Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)


Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)

  • 13-12-2017 23:56:01   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Ովքե՞ր… Միանգամից պատասխանենք` Հայաստանի առողջապահության նախարարությունը և նախարարը: Հայաստանում մենք այսօր, ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, երբ պետական տարբեր մարմիններից շատ բան կարելի է սպասել, նրանց այս կամ այն արարքը կամ գործողությունը վաղուց չի զարմացնում մեզ ու հասարակությանը:
Վերոնշյալ իրականության համատեքստում մեզ չի զարմացնում նաև, որ պետական մարմինը (տվյալ պարագայում` ՀՀ առողջապահության նախարարությունը) այնքան է իջնլ, որ իր կողմից իրականացվող խայտառակ ծրագիրը քննադատող, դրա վտանգավորությունը փաստերով հետևողականորեն բացահայտող լրագրողին վարկաբեկելու նպատակով, տողերիս հեղինակի հասցեին իր կայքում սուտ, հերյուրանք է հրապարակել, եթե, իհարկե, չասենք զրպարտություն` բացարձակապես անհիմն կերպով մեղադրելով կեղծիքին ապավինելու մեջ, ու իր հրապարակման վերնագրով դեռ խորհուրդ էլ տալով` «Պետք չէ ապավինել կեղծիքին…»: Հիմա մենք փաստերով կներկայացնենք, թե իրականում ով է ապավինել կեղծիքին:
Ս. թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հանդես գալով մամուլի ասուլիսով, հաշվի առնելով խնդրի հասարակական կարևորությունը, օրինազանցությունը կամ սահմանված կարգի հնարավոր խախտումը հրատապ կերպով կանխելու հրամայականը, օպերատիվ կերպով հանրությանն եմ փոխանցել նախօրեին գիշերն ինձ փոխանցված տեղեկությունը, ըստ որի, բուժաշխատողները որոշ գյուղերում, մասնավորապես` Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում փորձել են դեկտեմբերի 11-ից էլ դեռ առաջ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստել 13-ամյա աշակերտուհիներին, սակայն նրանց ծնողները հավաքվելով, դա թույլ չեն տվել, խայտառակ կերպով դուրս են վռնդել այդ «բժշկուհի» կոչվածներին: Հայտնելով ինձ փոխանցված այս ահազանգի մասին, հանրությանը միաժամանակ տեղեկացրել եմ, որ այն դեռ ճշտված տեղեկություն չէ, իսկ ճշտված չէ, որովհետև դեռ չեմ հասցրել ճշտել, դրա հնարավորությունը դեռ չեմ ունեցել, տվյալ տեղեկությունն ինձ փոխանցվել է գիշերը: Կարծում եմ, հասկանալի է, որ այդ ժամին ես չէի կարող խոսել Այգաբաց գյուղի դպրոցի տնօրենի հետ` առավել ևս, որ չունեի նրա հեռախոսահամարը: Այժմ հավելյալ տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան, մինչև ժամը 11-ին սկսված մամուլի ասուլիսը նույնպես դրա հնարավորությունը չեմ ունեցել, քանի որ շատ ավելի վաղ մեկ այլ գործով հանդիպման համար տանից դուրս եմ եկել (կան դրա և՛ վկաները, և՛ կապի համապատասխան օպերատորի կողմից արձանագրված հեռախոսազանգ), և Այգաբացի դպրոցի տնօրենի հեռախոսահամարը դեռ ձեռք չէի բերել: Ասուլիսում բառացի ասել եմ հետևյալը.
«Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք, ես ուղղակի հիմա որպես ահազանգ եմ սա հնչեցնում այստեղ, և եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (և ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննությունը սկսել և ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ եթե համապատասխանեց, վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ, ի գիտություն իրենց»:
Կատարված մեջբերումից ակնհայտ է, որ ինձ փոխանցված ահազանգը հանրությանը չեմ ներկայացրել իբրև իրականություն կամ ճշմարտություն, արտահայտվել եմ վերապահումով` «եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը», նաև խոստացել լրագրողական հետաքննությունը սկսել և ավարտին հասցնել, պարզել, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, իհարկե, տեղեկացնել, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Սակայն, անտեսելով այս ամենը, ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017թ. դեկտեմբերի 11-ին «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության հենց վերնագրով տողերիս հեղինակին մեղադրել է կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իմ հասցեին բացահայտ հերյուրանք լինելուց բացի, թերևս նաև զրպարտություն է (դրա պատասխանը շատ շուտով փաստաբանները կտան), որի դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը կամ համապատասխան պաշտոնյան դատարանում պատասխան կտա զրպարտության համար:
Ինչ վերաբերվում է լրագրողական հետաքննությանը, ապա տեղեկացնենք, որ այն ընթացքի մեջ է, մասամբ արդեն կատարվել է և, նախարարության հիշյալ տեղեկատվության պատճառով հնարավոր է, որ վաղը, մինչ հետաքննության ավարտը ընթացիկ որոշ արդյունքներ հրապարակենք:
Որ ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծիքին ապավինելու մեջ մեղադրել է հենց տողերիս հեղինակին, ակնհայտ է դառնում նախարարության պաշտոնական լրատվության հետագա շարադրանքի համատեքստում: Ահավասիկ. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում։ Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին։ Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի` նշելով, թե չի հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը»։
Նախ, ի գիտություն նախարարության սույն պաշտոնական լրատվությունը պատրաստած մտքի հանճարի, ես այդ ամենի մասին «իբր»-ով չեմ հայտնել… Երկրորդ. վերը կատարված մեջբերման առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին այսօր ուղղված պաշտոնական հարցմամբ, ի թիվս այլ հարցերի, հարցրել եմ. «Ի՞նչ հիմք ունեք նախարարության կայքում հրապարակված պաշտոնական լրատվությամբ հանրությանը ներկայացնելու, որ իմ բացատրությունը` առ այն, որ չեմ հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը, լրագրողական հնարք է, այսինքն, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը»:
Նույն հարցման մյուս հարցն էլ հետևյալն է. «ՀՀ առողջապահության նախարարությունն ի՞նչ հիմք ունի տողերիս հեղինակին տեղեկատվության իր աղբյուրից փոխանցված և իմ կողմից հայտնված տեղեկությունը, որն օպերատիվ ահազանգի բնույթ ու սահմանված կարգի հնարավոր, չբացառված խախտումը կամ ապօրինությունը կանխելու նպատակն ուներ, ծայրահեղ դեպքում, կարող էր ընդամենը չհամապատասխանել իրականությանը, նախարարության կայքում հրապարակած նույն լրատվության վերնագրով («Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել») ներկայացնելու իբրև կեղծիք, այսինքն` դրան միտում վերագրելու»:
Քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը, վստահ եմ, որևէ հիմք չունի, որ իմ բացատրությունը` առ այն, որ չեմ հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը, ինձ ապահովագրելու համար կատարված լրագրողական հնարք է, ապա հիմա ՀՀ առողջապահության նախարարությունից հրապարակայնորեն պահանջում եմ, վաղն էլ պաշտոնապես եմ պահանջելու իր կայքում, ինչպես նաև սույն լրատվությունը հրապարակած բոլոր ԶԼՄ-ներով հերքել հերքել իմ հասցեին հրապարակված տվյալ ստահոդ լրատվությունը, բացահայտ հերյուրանքը և ներողություն խնդրել, հակառակ պարագայում եթե պահանջվածը կամովին չանի, հարկադրված անելու է դատական կարգով, վճարելով նաև փաստաբանական ծախսերը: Ավելին. եթե ես փաստաբանների կամ իրավաբանների եզրակացությունը ստացա, որ նախարարության տվյալ հայտարարությունն իմ հասցեին նաև զրպարտություն է պարունակում, ապա նախարարությունը սոսկ ներողություն խնդրելով չի պրծնի:
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ուղղված պաշտոնական հարցմամբ մեջբերելով նախարարության հիշյալ տեղեկատվության մեջ նշվածը, որ «Զուգահեռաբար հասարակական կազմակերպությունների մի քանի ոչ մասնագետ ներկայացուցիչներ առանց գիտական հիմնավորումների` վկայակոչելով առանձին մասնագետների մասնավոր կարծիքները, հանրությանը փորձել են մոլորեցնել», հարցրել եմ. «Խնդրում եմ պատասխանել, թե ո՞ր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են հանրությանը փորձել մոլորեցնել»: Հասկանալի է, որ նախարարը կամ նախարարության համապատասխան պաշտոնյան որոշակի պատասխան պետք է տան այս հարցին:
Հարցման հարցերից մեկն էլ հետևյալն է. «Նույն հրապարակման մեջ նշված է, որ «Մի քանի օր առաջ շրջանառվեց լուր, թե իբր 13 տարեկան աղջիկներին պատվաստելու են դպրոցներում»։ Որոշակի ո՞ւմ կամ ո՞ր ԶԼՄ-ի կողմից է շրջանառվել վերոնշյալ լուրը, խնդրում եմ ներկայացնել տվյալ տեղեկատվության աղբյուրի համապատասխան հղումը»:
ՀՀ առողջապահության նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետ ունի տողերիս հեղինակի վերոնշյալ հարցմանը պատասխանելու համար:
«Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը գրեթե ամեն կերպ շարունակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի, նրա որոշ ենթակաների, ինչպես նաև նախարարության ստերիը, կեղծիքները, հանրությանը կեղծիքի ամենավտանգավոր ու նուրբ տեսակը համարվող կիսաճշմարտությունները ներկայացնելու փաստերը կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներով:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք