Արցախում մեկ ընտանիք ևս Նոր տարին կնշի նոր տանը


Արցախում մեկ ընտանիք ևս Նոր տարին կնշի նոր տանը

  • 08-12-2017 11:17:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Բարեգործություն

Երազանքների լուսավոր տան մասին պատմություններով են Հրայրն ու Սուսաննան մեծացրել  5 երեխաներին:  4 սենյականոց տան դիմաց ձգվող կարմիր ժապավենը կտրում են ու էլի չեն հավատում` երազանքն իրականություն է: Արցախի Ճարտար քաղաքում ապրող Պողոսյանների բազմազավակ ընտանիքը բնակարանամուտը նշում է  Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանի շնորհիվ: Հենց նրա նվիրատվությամբ է կառուցվել ու կահավորվել Հրայրի և Սուսաննայի տունը,  որի շինարարությունը սկսվել էր  2016 թ. հոկտեմբերին:
 
Հրայրն ու Սուսաննան ունեն 4 դուստր և մեկ որդի: Ավագը` Ամալյան սովորում է Արցախի  պետական համալսարանում: Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ  կուրսում է: Հոր հպարտությունն է: «Ամալիկս մեծ գիտնական է դառնալու, մեր Ճարտարի անունը աշխարհն իմանալու է նրա շնորհիվ», - ասում է Հրայրը: Հրանուշը, Անուշը և Վարդանուշը դպրոցական են, նույնպես գերազանցիկ են, համապետական օլիմպիադաների հաղթող: Տան կրտսերը Արամն է: 5-րդ դասարանում է սովորում: «Հորս անունն եմ դրել, որ պապի պես քաջ զինվոր դառնա: Հայրս Արցախյան պատերազմում է զոհվել: Մայրս մահացել էր փոքր եղբորս ծննդաբերելու ժամանակ: Նրան էլ երեխաներիս հետ եմ մեծացրել: Միասին ենք ապրում: Մյուս տարի կամուսնանա ու իր տունը կկառուցի», - պատմում է Հրայրը:
Անասնապահ է: Պողոսյանների բազմանդամ ընտանիքի ամսական եկամուտը Հրայրի վաստակած  35 հազարդրամն է: Նախկինում 8 հոգով ապրում էին կիսախարխուլ մեկ սենյակ ու մի պատշգամբ ունեցող տանը: Պողոսյանների ընտանիքը ընթացիկ տարում 12-րդն էր, որ նոր նպատակներով ու երազանքներով տարեմուտը կնշի նորակառույց տանը: Ընդհանուր առմամբ՝ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում տուն է նվիրել 25 ընտանիքի: Եվս 10 ընտանիք էլ սպասում է նոր տանը:
 
 
 
§Հայաստան¦համահայկականհիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն