Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն է ստացել


Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն է ստացել

  • 25-09-2017 16:54:37   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Դոմիկում Պետրոսյանների վեցհոգանոց ընտանիքն ապրում է արդեն 22 տարի։ Ընտանիքի հայրը՝ Սամվել Պետրոսյանը, զբաղվում է մրգի և բանջարեղենի սեզոնային առևտրով։ Ընտանիքի մայրը՝ Մարիամը, չի աշխատում։ Ավագ որդին՝ Նարեկը, նոր է վերադարձել Արցախի Եղնիկներում ծառայությունից։ Դուստրը՝ Լիանան, ամուսնալուծությունից հետո վերադարձել է հայրական տուն՝ մեկամյա դստեր՝ Ֆլորայի հետ։ Ընտանիքի վեցերորդ անդամը դպրոցական Կարենն է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ 2 2 թաղամասում։ Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանն անձամբ հանձնեց նոր բնակարանի բանալիները ընտանիքին։ 
 
Պետրոսյանների ընտանիքը 31-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի՝ Գերմանիայի տեղական մարմնի ֆինանասավորման շնորհիվ։
 
§Հայաստան¦ համահայկական հիմնադրամ
Նոյյան տապան  -   Բարեգործություն