Ահա թե ինչու է ԱՄՆ-ը սպառնում հարվածել (տեսանյութ)


Ահա թե ինչու է ԱՄՆ-ը սպառնում հարվածել (տեսանյութ)

  • 15-03-2018 11:54:27   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
 
 
Հայտնաբերվել է ահաբեկիչներին պատկանող քլոր գազի և տարբեր թթվային ու քիմիական նյութերի արտադրության կենտրոնը: Այն հայտնաբերել է Սիրիայի բանակը Դամասկոսի արվարձանային Արևելյան Ղութայի Դումայի շրջանի Ալ-Շաֆունիա ավանն ահաբեկիչներից մաքրագործելու ընթացքում: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հաղորդել են սիրիական աղբյուրները:
Ըստ աղբյուրների, լաբորատորիան ունեցել է պայթուցիկ ու թունավոր նյութերի պատրաստման արտասահմանյան սարքավորումներ: Նկատենք, որ սրանով մեկ անգամ ևս հաստատվում են ավելի վաղ քանիցս հրապարակված այն տեղեկությունները, որ Սիրիայում ահաբեկիչները և զինյալ ընդդիմությունն այդպիսի նյութեր պատրաստում են Արևմուտքի օգնությամբ: Այսպիսով, Սիրիայի բանակը հայտնաբերել է Սիրիայում ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքերի պատրաստման երկրորդ կենտրոնը: Քիմիական զենքերի արտադրության նախորդ կենտրոնը հայտնաբերել էր ս. թ. փետրվարի 12-ին, վերջերս ազատագրված Աֆթրիս քաղաքում: Հայտնաբերված քիմիական զենքերը պատրաստվել են Սիրիայի բանակի և հենց նույն Արևելյան Ղութայի բնակչության դեմ կիրառելու համար, որպեսզի ԱՄՆ-ին մատուցվի նրա ակնկալած, նրա կողմից սպասվող պատրվակը` Սիրիայի բանակային և կառավարական թիրախների վրա հարձակվելու համար:
Ահաբեկչական խմբերը դեռ մոտ երկու շաբաթ առաջ էին Արևելյան Ղութայում թունավոր նյութեր կիրառելու հրաման ստացել, որպեսզի հնարավոր լիներ Սիրիայի կառավարության ու բանակի դեմ քիմիական զենքի կիրառման մեղադրանք ներկայացնել, սակայն, դատելով ամենից, Սիրիայի բանակի ու նրա դաշնակից ուժերի մեծ թափով հարձակումից հետո հազիվ են հասցրել մի կերպ ճողոպրել:
Սիրիայում ԱՄՆ-ի և Իսրայելի կարևոր նպատակներից մեկը Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին և ահաբեկիչներին ֆինանսավորելով, զենք-զինամթերք հատկացնելով, այլևայլ օժանդակությամբ երկրի ներսում պատերազմը բորբոքելով, նախ Բաշար ալ Ասադի վարչակազմի տապալմանը հասնելն է: Նպատակ, որին նրանք չհասան շնորհիվ Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլահ»-ի:
Թեև ԱՄՆ-ի նախագահը, իշխանությունները, ինչպես նաև Իսրայելի սիոնիստական վարչակարգը վերոնշյալ նպատակին հասնելու համար, ինչպես ասում են, ջանք ու եռանդ չեն խնայել ու չեն խնայում, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության գործակալության տնօրեն Դեն Քոութսն անցյալ ամիս խոստովանել է, որ Բաշար Ասադի հակառակորդները` Սիրիայի կառավարության ընդդիմադիրները, այլևս չեն կարող կործանել նրան ու նրա վարչակազմը: 
Հղում կատարելով «Ռուսիա Ալ-Յոմ»-ին, «Փարս թուդեյ» գործակալությունը հաղորդել է, որ Սենատի տեղեկատվական ընտրյալ կոմիտեի նիստում ընթացող լսումների ժամանակ Դեն Քոութսը  հայտարարել է. «Սիրիայում իրավիճակն ի շահ Դամասկոսի է փոխվում, և Ռուսաստանի ու Իրանի համար հնարավորություն է ստեղծվել ՝ այդ երկրում իրենց դիրքերն ամրապնդելու համար»:
Ազգային հետախուզության գործակալության տնօրենը հավելել է. «Հավանական է, որ Բաշար Ասադը մասնակցի բանակցություններին, սակայն երբեք պատրաստ չի լինի հրաժարվել իր պաշտոնից կամ ընդդիմադիրներին լիազորություններ զիջել»:
Դեն Քոութսի հավաստմամբ, սիրիացի ընդդիմադիրները 7 տարի պատերազմից հետո չեն կարող փոխել իրավիճակը: Գիտակցելով այս իրավիճակը, ԱՄՆ-ը փետրվարի 3-րդ տասնօրյակում փորձում էր հնարավոր բոլոր միջոցներով թույլ չտալ, կասեցնել Սիրիայի մայրաքաղաքի քթի տակ` Արևելյան Ղութայում կենտրոնացած ու Դամասկոսին հաճախ հարվածներ հասցնող զինյալ ընդդիմության և ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների զինուժի հարձակումը, քանի որ այնտեղ գտնվող զինյալ ընդդիմության և ահաբեկիչների հետ էր կապում Սիրիայում նրանց միջոցով իշխանափոխության հասնելու իր վերջին հույսը: Սակայն այն բանից հետո, երբ դա ԱՄՆ-ին չհաջողվեց, Միացյալ Նահանգները պատրաստվեց պլան Բ-ին` Սիրիայի իշխանություններին անհիմն կերպով մեղադրելով Արևելյան Ղութայում զինյալ ընդդիմության նկատմամբ քիմիական զենք կիրառելու և կիրառել պատրաստվելու մեջ, Սիրիայի իշխանություններին հրապարակայնորեն սպառնաց ռազմական ուժ կիրառել: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին մոտ 3 շաբաթ առաջ Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը և իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք է վերապահում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական լուծումը միշտ էլ քննարկվում է ցանկացած իրադրության վերաբերյալ»,- ասել է Նիքի Հեյլին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն նաև ասել է, թե ԱՄՆ-ը չի ցանկանում «գտնվել սիրիական հակամարտության կենտրոնում», բայց պետք է հնարավորինս ամեն ինչ անի սիրիացիներին օգնելու համար, որոնց նկատմամբ քիմիական զենք է կիրառվել: Որոշ տեղեկությունների հիման վրա կարելի է հանգել այն եզրակացության, որ ԱՄՆ-ն այս անգամ պատրաստվում է հրթիռային հարված հասցնել ոչ թե ինչ-որ օդանավակայանի, այլ հենց մայրաքաղաք Դամասկոսին, մասնավորապես` Դամասկոսի կառավարական շրջաններին, այսինքն` այն շրջաններին, որտեղ գտնվում են կառավարությունը, պետական կարևոր այլ հաստատություններ:
Այս ամսվա սկզբին սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնեց, որ Արևելյան Ղութայում գործող զինյալներն առաջիկա օրերին քիմիական հարձակում են նախատեսում խաղաղ բնակչության դեմ, որպեսզի դրանում մեղադրվի Սիրիայի բանակը: Մասնավորապես տեղեկացվեց այն մասին, որ «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆայլահ ար Ռահման» և «Ահրար աշ Շամ» ահաբեկչական խմբերի ղեկավարներին հանձնարարվել է թունավոր նյութեր օգտագործել խաղաղ բնակչության դեմ Սիրիայի կառավարական զորքերի հետ շփման գծի մոտակայքում,  որպեսզի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և այլ արևմտյան պետություններ քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրեն Սիրիայի կառավարական բանակին և երկրի իշխանություններին:
Անկախ միջազգային հանձնաժողովը Սիրիայում հանցագործությունների հետաքննության առնչությամբ ավելի վաղ նշել էր, որ մտահոգված է Իդլիբում և Արևելյան Ղութայում բռնության սրմամբ, որտեղ հանցագործությունները, թերևս, կատարվում են թունավոր նյութեր օգտագործելով:
Միաժամանակ, Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ Արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկչական խմբերը Սիրիայի բանակին մեղադրելու նպատակով, այդ տարածքում քիմիական զենքերից օգտվելու հրահանգ են ստացել:
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է. «ԱՄՆ-ն, Բրիտանիան ու արևմտյան մի շարք այլ երկրներ Արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկչական խմբերից, այդ թվում «Ջեբհաթ-ալ-Նուսրայից» պահանջել են Սիրիայի բանակի հետ բախման գծերի մերձակայքում թունավոր նյութեր օգտագործել սիրիացի խաղաղ քաղաքացիների դեմ, որպեսզի նրանք կարողանան Սիրիայի կառավարության դեմ նոր մեղադրանք առաջադրել»:
Արևելյան Ղութան գտնվում է Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում, այդ արվարձանը տևական ժամանակ վերածվել է ռազմավարական տարածքի, որը Սիրիայի բանակը մտադիր է մաքրել և այժմ էլ դեռ շարունակում է մաքրել ահաբեկիչների և Ասադի վարչակազմը տապալել ձգտող զինյալ ընդդիմության ներկայությունից: Նրանք վերջին շրջանում, իրենց վրա Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների հարձակումից առաջ, Արևելյան Ղութայից հրթիռներով ու հրանոթի արկերով գրեթե ամեն օր հարվածել են Դամասկոսին, ինչի հետևանքով զոհվել են նաև Սիրիայի բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 12-ին ելույթ ունենալով, զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դարձյալ հարվածել Սիրիային, եթե պարզվի, որ ՄԱԿ-ն անընդունակ է հասնել Արևելյան Ղութայում կրակի դադարեցման: Դրանից կարճ ժամանակ առաջ ամերիկյան պատվիրակությունը տարածել է ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ` Դամասկոսում ու նրա մերձակայքում ռազմական գործողությունների դադարեցման պահանջով:
Հիշեցնելով անցյալ տարվա ապրիլին Սիրիայի ռազմական օդանավակայանին ԱՄՆ-ի ավիահարվածի մասին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն ասել է. «Միացյալ Նահանգներն անցյալի նման պատրաստ է գործելու, եթե դա անհրաժեշտ է»:
Ընդգծենք, որ Դամասկոսում ու նրա մերձակայքում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը թեև արտաքուստ պատրվակված է մարդասիրական նպատակով (դադարեցնել, որպեսզի Արևելյան Ղութայում այլևս նոր զոհեր չլինեն), սակայն իրականում ունի այլ նպատակներ: Դրանք են`
1. Փրկել Արևելյան Ղութայի դեռ չազատագրված հատվածում մնացած զինյալ ընդդիմությանը և ահաբեկիչներին, նրանց առավել զինել, դեղորայքով և այլ աջակցությամբ օգնել, դրսից նրանց շարքերի համալրում ապահովել, որպեսզի այդ ուժերն առաջիկայում ևս Սիրիայում արյուն թափեն, հարվածեն Դամասկոսին ու փորձեն հասնել իշխանափոխության:
2. Չկորցնել Դամասկոսից վերոնշյալ ուժերի ունեցած զինատեսակների համար հարվածի հեռավորության վրա գտնվող Արևելյան Ղութան, որն այդ առումով վերածվել է  ռազմավարական նշանակության տարածքի:
3. Սիրիայում իրավիճակի կտրուկ սրմամբ այդ սադրանքով նախընտրական շրջանում լուրջ գլխացավանք ստեղծել Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի համար:
4. Հարվածել Ռուսաստանի դաշնակցին` այն հաշվարկով, որ Ռուսաստանը զգուշանալով Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից, չի համարձակվի խփել Սիրիային հրթիռներով հարվածող նավերին կամ (և) հրթիռա-ռմբային հարված հասցնող ինքնաթիռներին, դրանով իսկ հարկադրված լինելով անպաշտպան թողնել իր դաշնակցին, Ռուսաստանը և անձամբ Պուտինը կհեղինակազրկվեն ոչ միայն միջազգային հանրության, այլև ՌԴ բնակչության, ընտրողների շրջանում, այսինքն այն անձանց, ովքեր մոտ օրերս ընտրելու են նախագահ:
5. Թույլ չտալ, որպեսզի Արևելյան Ղութա մտած ու նրա մոտ կեսն արդեն ազատագրած Սիրիայի բանակն այնտեղ հայտնաբերի ահաբեկիչների կողմից պայթուցիկ ու քիմիական նյութերի արտադրության կենտրոնները և դրանց պատրաստման արտասահմանյան սարքավորումները, որոնք այդ սարքավորումները տրամադրած արևմտյան պետությունների (հնարավոր է նաև ԱՄՆ-ի) կամ Իսրայելի թույլ տված հանցագործության իրեղեն ապացույցներ ու քաղաքական սկանդալի պատճառ կլինեն:
Սակայն, պարզ է, ԱՄՆ-ն այս վերջին նպատակին հասնելու հարցում ուշացավ, ինչպես արդեն նշեցինք, Սիրիայի բանակն Արևելյան Ղութայում ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքերի արտադրության արդեն երկու կենտրոն է հայտնաբերել, առաջինը փետրվարի 12-ին, երկրորդը` 13-ին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական