Երրորդ տարին անընդմեջ իրենց ստեղծագործություններում Հայոց բանակին անդրադարձած գրողները պարգևատրվեցին


Երրորդ տարին անընդմեջ իրենց ստեղծագործություններում Հայոց բանակին անդրադարձած գրողները պարգևատրվեցին

  • 01-02-2018 13:03:15   | Հայաստան  |  Գրական էջ

 
Հայոց բանակի հիմնադրման օրերին ավանդական է դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ու Հայաստանի գրողների միության կողմից համատեղ մրցանակաբաշխության անցկացումը: 
 
Երրորդ տարին անընդմեջ բոլոր այն գրողները, ովքեր իրենց ստեղծագործություններում անդրադառնում են Հայոց բանակին և հայ զինվորին, պարգևատրվում են ըստ արժանվույն: 
 
Ըստ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ այն պետությունը, այն ժողովուրդը, որը չունի բանակ, չի կարող ունենալ տնտեսություն, մշակույթ, գրականություն, առհասարակ` ոչինչ: 
 
«Մեր անկախ հանրապետության լավագույն ձեռքբերումը հայոց բանակն է, որն ամեն օր, ամեն ժամ հզորացնել է պետք: Բանակը միայն զենքը չէ. դրան առաջին հերթին զորավիգ է ժողովրդի խոսքը, լեզուն, գրականությունը: Ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխությունը ընդլայնվում է. մասնակցում են գրողներ Հայաստանի տարբեր մարզերից: Ըստ իս` սա նրանց համար ամենապատվավոր մրցանակն է»,- նշեց նա՝ փաստելով, որ բանակի թեման դարեր ի վեր եղել է հայ գրողների ուշադրության կենտրոնում: 
 
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն էլ նկատեց, որ հեղինակները տարեցտարի ավելի մեծ պատասխանատվությամբ են ներկայանում մրցույթին, իսկ մրցույթին ներկայացված ստեղծագործությունների գնահատումն օբյեկտիվ ու անաչառ է: 
 
Մրցանակաբաշխության ընթացքում առաջին և հատուկ մրցանակը շնորհվեց Զորի Բալայանին՝ հայ գրականության և բանակաշինության գործում ունեցած մեծ ներդրման համար: 
 
Գեղարվեստական արձակ ժանրում առաջին մրցանակի արժանացավ Կոմիտաս Դանիելյանը «Երկհատորյակ» գրքի համար, երկրորդ մրցանակի արժանացան Գագիկ Խաչատրյանը «Զինվորի վերադարձը» և Վրեժ Սարուխանյանը «Տարոնականչ» պատմվածքների ժողովածուի համար, երրորդ մրցանակը տրվեց Ժաննա Հակոբյանին «Ապրիլյան հերոսամարտ» վիպակի համար:
 
Պոեզիայի ասպարեզում առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների արժանացան բանաստեղծներ Գագիկ Սարոյանը Բանաստեղծական շարքի, Նորայր Գրիգորյանը «Խրամատի թաց պատին» ստեղծագործության, Դարիկո Խաչատրյանը «Նավարկումի զարկերակ»-ի, Անահիտ Թարյանը «Ես քո զինվորն եմ, Հայաստան» գրքի, Սամվել Մարգարյանը «Սխրանք» շարքի և Հրանուշը իր բանաստեղծությունների համար:
 
Հրապարակագրություն, գրաքննադատություն ժանրում մրցանակների արժանացան Հակոբ Հարությունը «Պրոմեթևսն է առաջին կամավորը», «Լռության դափնիներով զինվորները» գործերի, Տիգրան Նիկողոսյանը հայ զինվորին նվիրված հրապարակումների ցանկի, Քնար Թադևոսյանն իր հոդվածաշարի, Ռուզաննա Մկրտչյանը «Արագածոտնի մարզի անմահացած հերոսները քառօրյա պատերազմում», «Մռայլ երկինք-շանթահարված երկիր»-ի համար:
 
Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը հանձնվեց Նորայր Ղազարյանին «Զինվորագրյալ բանաստեղծական շարքեր»-ի համար:
 
Խրախուսական մրցանակների արժանացան Լիանա Մայիլյանը «Ես մնում եմ, մամ» պատմվածքի, Տաթև Սուքիասյանը «Հայրենիքը սկսվում է սահմանից» վիպակի, Սաթենիկ Ղազարյանը «Ապրիլյան» պատմվածքի, Լուսիկ Մկրտչյանը «Քեզ հետ եմ, զինվոր»-ի, Արմենուհի Սիսյանն իր բանաստեղծությունների համար և Ժաննա Աբրահամյանը:
 
Պարգևները հանձնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Ավագյանը:
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գրական էջ