Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերը պատմության մեջ կմնան «Դեպի ակունքը լույսի» վերտառությամբ գրքի տեսքով. Ֆոտոշարք

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերը պատմության մեջ կմնան «Դեպի ակունքը լույսի» վերտառությամբ գրքի տեսքով. Ֆոտոշարք

  • 12-04-2018 17:29:04   | Հայաստան  |  Գրական էջ

 
«Դեպի ակունքը լույսի» վերտառությամբ նոր լույս տեսած գրքում ամփոփված են Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերը: Ժողովածուն հրատարակվել է Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: 
 
Ինչպես Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը կայացել է նախորդ տարի Ծաղկաձորում: 
 
Ըստ նրա՝  նշյալ համաժողովի շրջանակներում միայն գրական հարցեր չեն քննարկվել, այլ մասնակից գրողները՝ շուրջ 45 հոգի, շոշափել են Սփյուռք-Հայաստան, հասարակական-քաղաքական, կրթական-մշակութային և այլ թեմաներ: 
 
«Սփյուռքից ժամանած մեր գրողներն իրենց կյանքով ապացուցում են, որ հայ գրողը միայն գրող չէ. Նա մանկավարժ է, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչ է, վերջապես մարդ է, որին նայելով՝ սփյուռքահայը պետք է հիշի իր մեծ գրական արժանավորներին»,- ընդգծեց Է. Միլիտոնյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ համաժողովի անցկացման օրերին սփյուռքահայ գրողների հանդիպումներ են կազմակերպվել գրական մամուլի խմբագիրների հետ, որից հետո նրանք  հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Սփյուռքի նախարարությունում: 
 
ՀԳՄ նախագահի խոսքերով՝ վերոնշյալ հանդիպումների շրջանակներում ուրվագծել են նաև հետագա համագործակցության տարբերակները, մասնավորապես, գրողների առաջարկությամբ այս տարի հուլիսին սփյուռքահայ երիտասարդները կայցելեն Հայաստան հերթական համաժողովի աշխատանքներին պատրաստվելու և մասնակցելու համար:  
 
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի գնահատմամբ՝ Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովները խրախուսիչ բնույթ են կրում, նաև ամրապնդում են ինչպես գրական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերը: 
 
Նրա վստահեցմամբ՝ Ռուսաստանի հայերի միությունը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել համաժողովների անցկացման հարցում: 
«Կարծում եմ, սփյուռքահայ մեր գրողները կարևոր դեր են կատարում հայապահպանության հարցում, և այս միջոցառումը վաղուց դարձել է ժողովրդի սիրելի միջոցառումներից մեկը, որը պետք է տարածել»,- նկատեց Վ. Աղայանը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գրական էջ