«ԱՅԳ» առցանց ռադիոկայանի հիմնադիր-ղեկավար Շաքե Մանգասարյանը պարգեւատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով


«ԱՅԳ» առցանց ռադիոկայանի հիմնադիր-ղեկավար Շաքե Մանգասարյանը պարգեւատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով

  • 27-10-2017 16:17:42   | Հայաստան  |  Նշանավոր հայեր

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատում մամուլի դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Այս մասին նախարարը խոսեց Արաբական Միացյալ Էմիրություններում գործող հայկական «ԱՅԳ» առցանց ռադիոկայանի հիմնադիր-ղեկավար Շաքե Մանգասարյանին շնորհած «Մայրենիի դեսպան» մեդալի հանձնման արարողության ժամանակ: Մեդալը շնորհվել էր դեռևս ՀՀ սփյուռքի նախարարի 14.09.2016թ հրամանով, սակայն այսօր հոկտեմբերի 26-ին նախարարը անձամբ շնորհեց մեդալը:
 
Շնորհակալություն հայտնելով Շաքե Մանգասարյանին կատարած մեծածավալ հայպահպան աշխատանքի համար՝ նախարար Հակոբյանը հույս հայտնեց, որ այդ աշխատանքը շարունակական կլինի և նոր շունչ կհաղորդի հայապահանությանը ոչ միայն ԱՄԷ-ում, այլև բոլոր այն հայկական համայնքներում, որտեղ հնչում է «ԱՅԳ»-ը: «Արդեն ութ տարի է, ինչ Շաքե Մանգասարյանը նվիրումով ու սիրով ներկայացնում է  ազգային արժեքները: Ոլորտի մասնագետները կհաստատեն, որ 24-ժամյա անընդմեջ եթեր ապահովելը հեշտ գործ չէ, իսկ Շաքեն կարողանում է իրականացնել իր առաքելությունը  միայնակ, անշահախնդիր»-նշեց Սփյուռքի նախարարը:
 
Հանդիպման ընթացքում Շաքե Մանգասարյանի մասնագիտական վարպետության, բազմակողմանի գիտելիքների, լրագրողական հմտությունների մասին խոսեց լրագրող Արփեն Մովսիսյանը։
 
Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների ղեկավար Ռուզան Առաքելյանը, բարձր գնահատելով Շաքե Մանգասարյանի ու մարդկային բարձր որակները, նշեց, որ երկու ռադիոներն արդեն հիգ տարի համագործակցում են և ամեն ուրբաթ Շաքեի ազդեցիկ խոսքն ու ուղերձները տարածվում են Հանրային ռադիոյի եթերով:
 
Շաքե Մանգասարյանի գործունեությանն ու անհատականությանն անդրադարձան  թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, լեզվաբան Հակոբ Չոլաքյանը և արվեստագետ Հրազդան Թոքմաջյանը:
 
Շաքե Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար, նշեց, որ Ռադիո «ԱՅԳ»-ի եթերները ընդգրկում են սփյուռքյան և հայաստանյան լրատվություն, քաղաքական, հոգևոր  թեմաներով հաղորդումներ՝ Ավետարանի մեկնություն, Սուրբ Պատարագի հեռարձակում, մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից մեծ տեղ է հատկացվում ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական երգերին, հեռարձակվում է նաև դասական երաժշտություն:
 
«ԱՅԳ»-ի հաղորդումները հեռարձակում են նաև «Երկիր Մեդիա», «Արմենիա» (ԱՄՆ-ում), «Կիլիկիա» հեռուստատեսությունները (Անթիլիաս Լիբանան), ինչպես նաև  «Ասպարեզ», «Հորիզոն» թերթերի կայքերը:
 
Նա նշեց, որ Սփյուռքում չափազանց կարևոր է հայրենի կառավարության և, մասնավորապես Սփյուռքի նախարարի կողմից գնահատված ու արժևորված լինելը, շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության և այն անկեղծ ու հարազատ վերաբերմունքի համար, որ ցուցաբերում են նախարարը և նախարարության աշխատակիցները յուրաքանչյուր սփյուռքահայի հանդեպ:
 
 
«Նոյյան տապան» լրատվական - վերլուծական կենտրոնը իր կողմից եւս ջերմորեն շնորհավորում է Շաքե Մանգասարյանին։
 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր