Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)


Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)

  • 16-01-2018 16:45:04   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ամուլսարի աղետը բազմապատկվելու է, եթե ոսկու և արծաթի պաշարները կորզելուց հետո նախագծի հեղինակներն անցնեն հանքաքարում պարունակվող ծանր մետաղների արդյունահանմանը: 
 
Նման նախազգուշացմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: 
 
Ըստ նրա՝ վերոնշյալ վտանգի առկայությունը լիովին իրատեսական է, քանի որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող ընկերությունը միայն ոսկու և արծաթի կորզմամբ չի կարող փակել բոլոր ծախսերը, որոնք կատարելու է հանքը շահագործելու 11 տարիների ընթացքում: 
 
Հ. Սանասարյանը նոր վերլուծություն է կատարել և պարզել, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար շահագործող ընկերությունը 5 մլրդ 262 մլն դոլարի ներդրում է կատարելու, մինչդեռ ստանալու է 63,2 տոննա ոսկի և 125 տոննա արրծաթ, որոնց վաճառքից ստացված գումարը միասին կազմելու է ներդրված 5 մլրդ-ի մոտավորապես կեսը: 
 
Բնապահպանի խոսքերով՝ ստացվում է, որ շահագործող ընկերությունը շահույթ ստանալու փոխարեն վնաս է կրելու: 
 
«Այստեղից մենք կարող ենք գուշակել, որ ընկերությունը հիմար չէ: Ուրեմն կարելի է ենթադրել, որ այստեղ մեծ վտանգներ կան, որոնք ծածուկ են պահվում հանրությունից: Նրանք հավանաբար իրենց մտքում ունեն ոսկու և արծաթի կորզումից հետո նոր նախագիծ ներկայացնել այս կառավարությանը և թույլտվություն ստանալ փոշիացնելու եղանակով արդյունահանել հանքաքարում պարունակվող ռադիոակտիվ մետաղները, ինչպիսիք են ուրանը, թորիումը, տիտանը և այլն: Միայն տիտանի վաճառքից ընկերությունը կարող է 6 մլրդ դոլարի շահույթ ապահովել»,- ընդգծեց Հ. Սանասարյանը: 
 
Վերջինիս պնդմամբ՝ Ամուլսարի շահագործման ծրագիրն աննախադեպ է ինչպես ծավալներով, այնպես էլ աղետալի հետևանքներով. «Հետևանքների համար պատասխանատու են բոլորը: Ամուլսարի շահագործմամբ մենք առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական ու կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները»: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն