Երևանում վերահրատարակված «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը հայրենիքից Սփյուռք հասած ոգեղեն նամակ է (տեսանյութ)


Երևանում վերահրատարակված «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը հայրենիքից Սփյուռք հասած ոգեղեն նամակ է (տեսանյութ)

  • 11-01-2018 18:22:33   | Հայաստան  |  Գրական էջ



 
Երևանում վերահրատարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը, որի ամանորյա համարի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 11-ին «Նոյյան  Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում։ 
 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, նոր շունչ առած շաբաթաթերթը հայրենիքից Սփյուռք հասած ոգեղեն նամակ է։ 
 
Նրա փոխանցմամբ՝ թերթի չորս համար արդեն իսկ լույս է տեսել, և ժամանակն է խոսել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի գլխավոր գաղափարախոսության մասին։ 
 
«Մեր վստահ տեսակետն այն է, որ «Հայրենիքի ձայն»-ը պետք է կամուրջ դառնա Հայաստանի և Սփյուռքի միջև։ Հայրենիքը և Սփյուռքը պետք է սերտորեն համագործակցեն, և եթե որևէ գաղափարի շուրջ պետք է համախմբենք համայն հայությանը, ապա դա պետք է լինի հայրենիքի հզորացումը, Հայոց պետականությունը»,- ընդգծեց Ա․ Ափինյանը՝ հավելելով, որ գործունեության առաջին իսկ օրերից շաբաթաթերթի աշխատակազմն ակտիվորեն աշխատանքներ է տարել սփյուռքահայ գաղթօջախների հետ։ 
 
Նրա խոսքերով՝  «Հայրենիքի ձայն»-ի վերահրատարակումը բուռն արձագանք է առաջացրել Սփյուռքում, որտեղից բազմաթիվ նամակներ են ստացվել շաբաթաթերթին թղթակցելու նպատակով։ 
 
«Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղար Սուսաննա Ղազարյանն իր հերթին տեղեկացրեց, որ շաբաթերթում բացի գրական նյութերից, հրապարակվում են նաև հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների առօրյայի ու գործած սխրագործությունների, ինչպես նաև համայնքային խնդիրների մասին հոդվածներ։ 
 
Ըստ նրա՝ «Հայրենիքի ձայն»-ի աշխատակազմը սերտորեն համագործակցում է ՀՀ պաշտպանության, սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ, որոնք ևս տպագրության նյութեր են տրամադրում։ 
 
«Ունենք թղթակիցներ Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լոնդոնից, Բեյրութից և այլ երկրների հայկական համայնքներից»,- նշեց Ս․ Ղազարյանը՝ փաստելով, որ «Հայրենիքի ձայն»-ի շնորհիվ կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է համախմբել Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերին։ 
 
Ֆրանսիական Դիժոն քաղաքի հայ համայնքի հիմնադիր նախագահ Լիլիթ Բաղրամյանը, ով «Հայրենիքի ձայն»-ում հրապարակում է իր հայրենասիրական բանաստեղծությունները, կարևորեց բոլոր սփյուռքահայերի մասնակցությունը և աջակցությունը շաբաթաթերթի շարունակական հրատարակությանը։ 
 
«Դրսում ապրող հայերն այսպիսի բարի գործեր են փնտրում, որպեսզի գնան կանգնեն կողքին և աջակցեն։ Մարդը ձգտում է թեկուզ ժամանակավոր ապրել այնտեղ, որտեղ չկա ագրեսիա և չարություն։ Հավատացեք, հոգևոր սնունդն այս հարցերը կարող է լուծել»,- նշեց նա։ 
 
«Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրակազմի վստահեցմամբ՝ թերթը բացի բարություն տարածելուց, նաև առողջ քննադատություն է անելու, որպեսզի Հայաստանն աստիճանաբար ազատվի թերություններից և նոր դար թևակոխի առանց նախորդ դարերի սխալների ու բացթողումների։  
 
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Ա․ Ափինյանը նշեց, որ պատրաստվում են սահմանամերձ գյուղեր գնալ ընթերցասիրությունն այնտեղ տարածելու նպատակով։ 
 
Նրանք, մասնավորապես, պատրաստվում են այնպիսի ծրագիր իրականացնել, որի շնորհիվ՝ յուրաքանչյուր երեխա մեկ գիրք ընթերցելու և այդ գրքի իմաստը հասկանալու համար կարժանանա 20 հազար դրամի չափով դրամական պարգևի, նաև նախատեսում են այլ թերթեր հրատարակել։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գրական էջ