Եկեք սկզբում մեծ գողերին պատժենք, այս երկրից թալանածը ետ բերենք, հետո ինքներս Հասմիկ Սարգսյանի ձեռքերից բռնած կտանենք (տեսանյութ)

Եկեք սկզբում մեծ գողերին պատժենք, այս երկրից թալանածը ետ բերենք, հետո ինքներս Հասմիկ Սարգսյանի ձեռքերից բռնած կտանենք (տեսանյութ)

  • 03-04-2018 20:43:13   | Հայաստան  |  Իրավունք



 
Եկեք սկզբում մեծ գողերին պատժենք, այս երկրից թալանածը ետ բերենք, հետո ինքներս Հասմիկ Սարգսյանի ձեռքերից բռնած կտանենք: 
 
Նման կոչով ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը` անդրադառնալով 10 000 դրամի գողության համար երեք անչափահաս երեխաների և ներկայումս Մուրացանի հոսպիտալում վիրահատված հայ զինվորի մորը պատիժ նշանակված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմանը: 
 
Ըստ Մ. Պողոսյանի, ցանկացած մայր, նույնիսկ կենդանական աշխարհում, չի կարող թույլ տալ, որպեսզի իր երեխանները սոված մնան:
 
«Մարդիկ կան ասում են` սա առաջին դեպքը չի. Այո’, սա առաջին դեպքը չի, և վերջինն էլ չի լինելու այնքան ժամանակ, մինչև պետությունն իր համար զինվոր ծնած մորն աշխատանքով չապահովի»,- ընդգծեց նա` հավելելով, որ 10 000 դրամի գողության համար չի կարելի հիվանդ երեխաների մորն ազատազրկել: 
 
Մ. Պողոսյանի խոսքերով` կալանավայրում մեկ օրն արժե 6318 դրամ, իսկ տարվա կտրվածքով` 2 մլն 306 հազար դրամ. «Հարկատուներիցս հարցրե՞լ են, որ այդ 2 մլն 306 հազար դրամը 6 տարվա կտրվածքով ծախսում են 10 000 դրամի գողության համար դատապարտված անձին կալանավայրում ուղղելու համար: Մենք նման կալանավայրեր ունե՞նք, որտեղ ուղղվում են»,- հարց բարձրացրեց իրավապաշտպանը` շեշտելով, որ Հայաստանում արդարադատություն իրականացվում է խտրականության սկզբունքով: 
 
Նաև նաև տեղեկացրեց, որ նախաքննության փուլում Հասմիկ Սարգսյանը գողացած գումարը վերադարձրել է տուժողին, ում հետ բազմիցս քաղհանի են մասնակցել: 
 
Վերջինս Մ. Պողոսյանին փոխանցել է, որ ներել է Հասմիկ Սարգսյանին, քանի որ շատ լավ գիտի, թե ինչպիսի պայմաններում է ապրում անչափահաս երեխաների միայնակ մայրը: 
 
Իր հերթին ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանը նշեց, որ այդ քայլին դիմել է ստիպված` ելնելով ծանր սոցիալական պայմաններից: 
 
«Նպաստ չեմ ստանում, թոշակ չեմ ստանում, չեմ աշխատում: Նպաստը կտրել են. Քանի անգամ նպաստի համար դիմել եմ սոցապ նախարարություն և քաղաքապետարան: Մինչ այդ քաղաքապետը խոստացել էր մանկապարտեզում աշխատանքով ապահովել, հետո մերժեց` ասելով, որ վրադ քրեական գործ կա, չենք կարող»,- նշեց Հ. Սարգսյանը` հավելելով, որ ինքը և երեխաներն ունեն առողջական խնդիրներ, մասնավորապես, վիրահատության կարիք ունեն: 
 
Անդրադառնալով Սիսիան քաղաքի ոստիկանության կողմից իր նկատմամբ դրսևորած վերաբերմունքին` նա ընդգծեց, որ քննիչներն իրեն ստիպելով, խաբելով ու սպառնալով ցուցմունք գրել են տվել. «Քանոնը պահել են կոկորդիս, ասում են` կմտցնեմ կգնա, մեկ է չես դատվելու, ասա որ դու ես, մենք էլ պրծնենք, դու էլ»: 
 
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի` նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Իրավունք

Նոյյան Տապան. հյուրն է Միքայել Նահապետյանը
16-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Միքայել Նահապետյանը

Ноян Тапан: Передача
16-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан: Передача "Прямым текстом" с Григорием Айвазяном