Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան


Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան

  • 25-05-2018 23:07:15   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Այնտեղ ծանր ու թունավոր մետաղներից բացի, կան նաև ռադիոակտիվ նյութեր, որոնք թթվային դրենաժի արդյունքում խառնվելու են մինչև իսկ Սևանա լիճ հասնող ջրերին:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով այժմ նախապատրաստական և շինարարական աշխատանքներ կատարող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերի բովանդակության և եզրակացության միջև մեծ հակասություն կա, ինչն էլ նախագծի գլխավոր թերությունն է: Ամուլսարի հանքավայրի շահագործման անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի կանաչների միության նախաձեռնությամբ այսօր Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում կազմակերպված քննարկման ժամանակ վերոնշյալ հակասության մասին հայտարարեց «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը:
Հակոբ Սանասարյանի հավաստմամբ, եզրակացության մեջ ջրային պաշարներին, կենդանական և բուսական աշխարհներին հասցվելիք վնասը ներկայացված է 0 դրամ: Սակայն, անտեսելով, որ այս ամենն իրականությանը չի համապատասխանում, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ն ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տված իր դրական փորձագիտական եզրակացության մեջ նույնությամբ շարադրել է «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:
«Քանի որ վերջին տասն օրվա ընթացքում բավականին դեպքեր եղան, նաև դրա արդյունքում նոր կառավարությունը և վարչապետը որոշակի հայտարարություններ արեցին, հիմնականում նաև տողատակերում նկատի ունենալով Ամուլսարի խնդիրը, մտածելով, որ եթե հանկարծ կասեցվի այդ հանքավայրի շինարարությունը և լիցենզիան ու մնացած թույլտվություններն այս պահին, պետությունը կունենա լուրջ ֆինանսական տույժեր` կապված այն խնդրի հետ, և որ այդ ընկերությունը կդիմի միջազգային դատարաններ ու կպահանջի փոխհատուցում,- իր ելույթում ասաց աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:- Այդ ընկերությունը չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան, դրա համար մենք 2011 թվականից արել ենք այն ամեն հնարավորը բոլոր փաստաթղթային, իրավական, նաև ակտիվ գործողությունների առումով, որը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի այդ ընկերությունը չկարողանա դիմել դատարան:
Կան բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ` սկսած տեղական գիտնականների, փորձագետների, և վերջացրած` միջազգային հանրահայտ և շատ լուրջ կշիռ ունեցող փորձագետների: Այդ եզրակացություններն ապացուցում են, որ բացի նրանից, որ պետությունը չի կարողացել տարբեր պատճառներով` օբյեկտիվ և սուբյեկտիվ, գնահատել իրական վտանգները, կա շատ լուրջ հարց, որը որ պետք է հիմա ներկայացնենք և նոր կառավարությանը նույնպես բացատրենք: Բացի նրանից, որ պետությունը չի կարողացել փորձաքննել «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած 5000 կամ 10 000 էջ փաստաթղթերը, կարևորագույն հարցն այն է, որ իրենք այդ փաստաթղթերում ներկայացրել են տվյալներ, որոնք հավաստի չեն, որոնք գիտականորեն հիմնավորված չեն, որոնք չեն համապատասխանում ժամանակակից աշխարհի մեթոդներին:
Կան շատ թերի փորձարկումների, թերի գործողությունների արդյունքում արված եզրակացություններ: Դրա արդյունքում իրենք եկել են այն եզրակացության և ներկայացրել են կառավարություն` թյուրիմացության մեջ գցելով նաև նախորդ կառավարությանը, որ, իբր թե, այդ հանքավայրի շահագործման արդյունքում վնասներն այնքան մեղմ են, այնքան փոքր են, այնքան անտեսանելի են, որ ուղղակի դրանց մասին խոսելն անիմաստ է…»:
Սակայն, ինչպես հավաստեց բանախոսը, բանից պարզվել է, որ դա այնքան էլ այդպես չէ: Համառոտ ներկայացնելով ամերիկաբնակ քիմիկոս- ճարտարագետ, արդյունաբերական ջրերի մաքրման տեխնոլոգիաների աշխարհում հայտնի մասնագետ, տվյալ բնագավառում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող, ցիանիդից և ծանր մետաղներից ոսկի մշակող ընկերությունների արդյունաբերական ջրերի մաքրումն իրականացրած ամերիկյան ընկերության հիմնադիր Հարութ Բրոնոզյանի նախաձեռնության շնորհիվ Ավստրալիայից, Կանադայից և ԱՄՆ-ից փորձագետների տված եզրակացությունը, Լևոն Գալստյանն ասաց, որ նրանք ստորգետնյա և մակերեսային ջրերի վրա ազդեցության փորձագետներ են և հանքերի գործունեության արդյունքում աղտոտման փորձագետներ:
«Իրենք,- շարունակեց Լևոն Գալստյանը,- հստակ նշում են, որ «Լիդիան Արմենիա»-ի և իր խորհրդատուների հայտարարությունները` կապված ջրերի աղտոտման հետ, պարզունակ են և ոչ ճշգրիտ: Օրինակ, նրանք գրում են, որ ողջ հանքաքարը օքսիդացած է, դա ենթադրում է, որ խնդիրներ չեն առաջանա»:
Սակայն, բանախոսի տեղեկացմամբ, փորձագետներն իրենց եզրակացության մեջ գրել են, որ իրականում թեկուզ միայն հանքից հանվելիք դատարկ ապարները կառաջացնեն թթվային դրենաժ, և այդ առնչությամբ ընկերության հանգստացնող պնդումները չեն համապատասխանում հենց «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերում ներկայացված փաստերին:
«Այսինքն` երբ որ այդ մարդիկ ուսումնասիրել են նույն փաստաթղթերը, իրենք եկել են լրիվ հակառակ եզրակացության»,- ասաց ՀԲՃ անդամը և շարունակելով ներկայացնել անկախ փորձաքննության տվյալները, ասաց, որ 460 մլն տոննա թափոնն ունենալու է թթվային դրենաժի լուրջ պոտենցիալ, յուրաքանչյուր 1000 տոննա թափոնից առաջանալու է 50-60 տոննա ծծմբական թթու, մինչդեռ ընկերությունը ոչ մի միջոցառում չի ներկայացրել, թե ինչ եղանակով, ինչ գումարներով պետք է այդ թթուն չեզոքացնի կամ հեռացնի:
Բանախոսի հավաստմամբ, այնտեղ ծանր ու թունավոր մետաղներից բացի, կան նաև ռադիոակտիվ նյութեր, որոնք թթվային դրենաժի արդյունքում խառնվելու են այն ջրերին, որոնք առաջանում են այդ տարածքում և, բնականաբար, աղտոտելու են Որոտան և Արփա գետերը, Որոտան-Արփա-Սևան թունելով հոսող ջրերը, ի վերջո, այդ աղտոտված ջրերը հասնելու են նաև Սևանա լիճ:
«Ինչքան էլ «Լիդիան Արմենիա»-ն փորձում է ներկայացնել, թե այդ խնդիրները չեն առաջանում, այդ փորձագետների եզրակացությունները լրիվ հակառակն են ապացուցում»,- ասաց Լևոն Գալստյանը:
ՀԲՃ անդամը փաստեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը թյուրիմացության մեջ է գցել, շփոթության մեջ է գցել, ըստ էության, սխալ, ոչ հիմնավոր տեղեկություններ է տրամադրել Հայաստանի կառավարությանը, այնպես որ, ՀՀ կառավարությունը հանգիստ, բավարար հիմքերն ունենալով, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրելով (նախորդ կառավարությունը չուզեց ուսումնասիրել) խնդիրը, կարող է հիշյալ հանքավայրի շահագործումը կասեցնել:
«Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն այդ ծրագրի առաջխաղացումը»,- ներկայացնելով փորձագետների եզրակացությունը, ասաց Լևոն Գալստյանը:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք