««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)


««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)

  • 26-11-2017 23:57:49   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
 
ՀՀ առողջապահության նախարարությունը Ծաղկաձորում այսօր կազմակերպել էր յուրօրինակ շոու` նախարարության համակարգի աշխատակիցների և բուժաշխատողների դուստրերից 5-ին լրագրողների ներկայությամբ ցուցադրաբար ներարկելով «Գարդասիլ» պատվաստանյութը, որը, ըստ մի շարք մասնագետների, գիտնականների, գիտական, առողջապահական, բժշկական հաստատությունների, պարբերականների, պետական պաշտոնյաների, վտանգավոր է, առնվազն` երաշխավորված չէ տվյալ պատվաստանյութի անվտանգությունը, իսկ արդյունավետությունը խիստ կասկածելի է:
Տվյալ միջոցառումը շոու էր նաև այն առումով, որ «Գարդասիլ»-ով 5 աղջիկների պատվաստելուց հետո կատարվեց ևս մի քանի հոգու պատվաստում, սակայն ոչ թե «Գարդասիլ»-ով, այլ գրիպի կանխման համար նախատեսված գրիպի պատվաստանյութով: Իսկ ինչո՞ւ հենց Ծաղկաձորի «MULTI REST HOUSE» հյուրանոցում, և ոչ թե ցանկացողների համար` համապատասխան բուժհաստատությունում: Նախարարության տվյալ խորամանկ հնարքի իմաստը հանրության վրա այն տպավորությունը թողնելն էր, թե «Գարդասիլ»-ով ոչ թե քիչ, այլ շատ աղջիկներ ու կանայք պատվաստվեցին: «Գարդասիլ»-ի ու դրանով պատվաստման գովազդով, փիարով զբաղվող լրագրողներից ոմանք, որոնք հանրությանը փորձում են ներշնչել դրա անվտանգ լինելու գաղափարը, և որոնք նախարարության հրավիրած լրագրողների մեծամասնությունն էին, անմիջապես հասկանալով իրենց առաքելությունը, նկարահանեցին այդ կադրերը և սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում կատարած հրապարակումներով հանրությանն այնպես ներկայացրեցին, թե «Պատվաստվեցին բազմաթիվ բուժաշխատողների աղջիկներ, նաև բուժաշխատողներ», բնավ չնշելով, որ պատվաստվածներից մյուսները գրիպի դեմ պատվաստանյութով են պատվաստվել: Ավելին. նրանք հրապարակեցին նաև գրիպի կանխման նպատակով կատարված պատվաստումները պատկերող տեսանյութեր, դարձյալ չնշելով այդ մասին: Կեցցեք… Եվ այս լրագրողնե՞րն են խոսում օբյեկտիվ, հավասարակշռված, անաչառ լրատվություն մատուցելու, պրոֆեսիոնալ լրագրության դիրքերից հանդես գալու անհրաժեշտությունից:  
Առողջապահության նախարարությունն իր վերոնշյալ քայլով` «Ցուցադրական պատվաստում» շոուով, արդյոք հերքե՞ց այն հրապարակումները, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկումը պատվաստվածների մի մասի մոտ առաջացնում է անպտղություն, վերարտադրողական գործառույթի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, հոդացավեր, մարդու առողջության վնասի բազմաթիվ այլ դեպքեր…
Քանի որ չունենք ապացույցներ առ այն, որ առողջապահության նախարարության համակարգի աշխատակիցներից և բուժաշխատողներից չորսին վերևից համոզել էին, որ համաձայնեն իրենց երեխաներին «Գարդասիլ»-ով պատվաստելուն ու նրանց այդ նպատակով բերեն Ծաղկաձոր, համարենք, որ նրանք իրենց կամքով են գնացել այդ քայլին: Այնուամենայնիվ, նախարարությունը հիշյալ շոուով կարողացա՞վ արդյոք ցրել «Գարդասիլ»-ի հիշյալ և այլ հետևանքների կապակցությամբ հանրության շրջանում առկա մտահոգությունները: Կարծում ենք, ոչ… Իսկ ինչո՞ւ…
Նախ, «Գարդասիլ»-ով պատվաստված աղջիկների ծնողները, ամենայն հավանականությամբ, ծանոթ չեն հիշյալ պատվաստանյութի վտանգավորության առնչությամբ առկա առավել լուրջ տեղեկություններին, աղբյուրներին, այլապես դժվար թե համաձայնեին իրենց դուստրերին «Գարդասիլ»-ով պատվաստելուն: Նրանց մենք, ցավոք, չհասցրեցինք իրազեկել այդ ամենի մասին, քանի որ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության, պատվաստումները պետք է սկսվեին դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից, մինչդեռ այդ աղջիկներին Ծաղկաձորում անակնկալ պատվաստեցին այսօր` նոյեմբերի 26-ին, այսինքն` նախապես հայտարարված ժամանակից 2 շաբաթ շուտ:
Երկրորդ. «Գարդասիլ»-ով պատվաստված 4 բուժաշխատողների 5 աղջիկներից առնվազն 3-ի ծնողները, ինչպես հետագայում պարզեցինք նրանց հետ մեր հեռախոսազրույցով, ծանոթ չեն հիշյալ պատվաստանյութի վտանգավորության կամ «Գարդասիլ»-ի չերաշխավորված անվտանգության, չերաշխավորված արդյունավետության վերաբերյալ մեր արդեն իսկ հրապարակված ու փաստարկված հոդվածներին, քանի որ այդ դեպքում ևս դժվար թե համաձայնեին իրենց դուստրերին «Գարդասիլ»-ով պատվաստելուն: Խոսքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի պատվաստումների բաժնի ղեկավար Ալմաստ Հարոյանի, ինչպես նաև հիշյալ 5-ից պատվաստված երկու աղջիկների մայր, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի մասին է: Վերոնշյալ հրապարակումներին իր աղջկա պատվաստումից առաջ, ամենայն հավանականությամբ, ծանոթ չէր նաև «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Բիայնա Սուխուդյանը:
Երրորդ. մենք մեր հրապարակումներից որևէ մեկում չենք նշել, թե «Գարդասիլ»-ով պատվաստումը պատվաստվածներից բոլորի մոտ առաջացնելու է առողջական վերոնշյալ խնդիրները կամ այլ խնդիրներ, հակառակը` այդպիսի խնդիրներ առաջանում են պատվաստվածների փոքրամասնության մոտ, հետևաբար պատվաստվածների ծնողները կարող էին հույս ունենալ, որ իրենց դուստրերը կլինեն մեծամասնության շարքում:
Չորրորդ և, թերևս, ամենակարևորը. Վերջերս ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկը չգիտենք՝ իր անտեղյակության հետևանքով, թե հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտումով, փորձել է հավաստել, թե «Գարդասիլ»-ը ու դրանով պատվաստումներն անվտանգ են: Նա հրապարակավ հայտարարել է, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն գարդասիլով»:
Ասենք թե այսօր մի քանի աղջկա ցուցադրաբար ներարկեցին պատվաստանյութը, սակայն դա բնավ չի նշանակում, թե առողջապահության նախարարության, նախարարության համակարգի և պետական պոլիկլինիկաների բոլոր բուժաշխատողները, ովքեր ունեն 13-ամյա աղջիկներ, «Գարդասիլ»-ով պատվաստման հետ կապված խնդիր, անհանգստության հիմք չեն տեսնում ու կհամաձայնեն, որ իրենց դուստրերին էլ պատվաստեն: Հակառակը` միանգամայն ենթադրելի է, որ նրանց մեծ մասը կամ թեկուզ մի մասը, ի տարբերություն այսօր պատվաստված աղջիկների ծնողների, առավել իրազեկված լինելով, կտրականապես դեմ կլինի տվյալ պատվաստմանը: Հետևաբար հայտարարությունը, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն գարդասիլով», որպեսզի սոսկ հայտարարություն չլինի և հավատ ներշնչի, չի կարող հիմնավորվել կամ ապացուցվել նրանցից ընդամենը 4-ի դուստրերին պատվաստելով: Դրա համար, որպեսզի հիշյալ հայտարարությունը հավատ ներշնչի, ՀՀ առողջապահության նախարարությանն ավելի վաղ առաջարկել էինք հետևյալը` թող բարի լինեն հրապարակել նախարարության այն բոլոր աշխատակիցների անուն ազգանունները, հասցեները, որոնք 13-ամյա աղջիկներ ունեն, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու, թե արդյոք բոլորի՞ն են պատվաստում, թե ձևի, հանրության վրա տպավորություն թողնելու համար` ընդամենը մի քանիսին: Թող «Գարդասիլ»-ով նրանց բոլորի և՛ առաջին, և՛ 2-րդ ներարկումը կատարեն ոչ թե ծախու, այլ անաչառ լրագրողներից բաղկացած հանձնախմբի ներկայությամբ, որպեսզի հավատ ներշնչեն հանրությանը, որ նրանք իրոք պատվաստվում են «Գարդասիլ»-ով, դրա փոխարեն, ասենք, անշառ-անփորձանք ֆիզիոլոգիական լուծույթ կամ վիտամին չի ներարկվում, և որ նրանք պատվաստվում են «Գարդասիլ»-ի ոչ միայն առաջին, այլև 2-րդ դեղաչափով («դոզայով»), առանց որի, վտանգը կարող է նվազեցվել: Եվ վերջում հարցրել էինք` ՀՀ առողջապահության նախարարությունը կհամաձայնի՞ այս պայմաններով իրականացնել պատվաստումը:
Նախարարությունից վերոնշյալ առաջարկի կապակցությամբ պաշտոնական արձագանք դեռ չունենք, հետևաբար նախարարությանն առաջիկայում այս առաջարկը կուղղենք նաև պաշտոնական հարցմամբ: Միաժամանակ նշենք, որ տվյալ առաջարկն այսօր Ծաղկաձորում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ինչպես ասում են, սվիններով ընդունեց, իսկ դա արդեն, մեղմ ասած, ինչ-որ բան հուշում է…
Ի դեպ, այսօր պատվաստված աղջիկներից միայն մեկն է 13 տարեկան, մեկն էլ 29 տարեկան է, մինչդեռ ռիսկը, դատելով ամենից, ավելի մեծ է 13-ամյա աղջիկների պատվաստման պարագայում, քանի որ դեռահասների օրգանիզմը դեռ ձևավորման փուլում է գտնվում, բացի այդ, այնքան էլ ուժեղ ու դիմացկուն չէ բացասական գործոնների հանդեպ, ինչպես չափահասի օրգանիզմը:
Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար Ծաղկաձորում նոյեմբերի 25-ին կազմակերպել էր իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկման դասընթաց, որին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն