«System of A Down» խմբի տղաները աջակցում են Օրրանին


«System of A Down» խմբի տղաները աջակցում են Օրրանին

  • 11-10-2017 14:24:48   | ԱՄՆ  |  Բարեգործություն

 
 
Սույն թվականի հոկտեմբեին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցավ Օրրանի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքը: Միջոցառմանը մասնակցելու էին եկել հայտնի արվեստագետներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, որոնք համախմբվել էին Օրրանի շուրջ՝ օգնելու Հայաստանի կարիքավոր ընտանիքներին: 
 
Ընթրիքն ընթացավ ջերմ և աշխույժ մթնոլորտում, որի արդյունքում հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի Օրրանին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող 300 կարիքավոր երեխայի և 100 միայնակ տարեցի:
 
Միջոցառման ավանդական մաս կազմող կենդանի աճուրդի նմուշներն այս տարի բազմաթիվ էին և բազմազան: Աճուրդի հաջող իրականացման մեջ իրենց ներդրումն ունեցան «System of A Down» խմբի անդամները, որոնք վաճառքի համար նվիրաբերել էին թանկարժեք առարկաներ: Շավո Օդադջյանի նվիրաբերած արծաթե վզնոցը հնարավոր եղավ վաճառել երկու հազար դոլարով: Ջոն Դոլմայանի նվիրաբերված երաժշտական ափսեն, որը նկարազարդվել էր վերջինիս կողմից, վաճառվեց տասնվեց հազար հինգ հարյուր դոլարով: Սերժ Թանկյանը աճուրդի համար նվիրաբերել էր իր էլեկտրական կիթառը, որով նա հանդես էր եկել խմբի վերջին համաշխարհային շրջագայության ընթացքում, և այն հնարավոր եղավ վաճառել տասնյոթ հազար դոլարով: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես Սերժը Օրրանին էր նվիրաբերել իր կիթառը, որով նա 2015թ.-ին նվագել էր Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: 
 
Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բարեգործական ընթրիքի հաջող կայացման առթիվ նշեց. «Օրրանի ընթրիքը գալիս է փաստելու այն, որ աշխարհասփյուռ հայությունը, օվկիանոսի որ ափում էլ բնակվի, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել հայրենիքում ապրող կարիքավոր ընտանիքներին: Ոգեշնչող է տեսնել այսքան մարդկանց, որոնք, լինելով տարբեր ոլորտներից, համախմբվել են Օրրանի շուրջ, որպեսզի ծայրահեղ սոցիալական պայմաններում հայտնված փոքրիկներն ու տարեցներն ունենան անհոգ կյանք»: 
 
Հիշեցնենք, որ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում և ԱՄՆ-ում տեղի է ունենում Օրրանի բարեգործական ընթրիքը, որի ընթացքում հանգանակվում են անհրաժեշտ դրամական միջոցները՝ շարունակելու կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությունը: Օրրանի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.orran.am կայք: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play