Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)


Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)

  • 22-11-2017 21:33:50   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
ՀՀ առողջապահության նախարարությունը ս. թ. նոյեմբերի 20-ին իր կայքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանրային քննարկում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ» վերտառությամբ հայտարարություն էր հրապարակել:
Դրանով իր կոլեգիայի դահլիճում այսօրվա քննարկման մասին տեղեկացնելուց զատ, իր իսկ կողմից արհեստականորեն հորինված պայմաններին համապատասխանող ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին հրավիրել էր մասնակցել նշված քննարկմանը: Իսկ այդ պայմաններն արհեստականորեն հորինել էր զուտ նրա համար, որ հնարավորինս սահմանափակի 13-ամյա մեր շուրջ 16 000 աղջնակներին դեկտեմբերի 2-րդ կեսից վտանգավոր և կասկածելի արդյունավետությամբ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու առնչությամբ մտահոգ ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների մասնակցությունը հիշյալ քննարկմանը:
Ավելին. առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և նախարարությունը, իրենց համար խայտառակ կերպով, այսօր տողերիս հեղինակին և այլ լրագրողների չթույլատրեցին քննարկման մասնակիցներին հարցեր տալու և քննարկումը լուսաբանելու նպատակով, ներկա լինել հենց նախարարության կողմից հրապարակայնորեն հրավիրված «հանրային քննարկմանը»: Ընդ որում, չթույլատրեցին նույնիսկ այն բանից հետո, երբ մեր այդ խնդրանքն ու պահանջը նախապես` նոյեմբերի 21-ին և 22-ին, մինչ «հանրային» քննարկումը, ներկայացրել ենք և՛ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին, և՛ նախարարի մամուլի քարտուղարին:
Իսկ ի՞նչ է` ռազմական գաղտնի՞ք էր պարունակում հիշյալ հանդիպումը, «Գարդասիլ»-ով նշված պատվաստմամբ գուցե կենսաահաբեկչությո՞ւն է իրականացվում ՀՀ բնակչության նկատմամբ և, հետևաբար, նախարարը, փոխնախարարը կամ նրանց այս վտանգավոր պատվաստանյութը տված արևմտյան կառույցն այն վիճակո՞ւմ են, որի համար ժողովուրդը մի ասացվածք ունի` «Գող, սիրտը դող»… Չգիտենք, թող իրենք պարզաբանեն, բացատրություն տան, թե ինչո՞ւ, իրավական ի՞նչ հիմնավորմամբ չեն թույլատրել հանրային քննարկմանն այն լրագրողների ներկայությունը, որոնք նախապես նախարարությանը հայտնել էին հանրությանը լուսաբանելու նպատակով տվյալ հանրային քննարկմանը ներկա լինելու, քննարկման մասնակիցներին հարցեր տալու իրենց ցանկությունը: Բնականաբար, հարց է առաջանում` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսպե՞ս է կատարում բաց, հրապարակային աշխատելու վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորը…
Թերևս ավելորդ է ասել, որ ցանկացած հանրային քննարկմանը ներկա գտնվելը, հարցեր տալը և քննարկումը լուսաբանելը լրագրողի սրբազան իրավունքն է, որը, սակայն, այս դեպքում կոպտորեն խախտվել է: Ընդգծում ենք` ոչ թե քննարկմանը մասնակցելը, քանի որ նախապես հայտարարված էր մասնակիցների շրջանակը ու դրանում լրագրողներն ընդգրկված չէին, այլ ներկա գտնվելն ու լուսաբանելը: Լրագրողների վերոնշյալ իրավունքը խախտելն ու հիշյալ հնարավորությունից զրկելն արդեն ժողովրդավարության ու դրա բաղկացուցիչը հանդիսացող հրապարակայնության, թափանցիկ գործելաոճի գագաթն է, անշուշտ, հակառակ իմաստով: Իրականում ի՞նչ է սա, եթե ոչ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված այն պաշտոնատար անձանց համար, որոնք լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու նպատակով օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը:
Եթե Հայաստանի Հանրապետությունում լրագրողից խլված կամ խախտված է նաև լուսաբանելու նպատակով հանրային քննարկմանը ներկա գտնվելու, քննարկման մասնակիցներին հարցեր տալու նրա իրավունքը և տվյալ միջոցառումը լուսաբանելու հնարավորությունը, նշանակում է, լրագրողը Հայաստանում չունի իրավունքներ ընդհանրապես: Համարեք, որ այս դեպքում ես հարցն արդեն քաղաքականացնում եմ…
Լրագրողներին հանրային քննարկմանը ներկա գտնվելուն չթույլատրելու առնչությամբ «Իրավունք» թերթին ՀՀ առողջապահության նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի տված պատասխանից ակնհայտ է դառնում, որ այս պաշտոնյան «հանրային քննարկում» և «աշխատանքային քննարկում» ասվածներն իրարից չի տարբերում: Այս դեպքում, բնականաբար, հարց է առաջանում` ո՞վ, ինչպե՞ս և ինչու է նրան այդ պաշտոնին նշանակել: Կարծում ենք, ընթերցողներն իրենք հետևությունները կանեն…
Իսկ ինչի՞ մասին է հուշում նախարարի ու նախարարության հիշյալ գործելակերպը: Բացի նրանից, որ նախարարությունում խելացի մարդիկ չեն եղանակ որոշողները, նաև նրա՛, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ շուրջ 16 000 տասներեքամյա աղջնակների «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված ՀՀ առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են: Նույնիսկ՝ շա՜տ պղտոր… Առաջին լուսանկարն ընդամենը մեկն է «Գարդասիլ»-ի զոհերի:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք