«Եվրոստան-Ույուտ» ընկերությունն առաջինն արձագանքեց ՀՀ նախագահի կոչին աջակցել հայրենիքի պաշտպաններին

«Եվրոստան-Ույուտ» ընկերությունն առաջինն արձագանքեց ՀՀ նախագահի կոչին աջակցել հայրենիքի պաշտպաններին

  • 04-06-2018 15:34:35   | Հայաստան  |  Բարեգործություն

 
«Եվրոստան-Ույուտ» ընկերությունը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հնչեցրած մտահոգությանը՝ Կենտրոնում բուժվող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է, որ «Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը պատրաստ է օժանդակել բուժում ստացող զինվորներին շինարարական և ճարտարագիտական ոլորտների ժամանակակից և պահանջված մասնագիտությունների ձեռքբերման, իսկ հետո նաև աշխատանքի տեղավորման հարցում:
 
Կազմակերպությունը Վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների համար կիրականացնի 3ds Max, AutoCAD, Photoshop համակարգչային ծրագրերի եռամսյա ուսուցում, կկազմակերպի արտադրական պրակտիկա կահույքի արտադրության, այլումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության, ապակու մշակման, կոփման ոլորտներում: Արտադրական պրակտիկայի կազմակերպումը մասնագետ կադրերի գործնական պատրաստման կարևորագույն փուլերից է: Պարտադիր ծրագրերից բացի նախագծի մասնակիցները ձեռք կբերեն աշխատանքի ինքնաներկայացման, CV-ի կազման հմտություններ, աշխատանքի ընդունման նպատակով անցկացվող հարցազրույցների մասնակցության տեխնիկաներ, ինչպես նաև կծանոթանան խոշոր կազմակերպություններում կառավարչական գործընթացներում փաստաթղթերի ընթացակարգերի առանձնահատկություններին:
 
«Եվրոստան-Ույուտ» ընկերության թիմն արդեն հանդիպում է ունեցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկել են նախաձեռնության մանրամասներն ու հետագա անելիքները:
 
«Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը հայաստանյան պետական և մասնավոր ընկերություններին կոչ է անում միանալ այս անհրաժեշտ և պատվաբեր նախաձեռնությանը՝ միասնական ու արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով: Նախաձեռնության ընթացքի մասին կարող եք տեղեկանալ հետևելով մեր էջի նորություններին և ԶԼՄ-ի հրապարակումներին: 
 
 
Առաջարկների և տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել «Եվրոստան Ույուտ» ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին, Տաթևիկ Սիմոնյան, +37410500561
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն