ԱՄՆ-ը Թուրքիային չէր զիջի՝ առանց Սիրիայի կամ Ռուսաստանի դեմ ինչ-որ գաղտնի գործարքի


ԱՄՆ-ը Թուրքիային չէր զիջի՝ առանց Սիրիայի կամ Ռուսաստանի դեմ ինչ-որ գաղտնի գործարքի

  • 26-03-2018 20:16:00   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Թուրքիայի պետական «Անատոլու» լրատվական գործակալությունը մարտի 22-ին հրապարակել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ուշագրավ հայտարարությունը:
Մևլութ Չավուշօղլուն անցած հինգշաբթի ասել է. «Եթե Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG-ի)՝ Մանբիջ քաղաքից դուրս գալու շուրջ համաձայնության չգա ամերիկացիների հետ, քրդերը պետք է դուրս գան այդ երկրի հյուսիսային սահմաններից»:
Ինչպես հասկանալի է, խոսքն այս դեպքում ոչ թե YPG-ի և քրդական մյուս կազմավորումների զինյալների մասին է, այլ, ընդհանրապես, քրդերի, ողջ քուրդ բնակչության, իսկ «հյուսիսային սահմաններից» ասելով, Չավուշօղլուն նկատի ունի ոչ միայն Թուրքիայի կողմից գրավված Սիրիայի Աֆրին քաղաքը, այլև Աֆրինի շրջանն ու յոթ շրջանից բաղկացած Աֆրինի գավառը: Այլ կերպ ասած, Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես սպառնացել է տեղահանել Սիրիայի վերոնշյալ հատվածում ապրող քրդերին, այդ կերպ էթնիկ զտում իրականացնել, եթե ԱՄՆ-ն ինքը Մանբիջից չհանի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» զինյալներին կամ կանաչ լույս չվառի դեպի Մանբիջ Թուրքիայի բանակի առաջխաղացման դեմ:
Չնայած Թուրքիան Աֆրինի գավառում գտնվող քուրդ անզեն բնակչությունից էլ է վտանգ զգում (այսօր զինված չեն, վաղն իրենց մերձավորներին սպանած թուրքերից վրեժ լուծելու համար կզինվեն և կաշխատեն որքան հնարավոր է շատ թուրքերի ուղարկել այն աշխարհ), Մանբիջում գտնվող զինյալ քրդերին ոչնչացնելը կամ նրանց այնտեղից քշելը Թուրքիայի համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան Սիրիայի հյուսիսում քուրդ բնակչության գոյությունը (որոնց մի մասը «Ձիթենու ճյուղ» գործողության հետևանքով արդեն իսկ հեռացել է, որոշներն էլ սպանվել են) առժամանակ հանդուրժելը:
Չավուշօղլուն դեռ անցյալ ամիս, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկացի զինվորներին Մանբիջից դուրս գալու կոչեր էր ուղղել, որպեսզի նրանք պատահականորեն չընկնեն թուրքական զինուժի հարվածների տակ, ինչին հակադարձելով, Պենտագոնից հայտնել էին, որ նման մտադրություն չունեն: Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Փոլ Ֆանքը նույնիսկ զգուշացրել էր, որ եթե Թուրքիայի զինվորականները փորձեն հարձակվել Մանբիջում գտնվող քրդերի վրա, ապա իրենք նույնպես շատ կոշտ պատասխան կտան հարձակվողներին: Չնայած այս զգուշացմանը, Թուրքիայի արտգործնախարարն ասել էր. «Եթե ԱՄՆ-ը քուրդ աշխարհազորայինների դեմ անհրաժեշտ քայլերի չդիմի, ապա մենք այլ վայրերում, ինչպես, օրինակ, Մանբիջում անհրաժեշտ քայլերի ենք դիմելու»
Գրեթե նույն ժամանակ խոսելով Սիրիայում նախապատրաստվող ռազմական նոր գործողության մասին, Մանբիջի քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հայտարարել էր, որ Աֆրինը քրդերից մաքրելուց հետո, նույն կերպ վարվելու են նաև Մանբիջում: Մասնակցելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին ու խոսելով Սիրիայում պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին, Էրդողանն, ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի, ասել է.
«Մենք Սիրիայի հետ ունենք 911 կիլոմետրանոց սահման: Մինչ հիմա մաքրել ենք 700 կիլոմետրը: Մենք կանգնած ենք ահաբեկչական կազմակերպությունների կրակի դիմաց: ԱՄՆ-ն դա չգիտի՞, չի տեսնո՞ւմ: Օբաման էլ մեզ հետ ճիշտ չխոսեց: Թրամփն էլ է նույն ճանապարհով գնում: Լավ, իսկ ինչ է, ո՞ւմ եք այստեղ բերել: Սիրիայի քրդական ուժերի՞ն, PKK-ի՞ն: Հետո էլ ասում եք, թե Մանբիջ չմտնեք: Տո՛ մենք գնալու ենք Մանբիջ, որպեսզի այն վերադարձնենք դրա իսկական տերերին»:
Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կոչ է արել իր զինուժը դուրս բերել Մանբիջի տարածքից: Չնայած Թուրքիայի ղեկավարության հոխորտալից հայտարարություններին, դեռ այն ժամանակ պարզ էր, որ Թուրքիան ու նրա աջակցությամբ քրդերի դեմ կռվող «Սիրիական ազատ բանակը» չեն համարձակվի հարձակվել Մանբիջի վրա` զգուշանալով ԱՄՆ-ի զինուժի հետ բախումից: Այժմ, այս իրավիճակում Թուրքիան սկսել է ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական առևտուրը` Սիրիայի հյուսիսում քրդերի մնալու դիմաց Մանբիջը… Եթե այս գործարքը կայանա, ապա Թուրքիան կթաղի Սիրիայում, համենայն դեպս, իր սահմանների մոտ տեսանելի ապագայում քրդական պետության հիմնման հեռանկարը: Ահա թե ինչու է Մանբիջն այդքան կարևոր Թուրքիայի համար, քանի որ Աֆրինը գրավելը Թուրքիայի համար դեռևս լիարժեք երաշխիք չէ, որ քրդերն, այնուամենայնիվ, չեն հռչակի իրենց պետության ստեղծումը: 
Անցած հինգշաբթի Թուրքիայի արտգործնախարարը հերքելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի հայտնածը, ասել էր, որ «Անկարան և Վաշինգտոնը  փոխըմբռնման են եկել և ոչ թե համաձայնության հասել Մանբիջ քաղաքի հարցում»: Չավուշօղլուն նաև տեղեկացրել էր. «Նախագահ Էրդողանն Անկարայի նոր որոշումների և Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի վրա թուրքական զորքի հարձակումների շարունակման հարցով այսօր հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»:
Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունից 1-2 օր առաջ հակասական տեղեկություններ էին հրապարակվել, որ Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Մանբիջի հարցում: Մասնավորապես` Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ Մանբիջի հարցում համաձայնություն է ձեռք բերվել, սակայն դրանից հետո պատասխանելով լրագրողի հարցին, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն ասել էր` «Դա ծիծաղելի է, որովհետև ոչ մի համաձայնություն էլ չկա»: Սա` մինչև Թուրքիայի առաջարկած գործարքի վերաբերյալ այդ պետության արտգործնախարարի հիշյալ հայտարարությունը
Դատելով ամենից,  Չավուշօղլուի նշած Էրդողան- Թրամփ հեռախոսազրույցը կայացել է: Սակայն թե ի՞նչ են քննարկել երկու պետությունների ղեկավարները, ԱՄՆ-ի նախագահը համաձայնե՞լ է Անկարայի նոր որոշմանը, ավելի ճիշտ, առաջարկին` եթե Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև Մանբիջից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դուրս գալու շուրջ համաձայնություն ձեռք բերվի, քրդերը կարող են մնալ Սիրիայի հյուսիսային սահմաններում, դեռ հայտնի չէ:
Այնուհանդերձ, կա անուղղակի նշան, որ Թուրքիան և ԱՄՆ-ը ինչ-որ համաձայնություն են ձեռք բերել, ընդ որում, բացառված չէ, որ այդ համաձայնությունը լինի Սիրիայի և Ռուսաստանի հաշվին: Այս առումով իրականությունը հայտնի կդառնա մոտ ապագայւմ, իսկ այն, ինչ այսօր հայտնի է, հետևյալն է. Էրդողան-Թրամփ նախատեսվող հեռախոսազրույցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի մարտի 22-ի հայտարարությունից 2 օր հետո Թուրքիայի պետական «Անատոլու» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները: Համաձայնության բացակայության պարագայում ԱՄՆ Կոնգրեսը  դժվար թե Թուրքիային ընդառաջ այդպիսի քայլ կատարեր: Ի՞նչ է խոստացել Թուրքիան ԱՄՆ-ին, որ վերջինս Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների երկարատև լարվածությունից հետո նման քայլի է գնացել, մնում է միայն ենթադրել…
Ինչպես հայտնի է, պատժամիջոցները կիրառվել էին Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսական անձնակազմին ուղղված՝ Գյուլենի խմբի հետ համագործակցելու Թուրքիայի մեղադրանքից, մասնավորապես այն բանից հետո, երբ թուրքական դատարանը ԱՄՆ հյուպատոս Ռենսոնի դեմ դատական հայց էր ներկայացրել` մեղադրելով նրան Գյուլենի խմբի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ համագործակցելու մեջ և դատապարտելով 35 տարվա ազատազրկման, ինչն ԱՄՆ-ի ղեկավարությանը խիստ զայրացրել էր:
«Անատոլու» լրատվական գործակալության հրապարակած վերոնշյալ տեղեկատվության հետ միաժամանակ կամ դրա նախօրեին Ermenihaber.am կայքը հրապարակել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության հարցում հետքայլ չեն անելու:
«Էրդողանը, Ստամբուլի Բաղջըլար շրջանում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունենալիս, սիրիական Մանբիչի ուղղությամբ ռազմական օպերացիա սկսելու ազդակներ է տվել,- գրել է վերոնշյալ կայքը, ապա մեջբերել Էրդողանի խոսքը.-«Թրամփի և Պուտինի հետ խոսել ենք: Ասել ենք, որ այդ վայրերից արդեն հետքայլ չենք կարող անել, մենք ճնշվածների կողքին ենք: Աֆրինով գործը չի ավարտվում: Դրանից հետո Իդլիբն ու Մանբիջը կան»:
Ըստ հիշյալ կայքի, Թուրքիայի նախագահը կրկնել է այն տեսակետը, որով Թուրքիայի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ- PKK) նույնականացնում են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հետ:
«Ասել էինք, որ նրանց որջն ենք մտնելու, և մտանք: Նրանք Սիրիա փախան և YPG-ի հետ միավորվեցին»,- նկատի ունենալով Իրաքում ՔԲԿ-ի հենակետերի վրա Թուրքիայի զինուժի գրոհը, ասել է Էրդողանը, ապա տեղեկացրել, որ մինչև այժմ 3700 քուրդ զինյալ է վնասազերծվել:
Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ-ը ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի Դեյր Էլ-Զորի նահանգում Քոնիկոյի գազային և Ալ-Ջաֆարայի ու Ալ-Ամմարի նավթային դաշտերի տարածք: Այդ մասին հայտնել են Սիրիայի ընդդիմության տեղեկատվական աղբյուրները: Իր այս քայլով Միացյալ Նահանգները բացահայտորեն, առանց թաքցնելու, իր թաթը դրել է Սիրիայի նավթային ու գազային հարստությունների վրա` նպատակ ունենալով հիշյալ տարածքները հետագայում ևս պահել իր հսկողության տակ, իսկ այժմ կամ տեսանելի ապագայում նաև շահագործել տվյալ վայրում գտնվող Սիրիայի նավթային ու գազային պաշարները: Մի պետության կողմից մեկ այլ պետության նկատմամբ ռազմական ագրեսիան ու նրա տարածքի մի մասի բռնազավթումն էլ ինչպե՞ս են լինում…
Ամերիկյան ագրեսորների զավթողական քաղաքականությունը փաստվում է նաև հարևան Իրաքում, ուր ԱՄՆ-ը պնդում է իր ռազմական ներկայություն շարունակելու վրա: Իրանի ԻՌՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Իրաքի արևմուտքում ԱՄՆ ռազմական ուժերի հրամանատարության խոսնակ Սիթ Վալսումը հայտարարել է, որ չնայած 15 տարի է անցել Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից, սակայն անհրաժեշտ է, որպեսզի ամերիկյան ուժերը շարունակեն մնալ այդ երկրում: Եվ սա` չնայած Իրաքում ԱՄՆ-ի զինուժի գտնվելու կապակցությամբ այդ երկրի ժողովրդի ընդդիմությանը և Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման վերաբերյալ այդ պետության խորհրդարանի որոշմանը: Իրաքյան շատ կուսակցություններ,  քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ, որոնք նշում են իրենց երկրում օտարերկրյա զորքերի ներկայությանը վերջ տալու անհրաժեշտությունը, կոչ են արել դուրս բերել ամերիկյան զինուժին, սակայն ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Իրաքում իր ռազմական ներկայությունը շարունակում է:
Անդրադառնալով Սիրիային, նշենք, որ այդ երկրի կառավարությանն ընդդիմադիր ուժերի «Ալ-Մադու» կայքի տեղեկացմամբ, Միացյալ Նահանգները մեծաթիվ զորք է ուղարկել Սիրիայի Քոնիկոյի գազային դաշտ` դեպի այնտեղ սիրիական բանակի առաջընթացը կանխելու նպատակով: Նկատենք, որ այս առումով առաջիկայում կարող է լինել Սիրիայի բանակի և ԱՄՆ-ի զինուժի անմիջական բախում:
Բացի վերոնշյալից, Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի քրդական, այսպես կոչված, «Սիրիական ժողովրդավարական ուժեր» խմբի համար սպառազինություն ուղարկելով, նրանց աջակցել Եփրատի հարավային հատվածում Սիրիայի բանակի դեմ գործողություններ իրականացնելիս:
Չնայած իր դեմ այս և այլ մարտահրավերներին, մասնավորապես` Արևելյան Ղութան իրենց որջ դարձրած ահաբեկիչների ու Սիրիայի զինյալ ընդդիմության դեմ հակաահաբեկչական գործողությունները չդադարեցնելու դեպքում կամ քիմիական զենքի կիրառման շինծու պատրվակով Դամասկոսի կառավարական հաստատություններին, թաղամասերին հարվածելու ԱՄՆ-ի սպառնալիքին, Սիրիայի հերոսական բանակը դաշնակիցների օժանդակությամբ շարունակում է նորանոր տարածքներ ազատագրել ահաբեկիչներից ու մնացյալ թշնամիներից: Սիրիայի բանակային ուժերը Արևելյան Ղութայում շարունակելով իրենց առաջխաղացումը, Հարաստա քաղաքն արդեն ամբողջությամբ ազատագրել են ահաբեկիչներից: Բացի այդ, սիրիական բանակի ստորաբաժանումները «Թահրիր ալ-Շամ»-ի (նախկինում` «Ջաբհաթ ալ-Նուսրա») ահաբեկիչներից հետ են վերցրել Ալ-Ռազանի ռազմավարական տարածքը:
Արևելյան Ղութան ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից ազատագրելու հարցը կարծես թե արդեն վերջնականապես լուծված է: Այնտեղ Սիրիական բանակի հաղթական առաջխաղացմանը զուգահեռ, անցյալ շաբաթ մի ուշագրավ գործարք է տեղի ունեցել: Այն բանից հետո, երբ Սիրիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը և Սիրիայում գործող Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչները զենքերը հանձնելու դիմաց Սիրիայի հյուսիսում զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներ փոխադրվելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Արևելյան Ղութայում մնացած ահաբեկչական խմբերի անդամների հետ, մարտի 22-ից այդ երկրի ավտոբուսներն ու վիրավորներին տեղափոխող «Կարմիր մահիկի» բժշկական մեքենաները մտել են Արևելյան Ղութայի` ահաբեկիչների ու զինյալ ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ: Վերջիններս հինգշաբթի օրվանից սկսել են հեռանալ Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմավարական տարածքից` Արևելյան Ղութայից: Նրանց առաջին խումբը` բաղկացած 632 հոգուց, հինգշաբթի գիշեր տասը ավտոբուսով մեկնել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգ:
Սիրիայի բանակն այդ երկրի ժողովրդին պաշտպանելու նպատակով  փետրվարի 26-ից սկսել է Արևելյան Ղութան ահաբեկիչներից ու զինյալ ընդդիմությունից մաքրելու գործողությունը, քանի որ նրանք այնտեղից հրթիռներով և ականանետերով ամեն օր հարվածում էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ապրող խաղաղ քաղաքացիներին, նույնիսկ դպրոցներին, սպանում մեծաթիվ մարդկանց:
Վերջին տվյալներով, Արևելյան Ղութայի տարածքի ավելի քան 90 տոկոսը մաքրվել է ահաբեկիչների ու զինյալ ընդդիմության ներկայությունից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական