Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն


Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն

  • 23-11-2017 20:38:57   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում ս. թ. նոյեմբերի 20-ին «Հանրային քննարկում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ» վերտառությամբ հրապարակած հայտարարությամբ նոյեմբերի 22-ին իր կոլեգիայի դահլիճում քննարկման էր հրավիրել որոշ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների: Ընդգծում ենք` որոշ, քանի որ նախարարությունն անհեթեթ պատճառաբանությամբ և արհեստական սահմանափակմամբ թույլ չէր տվել քննարկմանը մասնակցել այն կազմակերպությունների և նախաձեռնությունների անդամներին, որոնք վերջին 2 տարում որևէ առաջարկությամբ կամ հարցմամբ չեն դիմել առողջապահության նախարարություն:
Ավելին. նախարարությունը չի հրավիրել ու թույլ չի տվել քննարկմանը մասնակցել այն բոլոր մասնագետներին, որոնք քննադատական վերաբերմունք ունեն մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ, ինչպես նաև համապատասխան փաստեր` «Գարդասիլ» պատվաստանյութի վտանգավորության ու խիստ կասկածելի արդյունավետության վերաբերյալ: Խնդիրը քննարկել է ոչ թե ընդդիմախոս մասնագետների և համապատասխան փաստեր ունենալուց զատ,  դրանք հրապարակելու համարձակություն կամ պատրաստակամություն ունեցողների, այլ գրող-հրապարակախոսների, քաղաքական, աշխարհաքաղաքական վերլուծություններով, սննդամթերքի, միգուցե նաև արդյունաբերական ապրանքների շուկայում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և մի քանի ՀԿ-ների անդամների հետ: Ընդ որում, նախարարությունը հիշյալ պատվաստմանը դեմ, այդ կապակցությամբ մտահոգություններ ունեցող անձանց դրել է անհամարժեք վիճակում` նրանց կլոր սեղանի շուրջ նստեցնելով այդ վտանգավոր պատվաստանյութի ու պատվաստման գովքն անող իր մասնագետների հետ, տվյալ պատվաստմանը դեմ անձանց հարցերին ու մտահոգություններին հակադրելով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի, ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, ի վերջո, հենց առողջապահության նախարարի խոսքը: Այս առումով հստակ ուրվագծվում է նախարարության միտումը…
Սակայն, սա էլ դեռ բոլորը չէ. թեև նախարարությունն իր հայտարարությամբ ՀԿ-ների անդամներից բացի, նախապես հանրային քննարկման էր հրավիրել նաև քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, սակայն ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքում հրապարակված տեղեկատվությունից, «այս անգամ հարցը քննարկվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»: Բա ո՞ւր մնացին քաղաքացիական նախաձեռնությունների (օրինակ, «Հանուն առողջ սերնդի») ներկայացուցիչները… Ստացվում է, որ նախարարությանը հաջողվեց, թեկուզ մեկ այլ հնարքով, նաև նրանց մեկուսացնել:
Իսկ ինչու ենք գրում` նաև… խնդիրն այն է, որ առողջապահության նախարարությունը հիշյալ «հանրային քննարկում» կոչվածին ոչ միայն մասնակցելուց (ինչը հասկանալի է), այլև հարցեր տալու և լուսաբանելու նպատակով ներկա գտնվելուց մեկուսացրել էր նաև բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Եվ սա` չնայած նրան, որ ես և իմ գործընկերներից ոմանք նախապես դիմել էինք նախարարություն` քննարկմանը նշված նպատակով ներկա գտնվելու համար: Այնուհանդերձ, լրագրողներս ստացանք մերժում, օրինակ, ինձ համառորեն չթույլատրվեց մուտք գործել այն շենք, որտեղ նախարարությունն է, որպեսզի կարողանամ քննարկման մասնակիցներին հարցեր տալու և լուսաբանելու նպատակով, ներկա լինել քննարկմանը: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ, սկանդալային ու խայտառակ իրադարձություն է, երբ մի կողմից հրավիրվում է հանրային քննարկում, իսկ մյուս կողմից չի թույլատրվում հանրային քննարկմանը լրագրողների ներկայությունը:
Նախարարությունը թերևս հասկանալով, թե ինչ սխալ է թույլ տվել ու փորձելով խուսափել հիշյալ արգելքի համար պատասխանատվությունից, իր կայքում նոյեմբերի 23-ին հրապարակված տեղեկատվությամբ հիշյալ քննարկման բնույթը «սրբագրեց»` այն ներկայացնելով ոչ թե հանրային քննարկում, այլ «մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների թեմայով հերթական աշխատանքային հանդիպում», սակայն արդեն ուշ էր, քանի որ նույն կայքում դրանից 3 օր առաջ հրապարակայնորեն հրավիրել էր հանրային քննարկում:
Իր նույն հայտարարությամբ նախարարությունն իբր «կարևորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը», քննարկման էր հրավիրել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, «ովքեր մտահոգված են խնդրով և կարծում են, որ կան պարզաբանման ենթակա հարցեր»:
Ճիշտ էլ վարվել էր, որովհետև անտրամաբանական և անհեթեթ կլիներ հասարակության շրջանում առկա մտահոգությունները փարատելու, հասկանալու համար, թե «որքանով են հիմնավորված հնչեցվող մտահոգությունները», արդյո՞ք կա անհրաժեշտություն նախարարության մոտեցումներում փոփոխություններ կատարելու, դեպի առողջություն տանող ճսնապարհը գտնելու նպատակով, իր հասցեին առողջ քննադատություն լսելու համար հրավիրել հանրային քննարկման այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր այդպիսի մտահոգություններ չունեն, չեն արտահայտում, հակառակը` որոշներն էլ նույնիսկ հանդես են գալիս հիշյալ պատվաստման և «Գարդասիլ»-ի անվտանգության, արդյունավետության ու պաշտպանության դիրքերից: Սակայն, ինչպես պարզվում է, այլ բան է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը, և բոլորովին այլ բան` նրա իրական գործելակերպը: Փաստն այն է, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ քննարկմանը հրավիրված ու մասնակցած 14 հասարակական կազմակերպությունից ինը եղել են հենց այդպիսին:
Ավելին. նրանցից 6-ը («Երեխաների և դեռահասների սոցիալ-առողջապահական աջակցության կենտրոն», «Բուժքույրերի միավորում», «Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիա», «Հանրային առողջության հայկական ասոցիացիա», «Հայ ուռուցքաբանների ասոցիացիա», «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա») եղել են բժշկական, մասնագիտական ասոցիացիաներ, հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության բնույթով առնչվում են բուժհաստատությունների, ՀՀ առողջապահության նախարարության ու նրա տարբեր կառույցների հետ, այդ առումով այս կամ այն չափով կախված են նրանցից, և այդ առումով պարզ է, որ հանդես չէին գալու այն ծրագրի դեմ, որը պատրաստվում է մոտ 2 շաբաթից իրականացնել առողջապահության նախարարությունը: Համենայն դեպս, նրանք միանշանակ այն կազմակերպությունները չեն, որոնք դեմ են ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստմանը ու քննարկմանը խոսելու էին դրա վտանգավորության և խիստ կասկածելի արդյունավետության մասին: Եվ, ըստ էության, չեն էլ խոսել, քննարկմանը ներկա են եղել իբրև ձևի պարագա… Հակառակը` նրանցից առնվազն մեկը «Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Եվա Չիչոյանը, խոսել է հիշյալ պատվաստման անհրաժեշտության մասին: Նա՞ էր խնդրով մտահոգվածն ու նախարարությանը քննադատողը… Այս իրողությունն ավելին է, քան զավեշտը, իսկ նախարարության կազմակերպած հիշյալ քննարկման խայտառակությունն իր գագաթնակետին է հասնում, երբ տեղեկանում ենք, որ իբրև «Գարդասիլ»-ով պատվաստումների խնդրով մտահոգ կազմակերպություն հրավիրված, իրականում, սակայն իրականում այդպիսի մտահոգություն չունեցող և չարտահայտած կազմակերպություններից մեկը «ԼԳԲՏ համայնք» կոչվածի իրավունքների, այդ թվում` միասեռականության քարոզչության «իրավունքի» պաշտպանությամբ, ինչպես նաև միասեռականության քարոզչությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչն է եղել:
Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարարությանն անհրաժեշտ է եղել «հանրային քննարկում» անվան տակ յուրօրինակ շոու սարքել ու սարքել է, որպեսզի զեկուցի ՀՀ վարչապետին, թերևս նաև «Գարդասիլ»-ով պատվաստման ծրագրի ետևում կանգնած, պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև Հայաստանում հիշյալ վտանգավոր ծրագիրն իրականացնելու նպատակով հսկայական ֆինանսական միջոցներ տրամադրած ու խոստացած Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքին (ԳԱՎԻ), թե իրենք առաջնորդվել են խաղի կանոններով: Այսինքն` խնդրի շուրջ հանրային քննարկումներ են կազմակերպել, լուրջ առարկություններ չեն եղել, լուրջ փաստեր չեն ներկայացվել, հետևաբար հիշյալ պատվաստման ծրագիրը վերանայելու անհրաժեշտություն չկա և այն շուտով, այսպիսի բնույթ ունեցող 1-2 քննարկումից հետո, կարելի է արդեն սկսել: 
Ինչպես տեղեկանում ենք հիշյալ քննարկմանը մասնակցած գրող, հրապարակախոս, «Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանի ֆեյսբուքյան էջից, այն ծնողները, որոնք կհամաձայնվեն իրենց երեխաներին պատվաստելուն, դիմումներ չեն գրի, իսկ ովքեր չեն համաձայնվի, պոլիկլինիկաներում նրանց կտրվեն հատուկ դիմումի ձևեր, այսինքն` իրենց հրաժարումն արձանագրելու, հասկանալի է, ստորագրելու համար: Ռ. Ասատրյանն այս մասին տեղեկացել է հիշյալ քննարկման ընթացքում:
Ընդգծենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իրավունք չունի «Գարդասիլ»-ով իրենց երեխաներին պատվաստելուց հրաժարվող ծնողներից հրաժարման վերաբերյալ գրություն պահանջելու: Նշված պահանջը մարդու իրավունքների խախտում ու անօրինականություն կլինի: Առողջապահության նախարարությունը, կարծում ենք, իր այդ հնարքով նպատակ ունի պատվաստումից հրաժարվող ծնողների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել: Կոչ ենք անում հիշյալ վտանգավոր ու խիստ կասկածելի արդյունավետության պատվաստանյութով իրենց երեխաներին պատվաստելուց հրաժարվող բոլոր ծնողներին միանշանակ ու համարձակորեն հրաժարվել որևէ դիմում, հայտարարություն կամ այլ փաստաթուղթ գրել-ստորագրելուց, առողջապահության նախարարությունը, պոլիկլինիկաների բժիշկները և տնօրենները ոչինչ, բացարձակապես ոչինչ չեն կարող անել նրանց:
Միաժամանակ, ծնողներին կոչ ենք անում բուժաշխատողների կողմից իրենց վերոնշյալ պահանջը ներկայացնելու դեպքում հայտնել խմբագրություն, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը պարտավոր է համապատասխան ընթացք տալ հիշյալ անօրինական պահանջի դեպքում ստացվելիք դիմում-բողոքներին, ահազանգերին: Ծնողներին հատուկ դիմումի ձևեր բաժանելու և դրանք պատվաստումից հրաժարվելու վերաբերյալ լրացնելու անօրինական պահանջի առնչությամբ կարող եք տեղեկանալ Iravunk.com-ի հետևյալ հրապարակումից: Նկատի ունենալով տվյալ տեղեկատվությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարտավոր է այժմյանից ձեռնարկել համապատասխան միջոցներ` մարդու իրավունքների խախտումը կանխելու նպատակով: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք