«Քարակերտ» քարաձուլման գործարանի գործարկումը կարժենա 5 մլն դոլար, փոխարենը կապահովի մինչև 3 հազար աշխատատեղ և տարեկան 100 մլն դոլարի չափով արտադրանք


«Քարակերտ» քարաձուլման գործարանի գործարկումը կարժենա 5 մլն դոլար, փոխարենը կապահովի մինչև 3 հազար աշխատատեղ և տարեկան 100 մլն դոլարի չափով արտադրանք

  • 22-11-2017 21:01:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ




 

Հայաստանն ունի աշխարհում ամենաբարձրորակ պեռլիտի հսկայական պաշարներ, որոնք չեն օգտագործվում, մինչդեռ ոչ մետաղական հանքանյութերից հատկապես պեռլիտի մշակումը շատ արդյունավետ է, միջազգային շուկայում՝ մրցունակ և ապահովում է գերշահույթ»,- համոզված է «Քարակերտ» քարաձուլման գործարանի տնօրեն Սուրեն Գևորգյանը: 

 

 
Վերջինս «Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի «Գյուտարարների ակումբ»-ի հերթական նիստի ընթացքում ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի պեռլիտից ջերմամեկուսիչների արտադրության ոլորտում: 
 
Ըստ նրա՝ դեռևս խորհրդային միության տարիներին Հայաստանից Ռուսաստան օրական արտահանվել է 70 վագոն պեռլիտ, որը ռուսներն օգտագործել են շինարարության ոլորտում: 
«Սա մեր բրենդն է: Պեռլիտից կարելի է պատրաստել 100 տեսակ արտադրանք, որոնք մրցունակ են միջազգային շուկայում»,- նշեց Ս. Գևորգյանը: 
 
Վերջինս տեղեկացրեց, որ հայաստանյան պեռլիտի հիմնական պաշարները գտնվում են Արագածում, սակայն այնտեղի հանքավայրը 1998 թվականին 28 տարով 1մլն 600 հազար դոլարի դիմաց շահագործման իրավունքով տրվել է ամերիկյան “Dicalite” ընկերությանը, ինչը նրա գնահատմամբ՝ հանցագործություն է:  
 
Ս. Գևորգյանը հորդորում է պատկան մարմիններին դադարեցնել այդ ընկերության գործունեությունը, քանի որ Հայաստանն արդեն մուտք է գործել միջազգային շուկա և կարող է ինքնուրույն իրացնել պեռլիտի սեփական պաշարները: 
 
Անդրադառնալով «Քարակերտ» քարաձուլման գործարանին՝ բանախոսը նշեց, որ 1974 թվականին կառուցված գործարանը 3 ամիս փորձարկվելուց հետո Ադրբեջանից գազի մատակարարման դադարեցման հետևանքով մինչ օրս չի գործում: 
 
«1992 թվականին գործարանը հանձնվել է պետական հանձնաժողովին: Այստեղ պետք է բազալտ և պեռլիտ արտադրվեր, սակայն մինչ օրս կանգնած է»,- փաստեց Ս. Գևորգյանը՝ ընդգծելով, որ 95 տոկոսով պահպանված գործարանը հագեցած է եվրոպայում իր տեսակով բացառիկ թրծաթորման վառարաններով: 
 
Գործարանի տնօրենը «Գյուտարարների ակումբ»-ում հյուրընկալված «Ազգային ավտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի միջոցով պատկան մարմիններին առաջարկեց միասնական ուժերով ներդրողներ գտնել և վերագործարկել «Քարակերտ»-ը: 
 
Ս. Գևորգյանի վստահեցմամբ՝ գործարանի վերագործարկման համար 5 մլն դոլար է անհրաժեշտ, որից հետո հնարավոր կլինի ստեղծել մինչև 3 հազար աշխատատեղ և տարեկան ապահովել 100 մլն դոլարի չափով արտադրանք, որի 50 տոկոսը կլինի գործարանի շահույթը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ