Այսօր պատանեկան տարիքի ընթերցողների համար գրականություն ստեղծելու խնդիր ունենք. Էդվարդ Միլիտոնյան
16-02-2018 16:50:18 | Հայաստան | Գրական էջ
Մենք այսօր պատանեկան տարիքի ընթերցողների համար գրականություն ստեղծելու խնդիր ունենք:
Այս մասին փետրվարի 16-ին՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ըստ նրա, այդուհանդերձ, վերջին մի քանի տարիների ընթացքում հատկապես լրագրողներն այլևս չեն հարցնում, թե արդյո՞ք Հայաստանում կա ժամանակակից գրականություն:
«Ես կարծում եմ, որ և՛ մենք, և՛ լրագրողները, ինչ-որ չափով ավելի սթափ ենք սկսել նայել մեր այսօրվա կյանքում հրատարակվող գրականությանը, թարգմանությանը, դրամատուրգիային և այլ ասպարեզի գրականությանը: Մի բան լավ իմացեք, որ դարն էլ լինի, միևնույն է, հայ ժողովուրդը մեծ գրականություն է ունենալու»,- ընդգծեց Է. Միլիտոնյանը:
Վերջինիս խոսքերով՝ չնայած համակարգիչների և պլանշետների գոյությանը, այնուամենայնիվ, դրական փոփոխություն է նկատվում գրքերի սպառման և ընթերցանության ոլորտում:
ՀԳՄ ղեկավարը դեմ չէ, որպեսզի մարդիկ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ գրքեր ընթերցեն, քանի որ կարևորում է ընթերցանությունը և գրականությանն այդպիսով մոտ լինելը:
Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվան՝ Է. Միլիտոնյանը, մասնավորապես, նշեց. «Արդեն 10 տարուց ավելի է, ինչ ՀԳՄ-ն առաջարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ ի հիշատակ նրա մեծ գործի, նշել որպես գիրք նվիրելու օր: 90-ականներին, երբ կյանքը, կենցաղը այլ կերպ էին, հանրությունը փոքր-ինչ կտրվել էր գրքերից, սակայն Թումանյանի ծննդյան օրը դարձավ հանրապետական բնույթի հրաշալի տոն: Սկզբնական շրջանում մեծ տարածում չգտավ տոնը, սակայն հետո հասկացան, որ գրքի հանդեպ հայացքը շեշտակի փոխելու ժամանակն է»:
Է. Միլիտոնյանը նաև տեղեկացրեց, որ ընթերցանությունը խթանելու նպատակով ՀԳՄ-ը 2017 թվականին շուրջ 200 գրական միջոցառում է կազմակերպել, ներառյալ գրական հանդիպումներ, շնորհանդեսներ, ընթերցումներ, գրքերի քննարկումներ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀԳՄ անդամները գրական հանդիպումներ կունենան մարզերի և մայրաքաղաքի ընթերցասերների հետ:
«Գրողների միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ հանդիպումներ է պատրաստել մայրաքաղաքի թիվ 32 հիմնական դպրոցում: Փետրվարի 19-ին աշակերտների հետ կհանդիպեն անվանի գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ»,-նշեց Է. Միլիտոնյանը՝ տեղեկացնելով, որ անձամբ ինքն այցելելու է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց:
Նշենք, որ նույն օրը ՀԳՄ-ի մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի մանկական գրքի ցուցահանդես:
Լրագրողների հետ ավանդական դարձած հանդիպման ընթացքում կլոր տարին ՀԳՄ-ի միջոցառումները լուսաբանած լրատվամիջոցները, այդ թվում «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը, պարգևատրվեցին պատվոգրերով: