Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…


Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…

  • 15-12-2017 11:11:23   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Մեր «Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)» հրապարակմամբ (http://nt.am/am/news/248180/) մասնակիորեն արդեն անդրադարձել ենք ՀՀ առողջապահության նախարարության կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ 2017թ. դեկտեմբերի 11-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը: Դրանում հիշյալ վերնագրից բացի, բառացի նշված է հետևյալը.
«Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում։ Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին։ Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի` նշելով, թե չի հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը։  
Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ և պարզել, որ այնտեղ որևէ մեկը չի պատրաստվել պատվաստում կատարել։ Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը և բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ և ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը։ Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, և որևէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել։  
Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին և ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…»:
Նախ, ես կամ որևէ մեկը երբևէ չի ասել, թե տվյալ հանդիպմանը երեխաներ են մասնակցել, հետևաբար նախարարության հրապարակած տեղեկատվությունը, թե «Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել», կամ չեղած տեղեկատվության ծիծաղելի հերքում է, կամ պարզապես ավելորդաբանություն:
Երկրորդ. ինչպես արդեն նշել եմ, դեկտեմբերի 11-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, պատվաստման փորձի ու դրան ծնողների արձագանքի վերաբերյալ վերը մեջբերված տեղեկությունը ներկայացրել եմ ոչ թե որպես իրականություն, այլ մեզ փոխանցված ու դեռ ճշտման կարիք ունեցող լուր, որի իսկությունը մինչ ասուլիսը պարզելու հնարավորություն չեմ ունեցել:
Երրորդ. եթե մեզ փոխանցված տվյալ տեղեկությունը նույնիսկ չի համապատասխանում իրականությանը, ապա այն ընդամենը իրականությանը չհամապատասխանող լուր է, և նախարարությունը որևէ հիմք չունի առ այն, որ դա կեղծիք է, այսինքն, ըստ էության, այնպես ներկայացնելու, թե տվյալ լուրը մեզ փոխանցած անձը նախապես տեղյակ լինելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, տվյալ տեղեկությունը մեզ փոխանցել է իբրև իրականություն: Թերևս ավելորդ է բացատրել, որ կեղծիքի պարագայում պետք է առկա լինի դիտավորություն, մինչդեռ նախարարությունը չունի որևէ հիմք` համարելու կամ ներկայացնելու, որ եղել է դիտավորություն թեկուզ այն անձի կողմից, որը փոխանցել է մեզ տվյալ տեղեկատվությունը:
Պաշտոնական տեղեկատվության վերնագրից, ինչպես նաև մեջբերված հատվածի համատեքստից (վերնագրի հետ միասին) պարզ ու միանշանակ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը հենց ինձ է ներկայացրել իբրև կեղծիքին և ստահոդ լուրերին ապավինող, կեղծիքին և ստահոդ լուրերին ապավինելը հենց ինձ է վերագրել` տվյալ վերագրման կամ մեղադրանքի համար բացարձակապես չունենալով որևէ հիմք, ու դեռ ցինիկաբար էլ խորհուրդ է տվել` «Ժամանակն է սթափվելու…»: ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալ հերյուրանքով վնաս է պատճառել իմ պատվին, արժանապատվությանը, գործարար ու բարի համբավին, ինչի համար բարոյական թե իրավական առումով պատասխան է տալու:
Հրապարակելով իր այս տեղեկատվությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը հավանաբար անտեսել է, որ Շիրակի մարզի Այգաբաց գյուղի տնօրենի հետ միայն ինքը չէ, որ կարող էր խոսել ու խոսել է: Նախարարությունից թերևս ավելի վաղ մենք էլ ենք խոսել Այգաբաց գյուղի դպրոցի տնօրենի` Հռիփսիմե Հովոյանի հետ: Նրանից տեղեկացել ենք նաև այն մասին, ինչի վերաբերյալ նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվության մեջ ոչինչ չի հայտնել` հավանաբար այն պատճառով, որ դա ուղղակիորեն կհակասեր «Գարդասիլ»-ով պատվաստումներն առաջ տանելու նպատակով իր կողմից իրականացվող քարոզարշավին, ավելին` կվնասեր առանց այն էլ չափազանց ցածր ցուցանիշներ ունեցող հիշյալ պատվաստումների գործընթացին: Տիկին Հովոյանից մենք մասնավորապես տեղեկացանք, որ բուժաշխատողները դպրոցի 13-ամյա աշակերտուհիների ծնողների հետ համաձայնության չեն եկել, այսինքն` ծնողները մերժել են նրանց, դեմ են եղել իրենց երեխաներին «Գարդասիլ»-ով պատվաստելուն ու տվյալ պատվաստման կապակցությամբ դպրոց այցելած բուժաշխատողներին չեն տվել իրենց համաձայնությունը:
Մինչդեռ, իր պաշտոնական տեղեկատվությամբ հանրությանը տեղեկացնելով, որ «Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը և բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ և ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը», առողջապահության նախարարությունը ծնողների վերոնշյալ մերժման, անհամաձայնության մասին ոչինչ չի հայտնել: Ի՞նչ է` տեղյակ չէ՞ր դրան, զանգահարելով դպրոցի տնօրենին ու կատարվածի մասին հարցեր տալով, ծնողների հետ բուժաշխատողների հանդիպման արդյունքը նախարարությանը չի՞ հետաքրքրել…
Չհամաձայնելով հիշյալ պատվաստմանը, ծնողները բուժաշխատողներին արդյոք վռնդե՞լ են դպրոցից, ինչի վերաբերյալ դեկտեմբերի 10-ի գիշերը լուր էինք ստացել տեղեկատվության մի աղբյուրից: Այս կապակցությամբ նախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է «որևէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել»: Նախարարությունն այս կապակցությամբ որպես իր տեղեկատվության աղբյուր` նշել է դպրոցի տնօրենին, սակայն այդ նույն տնօրենը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը բուժաշխատողների ու ծնողների հանդիպմանը ներկա չի եղել, հանդիպման պահին նույնիսկ դպրոցում չի եղել, հետևաբար նա ինչպե՞ս կարող էր իմանալ` ծնողները բուժաշխատողներին վռնդե՞լ են, թե ոչ: Ահա հենց այս հարցը, ինչպես նաև մեզ փոխանցված տեղեկությունը (բուժաշխատողները դպրոց են գնացել վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստում կատարելու նպատակով) ճշտելու նպատակով է, որ տիկին Հովոյանին խնդրեցի հեռախոսահամարը, որից զանգը կատարել էի, փոխանցել դպրոցի 13-ամյա աշակերտուհիների ծնողներին, նրանց իմ անունից խնդրել, որ զանգահարեն ինձ, կամ տրամադրել հիշյալ ծնողների հեռախոսահամարները, որպեսզի ես զանգահարեմ նրանց: Սակայն, որքան էլ զարմանալի է, տնօրենը հստակ կերպով չխոստացավ դա անել, ինչը, բնականաբար, կասկածների տեղիք է տալիս: Հավելեմ, որ առ այսօր տնօրենից կամ ծնողներից որևէ զանգ չեմ ստացել, հետևությունները կարող եք ինքներդ անել:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ, հետևաբար պարտադիր չէ նաև պատվաստումից հրաժարվելը գրավոր արտահայտելը: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Ոչ ոք, առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստել նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից: Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին:                                   
 Արթուր Հովհաննիսյան 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play