճանի բարձրացում: 
 
Դատական համակարգում սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի խախտումները ձևավորում են անվստահության մթնոլորտ, խոչընդոտելով մասնավոր ներդրումներին, տնտեսական զարգացմանը, նոր աշխատատեղերի  ստեղծմանը, և այդ հանգամանքում կառավարությունը ներքին մարտահրավերներին պատասխանելու համար պարտադրված է լինում ընտրել ավելի ցածր արդյունավետություն ունեցող մոտեցում` ավելացնելով արտաքին պարտքը: 
 
Տնտեսական զարգացման տեսանկյունից դատական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրն ունի կարևորագույն նշանակություն, քանզի «ազգային արդարադատության համակարգերը առանցքային դեր ունեն տնտեսական աճի վերականգնման ու կանխատեսելի, ժամանակին և արդարադատության կանոններով ուղղված դատական որոշումները կարևոր կառուցվածքային բաղադրիչներ են գրավիչ բիզնեսի մթնոլորտի»: 
 
ՀՀ նախագահ Ս Սարգսյանը ասել է «Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության և արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք և որևէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու»: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը, քանզի ներկա իրավիճակը մեծ բացասական ազդեցություն է թողնում քաղաքացիների կյանքի որակի վրա: Սակայն մինչ այճմ այդ համակարգը վատ է կառավարվում: 
 
Մյուս կողմից էլեկտրաէներգիայի և գազի գները Հայաստանում մի քանի անգամ բարձր են համեմատ  Ղրղզստանի, Բելառուսոի, Ղազախստանի ու Ռուսաստանի, ինչը նվազեցնում երկրում արտադրվող ապրանքների մրցունակությունը այդ շուկաներում:  
 
Բնական պաշարների ոլորտ: Ներկայումս ՀՀ-ում գործում է օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված 494 թույլտվություն, որից մետաղական օգտակար հանածոների՝ 29, ոչ մետաղական օգտակար հանածոների՝ 439, հանքային ջրերի՝ 26: Հանքարդյունաբերությունը գտնվում է օֆշորային ընկերությունների փաստացի վերահսկողության ներքո, ինչի հետևանքով հսկայական գումարներ չեն մտնում պետբյուջե: Միաժամանակ շրջակա միջավայրի պահպանության նրանց պարտադիր վճառումները կանոնավոր չեն մուտքագրվում:
  
- Ներկայիս ՀՀ վարչապետ  Կ. Կարապետյանը տնտեսության վիճակը նկարագրել է որպես շատ ծանր իակ ինչպիսի գնահատական կարող եք Դուք տալ։
 
Հանրահայտ «Ֆորբս» ամսագրի բնութագրով «նախկին խորհրդային համակարգից ՀՀ ժառանգել էր ժամանակակից արդյունաբերություն, խոշոր ագրոարդյունաբերական համալիրներ, բայց անցել է փոքրամասշտաբ ֆերմերային տնտեսությունների և ներկայումս ունի արտահանման նեղ բազա, համատարած մենաշնորհներ և մեծ կախվածություն` համաշխարհային ու Ռուսաստանի տնտեսություններից, որոնց վատթարացման դեպքում ՀՀ տնտեսությունը դառնում է կտրուկ խոցելի»:  Վերջին տարիներին  տնտեսական աճը պայմանավորված էր ներդրումներով հիմնականում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտներ (այսինքն, Հայաստանը ունի բանանային երկրի հատկանիշներ՝ (սահմանափակ գյուղատնտեսական արտադրություն, բարձր կախվածություն արտասահմանյան կապիտալից և մեծ արտաքին պարտք, կոռուպցիա և կաշառակերություն, ցածր աշխատավարձեր ու բնակչության բարձր աղքատության ցուցանիշ, ազգային ՀՆԱ անհավասար բաշխում, հետամնաց ենթակառուցվածքներ և տնտեսություն և այլ) ու գաղութային երկրի, քանզի արտահանվում է հիմնականում հումք և գյուղմթերքներ (մեզ մոտ դրական առաջընթացը հիմնականում կապված է մետաղական հանքաքարի արդյունահանման, ինչպես նաև խմիչքի ու ծխախոտի արտադրության աճից), իսկ բարձր ավելացրած արժեքով  արտադրանքի քանակը և բազմազանությունը սահմանափակ է): 
 
Հետխորհրդային  սկզբնական ժամանակաշրջանում ոչ արդյունավետ տնտեսական կառավարման հետևանքով մենք ավելի շատ քանդում էինք, քան կառուցում ու լճացրեցինք արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացումը: Կարելի է համաձայնվել Սեփականաշնորհման գործընթացը ուներ բազմակի թերություններ, որոնք չի կարելի կապել շուկայական տնտեսության անցման ուղու հետ: Պետական արտադրական հատվածը կարևոր, օբյեկտիվորեն անհրաժեշտ տարր է լիբերալ զարգացած տնտեսություններում, ամրագրում է պետության դերը տնտեսության մեջ ու հանդիսանում է տնտեսական աճի և կայուն զարգացման գործոն, երաշխավորելով ազգային հարստության պահպանումը ու ապահովելով կարիքներ, որոնք չի կարող ապահովել մասնավոր ձեռնարկատիրությունը, կամ էլ նպատակահարմար չի սեփականաշնորհել պետական ու տնտեսական անվտանգության և այլ գործոններով: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիաում, Ճապոնիայում և Շվեդիայում պետական հատվածը փոստային ու կապի ծառայություններում, ինչպես նաև երկաթուղում  կազմում էր 75 %: Էլեկտրաէներգետիկայի ոլորտում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիաում այն կազմում էր նույնպես 75 %, Շվեդիայում՝ 50 % ու ԱՄՆ-ում և Ճապոնիայում՝ 25 %: Պողպատի արդյունաբերությունում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում՝ այն կազմում էր նույնպես 75 %, իսկ Գերմանիաում ու Ճապոնիայում՝ 25 % և այլ: Ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը կախված չէ սեփականության ձևից, եթե այն ունի վարձու մենեջեր, որին չի հետաքրքրում թե ով է իր վերահսկողը – պետությունը (Չինաստանի օրինակը), թե մասնավոր ընկերության խորհուրդը: Կա միամիտ կարծիք, որ պետական ձեռնարկությունը հետաքրքրված չի արդյունավետ նվազեցնելու ծախսերը, քանի որ բարդ իրավիճակում պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի, իսկ   մասնավոր ձեռնարկությանը սպառնում է սնանկություն: Սակայն, իրականում արևմուտքում կորպորացիաների սնանկացումը հազվադեպ է, իսկ վնասով կարող է ինչպես պետական, այդպես էլ մասնավոր ձեռնարկությունը աշխատել (օրինակներ՝ սեփականաշնորհված Նաիրիտ, Վանաձորի քիմկոմբինատը …): Ի տարբերություն Հայաստանի Բելառուսում խորհրդային համակարգից անցումը կատարվեց ավելի մեղմ, ապահովելով, հանրության ավելի բարձր կյանքի որակ: Մեծ ձեռնարկությունները չէին սեփականաշնորհվել ու մնացին պետության վերահսկողության ներքո: Մոտեցումը այն էր, որ պարզապես չկար ազգային կապիտալ (ինչպես և մեզ մոտ), որ կարող էր նրանց արդյունավետ կառավարել: Պետական վերահսկողության տակ մնացին և առավել կարևոր և շահավետ ձեռնարկությունները: Մինչ այժմ չկա տարբեր շերտերի  եկամուտների այդպիսի մեծ տարբերություն ինչպիսին է Հայաստանում, առկա է հարաբերական սոցիալական հանգստություն և խաղաղություն:  Մեր արդյունաբերության սեփականաշնորհման ոլորտում խնդիրները առաջացան, քանի որ հզորությունները սեփականաշնորհվում էին առանց սեփականատերի պայմանագրային պարտավորությունների, հաշվի չէին առնվում նրա կարողությունները, ինչպես նաև բացակայում էր անհրաժեշտ պետության  աջակցության ծրագիր: Այդ ժամանակահատվածում արտադրական կառույցները ունեին միլիարդավոր դոլարների հումք, այդ թվում և պետական ռեզերվում,  իսկ խորհրդային հատվածում արտադրանքն արտահանվում էր ավելի քան 150 երկրներ: Հետևաբար, պետության կողմից կարելի էր կապիտալիզացնել արտադրական կառույցների մի մասը ու ստացված միջոցներով ապահովել մոդեռնիզացիա ու աշխատեղեր, կատարել ռազմաարդյունաբերական ծախսերի ավելացում: 
 
Այսպիսով, միամիտ պատկերացումները շուկայական տնտեսության կառուցվածքի մասին, խառնված սեփականշնորհման թերություններով ու անձնական շահագրգռության  մոտեցումներով, հետ մղեցին նախկին տարածաշրջանի առաջատար Հայաստանին դեպի թույլ զարգացած երկրների շարք: Այդ պատճառներով Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին ՀՀ–ում գրանցվեց ամենաբարձր արտագաղթ՝ հեռացել է շուրջ 585 հազար մարդ, (Ռոբերտ Քոչարյանի 10 տարիների նախագահության օրոք՝ արտագաղթել էր 127 – 134 հազար  մարդ: Ընդհանրապես, եթե վերլուծենք Հայաստանի սեփականաշնորհված ձեռնարկությունների կառուցվածքը և արդյունքները ու համեմատենք դրանք զարգացած երկրների պատկերի հետ, ապա հիմնավորված կարծիք է ձևավորվում, որ ոչ արդյունավետ կառավարման պատճառով երկիրը կարելի է դասել նաև ռենտային պետությունների շարքին, որոնք անվտանգության խնդիրը լուծելու համար իրենց սեփականության ներքո գտնվող ռեսուրսները հանձնում են օտարներին: Այստեղ հիմնական վնասը կայանում է նրանում, որ պետական համակարգը կորցնում է իր դերակատարումը կարևորագույն ոլորտներում և այդպիսի օտարման դեպում կարող են հաշվի չառնվել  Հայաստանի տնտեսական զարգացման և մրցակցության մարտահրավերները: 
 
Մյուս կոպիտ սխալը կատարվել էր  2000 թ-րի սկզբներից` հայտարարելով ՀՀ կառավարության ծրագրում արդյունաբերության մոդեռնիզացիան և ինովացիոն քաղաքաշինությունը, որպես տնտեսական զարգացման գերակայություն, միաժամանակ կրճատվեց արտադրական ենթակառույցները համակարգող փոխվարչապետի պաշտոնը, լուծարվեց արդյունաբերության նախարարությունը (այն պահպանված է ՌԴ-ում) և ՀՀ կառավարության արդյունաբերության վարչությունը, այսինքն` այն անձիք և կառույցները, որոնց օպերատիվ աշխատանքներով պետք է իրագործվեր տնտեսության զարգացման համար գերակա խնդիրների լուծումը, գործընթացների մոնիթորինգը և այլն: 2000-2008 թթ. տնտեսական բարձր աճն ապահոված էր ոչ արտահանելի հատվածով և, հատկապես՝ շինարարության ճյուղի աննախադեպ աճով: Այդ ժամանակ ՀԲ զգուշացրել էր, որ շինարարության վերելքը ունենալու է ժամանակավոր բնույթ: Հետևաբար, կառավարությունները այդ «լավ» ժամանակներում պետք է դիվերսիֆիկացնեին իրենց տնտեսությունների կառուցվածքը, օգտագործելով բարձր տնտեսական աճի արդյունքները, որը չէր արվել ինչի արդյունք դարավ 2009 թ. արձանագրված տնտեսության 14.1% անկումը: Այդ տնտեսական ճկնաժամը ծնեց քաղաքական ճգնաժամ ու արյունոտ 1.03.2008 թ. դեպքը: Նրա հաղթահարմանը նպաստեց միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդավարության ավելացման նոր քայլերի կատարումը, ներդնելով նաև քաղաքական երկխոսություն գործիքը, որը վճռորոշ պայման է զարգացման ժողովրդավարական քաղաքական բազմակուսակցական համակարգի:
 
Հետճգնաժամային սկզբնական աճը պայմանավորված էր նաև նախկին վարչապետ Տ. Սարգսյանի կառավարության արդյունավետ պայքարով ստվերային տնտեսության դեմ: Այդ միջոցը ունեցավ կարճատև ազդեցություն ու հնարավոր է, որ այն կիրառվել է ոչ բոլոր սուբյեկտների վրա: 2012 թ. հետո գրանցվելու է տնտեսական աճի նվազում, պայմանավորված ինչպես գլոբալ զարգացումներով, այդպես էլ Հայաստանի տնտեսության թույլ կողմերով, ՕՈՒՆ-ի կրճատմամբ, տնտեսությունը շարունակեց մնալ ոչ դիվերսիֆիկացված ու մակերեսային, զբաղվածության ցուցանիշը  հիմնականում կախված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերից, արտահանումը՝ լեռնահանքային ոլորտից: ԱՎԾ զբաղվածության թվերից ակնհայտ երևում է, որ իրականում 2008 թ-ից արտաքին պարտքի աննախադեպ աճը չի նպաստել բնակչության ընդհանուր զբաղվածության աճին, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, ու համապատասխան չի ազդել բնակչության կյանքի որակի բարձրացման վրա:
 
Ներկայումս Հայաստանը նույնպես փաստացի չունի արդյունաբերական զարգացման հստակ ռազմավարություն: Մոտեցումներում դրույթները, որպես կանոն` կրում են մակերեսային բնույթ, նրանցում բնութագրվում են միայն ընդհանուր նպատակներն ու խնդիրները: 
 
- Ձեր կարծիքով ինպիսի փոփոխություններ պետք կատարվեն տնտեսության զարգացման ոլորտում:
 
Համաձայն ՄԱԿ-ի ներկայումս նորարարությունը գործունեության հիմնական շարժիչ ուժն է տնտեսական աճի և բնակչության կյանքի որակի բարձրացման: Շուկայական տնտեսության անցման ժամանակահատվածում պետությունը հանդես է գալիս որպես տնտեսական զարգացման նորարարական մոդելի գլխավոր հեղինակ ու  ինքնակարգավորվող մեխանիզմների և արդյունավետ ինովացիոն ինստիտուտների միջավայրի ձևավորող: Զարգացած երկրներում առկա է միջազգային գիտական պոտենցիալի ավելի քան 90 % և իրենց կողմից վերահսկվում է բարձր տեխնոլոգիաների շուկայի 80%-ը, որի ընդհանուր ծավալը կազմում է $ 2,5 – 3 տրիլիոն, գերազանցելով հումքային և էներգետիկ շուկաների ծավալները: Տեխնոլոգիաների արտահանումից ստացած տարեկան շահույթը կազմում է ԱՄՆ-ում` $ 700, Գերմանիայում՝ $ 530, Ճապոնիայում $ 500 մլրդ, իսկ նրանց ծառայությունների շուկան կրկնապատկվել է հիմնականում ինովացիոն համակարգի հաշվին: 
 
ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին հայտարարեց, որ Հայաստանի մրցակցության բարձրացումը հնարավոր է բացառապես գիտելիքահենք տնտեսության ու գիտելիքի հասարակության ազդեցիկ հիմքերի ստեղծմամբ, տնտեսական գործուն խթանների և պետական արդյունավետ կառույցների կայացմամբ: 
 
Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի գիտական ոլորտի ծախսերը կրճատվեցին  ՀՆԱ 2.5 %-ից մինչև 0.2%-ի, գիտահետազոտական աշխատանքներում զբաղվածների թիվը 1991թ. 25.3 հազարից մինչև 2012 թ. 5,6 հազարի, 102 գիտահետազոտական ինստիտուտները մինչև 2011 թ. 72: 
 
Համաձայն կարավարության ծրագրի ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80%-ը տրամադրվում է հիմնարար հետազոտություններին և միայն 20%-ը` կիրառական ուղղվածություն ունեցող մշակումներին: Մինչդեռ, օրինակ՝ ԱՄՆ-ում, միջոցների 16%-ն է հատկացվում հիմնարար հետազոտություններին, 26-28%-ը՝ կիրառական հետազոտություննե¬րին, իսկ 56-58 %-ը` փորձակոնստրուկտորական աշխատանքներին և տեխնոլոգիա¬կան մշակումներին: Խնդիրը ոչ թե նրանում է, որ փոխենք հատկացված միջոցների հարաբերությունը՝ առաջնահերթություն տալով կիրառական հետազոտություննե¬րին, այլ ունենք հնարավորություն ուղակի ավելացնել կիրառական հաստատությունների ֆինանսավորման ծավալները՝ հատկացնելով նրանց կառավարությունների կողմից տրամադրվող տարբեր արտասահմանյան ընկերություններին փորձագիտությունների համար միլիոնավոր դոլարների գումարների բաժնից: Գիտության կառավարման ոլորտում անհրաժեշտ է ձեռնարկել զարգացմանն ուղղված քայլեր, կիրառելով ԱՄՆ-ի մոդելը։
 
Մեր 2009 թ. և 2014 թ. նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վերլուծությունում նշվեց հետևյալը, որ 1) նորարարության կառավարման ոլորտում ներուժը մնում է թույլ, նորարարական ծրագրեր խթանելու բազմաթիվ մարմիններ կան, ինչը չի նպաստում արդյունավետ աշխատանքին ու անհրաժեշտ է հորիզոնական համագործակցություն (մեր կարծիքով նաև ուղղահայաց), 2) շատ քիչ ընկերություններ ի վիճակի են ինքնուրույն կատարել ամբողջ ցիկլը՝ նորարարության գաղափարից դեպի շուկա ու նորարարության բիզնեսի սահմանափակման պատճառն այն է, որ ոլորտում առկա է միջնորդների պակաս, 3) իշխանությունները պետք է ակտիվորեն խթանեն նորարարությունը մասնավոր հատվածում,  ՓՄՁ ոլորտում պետք է իրականացվի նորարարության աջակցության լայնամասշտաբ ծրագիր և այն պետք է ունենա հաստատուն տարեկան բյուջե, ընթացակարգեր և չափանիշներ, 4) գրեթե չկան նորարարությունը վաղ փուլերում ֆինանսավորելու հաստատություններ ու անհրաժեշտ է մշակել ֆինանսավորման համակարգ՝ ներգրավելով նաև գործարարներին, սփյուռքը և վենչուրային կապիտալը, 5) անուղղակի ցուցանիշները ինչպիսին են առևտրի կառուցվածքի փոփոխությունները, վկայում են, որ վերջին տասնամյակներում չկան նորարարության քաղաքականության  բարելավումներ ու 6) ՀՀ-ում ինովացիոն բիզնեսի դերը մնում է սահմանափակ, բացառությամբ ՏՏ ոլորտի: 
 
Պահանջվում է ներկայիս արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ, բացի  ՏՏ ոլորտից ներգրավել նաև այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել ոլորտային հատուկ ռազմավարություններ: Նորարարությունն ու տեխնոլոգիական արդիականացումը կխթանեն արտահանումը բարձր ավելացված արժեքով ապրանքներով, կավելացնեն նոր աճի աղբյուրներ և կհաղթահարեն տնտեսական զարգացման խոչընդոտները, կապված ներքին շուկայում փոքր չափի ու տրանսպորտային խնդիրների հետ: Համաձայն եվրոպական փորձագետների զեկույցի չկա նաև գործող համընդհանուր միջնաժամկետ ՓՄՁ ռազմավարություն: Գերփոքր ձեռնարկությունները՝ (10 աշխատող) կազմում են գրանցված բոլոր ՓՄՁ-ների 92%-ը ու հիմնականում զբաղվում են մանրածախ և մեծածախ առևտրով, չնայած քաղաքականության՝ արտահանմանն ուղղված տնտեսական աճի ապահովման միտվածությանը, ՓՄՁ միջազգայնացումը Հայաստանում շարունակում է սահմանափակ մնալ: Այդպիսով կարելի է եզրահանգել, որ նախկին տասնամյակներում ոլորտի կառավարումը կատարվել է ոչ արդյունավետ, կառավարիչները չեն  տիրապետել  անհրաժեշտ գործիքակազմով և այդ պատճառով մինչ օրս մենք չունենք ոչ մի տեղական առևտրայնացած ինովացիոն ծրագիր արդյունաբերության ոլորտում, ոչ էլ տեխնոպարկ և այլ ու չենք ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործում: 
 
Միևնույն ժամանակ ՀՀ արտահանման քաղաքականության մեջ բացակայում է գիտության հաշվին արտադրությունում ավելացված արժեք ստեղծելու և արտահանելու բաղադրիչը: Եվ այդ կատարվում է այն հանգամանքում, որ այս տարի առաջին անգամ 1970 թ-ից Հայաստանի բնակչության քանակը կազմում է 3 մլն ցածր թիվ: Դրա համար պետական մարմինների կողմից տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քաղաքականությունները և ծրագրերը պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ գործընթացներ, այդ թվում աշխատեղերի ստեղծման և արտագաղթի նվազման ու պատասխանատվության ենթարկելու ընթացակարգեր: 
 
Գիտության և  բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակցային առավելությունների ստեղծումն ու զարգացումը պետք է դառնան առաջնահերթ նախապայման, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը ու հանրության կյանքի որակի բարձրացման և խիստ անհրաժեշտ է անցում կատարել բանանային, գաղութային և ռենտային տնեսության մոդելներից դեպի արդիական գիտահենք տնտեսության մոդելի: Առաջնություն պետք է տրվի երկրում արդեն մշակած նորարական արտադրական ծրագրերի առևտրացմանը, մասնավոր հատվածում նորարարություններին օժանդակող ենթակառուցվածքների ստեղծմանը, ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմանը և այդ հիմքերով գործարանների գործարկմանը՝ նոր արտադրատեսակներով: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ