«Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2017». նորամուծություններ մրցույթում


«Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2017». նորամուծություններ մրցույթում

  • 27-12-2017 13:47:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Լավագույն դասախոս», «Գիտական ձեռքբերում», «Ուսումնական ստորաբաժանման լավագույն արդյունք ցուցաբերած ղեկավար», «Լավագույն վարչական աշխատակից», «Լավագույն գործընկեր կազմակերպություն», «Հասարակական լավագույն ակտիվություն», «Լավագույն մարզիկ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Քոլեջի լավագույն ուսանող» և Ավագ դպրոցի «Լավագույն աշակերտ». այս անվանակարգերում պարգևներ հանձնվեցին դեկտեմբերի 26-ին կազմակերպված «Ամանորը Պոլիտեխնիկում» խորագրով  միջոցառման ժամանակ: 
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ։ 
Միջոցառման շրջանակներում անցկացված «Պոլիտեխնիկական  մրցանակաբաշխություն-2017»-ի ընթացքում այս տարի առաջին անգամ մրցանակներ տրվեցին համալսարանի աշխատակիցներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին: Նորույթ էր այն, որ ներառվել էին նաև «Հասարակական լավագույն ակտիվություն» և «Լավագույն մարզիկ» անվանակարգերը: 
Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանողներին և դասախոսներին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն ուսանողներին, որոնք ակտիվություն են ցուցաբերել հասարակական գործունեության ոլորտում:
Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն էլ հայտարարեց, թե առջևում Պոլիտեխնիկի հիմնադրման 85-րդ հոբելյանական տարեդարձն է. «Հետահայաց արժևորելով անցնող տարին՝ կարող ենք արձանագրել, որ ընդհանուր առմամբ մեր համալսարանի համար այն ձեռքբերումների ու արգասաբեր տարի էր»: 
Մրցանակաբաշխության հաղթողները պարգևատրվեցին ՀԱՊՀ-ի ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալներով, իսկ անվանակարգերում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։ 
Մրցանակաբաշխության ժամանակ 8 ուսանողների շնորհվեցին ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կողմից հիմնադրված Սպիտակ դիպլոմներ, որով պարգևատրվում են այն ուսանողները, ովքեր կրթության հետ համատեղել են ազնիվ և անաչառ հասարակական աշխատանքը: 
ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար շքանշաներով պարգևատրվեցին ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, նախկին ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը և ռեկտորի օգնական, ՈւԳԸ նախկին նախագահ Կարապետ Կոգարովը: 
ՈւԽ նախկին նախագահ Գոռ Վարդանյանին հանձնվեց ՈւԽ «Պատվավոր նախագահի» բարձրագույն կոչումը: 
Շնորհավորական ուղերձներից, շնորհակալական խոսքերից և պարգևատրումներից հետո ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ՀԱՊՀ ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը կտրեցին «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2017»-ի տոնական տորթը։
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն