Էքզյուպերի, Թումանյան, Իմաստուն հեքիաթներ.շնորհանդեսներ մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում


Էքզյուպերի, Թումանյան, Իմաստուն հեքիաթներ.շնորհանդեսներ մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում

  • 12-02-2018 15:28:51   | Հայաստան  |  Նոր գրքեր

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք նոր հրատարակությունների շնորհանդեսներ: Մասնավորապես, փետրվարի 17-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում փոքրիկներին կներկայացվի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:   
 
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան ազ­գա­յին ման­կա­կան գրադարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուների երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն:
 
Փետրվարի 21-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացվի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է  «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները:  Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին:  
 
Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փետրվարի 17-21-ը Խնկո Ապոր անվան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում կմասնակցի Մանկապատանեկան գրքի ամենամյա երևանյան տոնավաճառին, որտեղ Հայաստանի առաջատար հրատարակչությունը ներկայացնելու է մանկապատանեկան լավագույն գրքերը: «Լավագույնը՝ փոքրիկ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հրատարակչության բացառիկ 3D հեքիաթները, Հովհաննես Թումանյանի հեքիաթները, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը», սիրված մանկագիր Սուրեն Մուրադյանի գրքերը, «Ուրախ գնացք» ամսագրի նոր համարները, «Լավ հեքիաթներ լավ երեխաների համար» շարքը, բանաստեղծությունների, հանելուկների, առակների, ասելուկների ժողովածուներ, երգարաններ, հավաքածուներ և այլն: Էրիխ Մարիա Ռեմարկ, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Աննա Ֆրանկ, Սթիվեն Քովի, Սպենսեր Ջոնսոն, Ջոն Գրին. գրքեր կներկայացվեն նաև տարիքային այլ խմբերի համար:
 
Տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան գրադարանում կկազմակերպվեն նաև տարբեր այլ միջոցառումներ՝ հեքիաթապատումներ, կլոր սեղան քննարկումներ, զրույցներ: Տոնավաճառի շրջանակում իր ստեղծագործությունները կընթերցի սիրված մանկագիր Ճուղուր Երևանցին:
 
Արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր