Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա


Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա

  • 05-07-2018 08:54:18   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
Ի պաշտպանություն այս պահին մեր երկրում, թերևս, ամենահրատապ հարցի՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ տեղում բողոքի ակցիա իրականացնող մեր հայրենակիցների, մայրաքաղաք Երևանում էլ երթ է կազմակերպվելու: 
 
Հունիսի 22-ից, արդեն 3-րդ անգամ, Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչները փակել են հանք տանող ճանապարհները՝ շուրջօրյա հերթապահությամբ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների և տեխնիկայի մուտքը տարածք: Նախաձեռնող խումբը խնդրով մտահոգվածներին, ովքեր չեն կարող տեղում միանալ հանքի շահագործման դեմ բողոքող մեր ընկերներին, և ունեն դիրքորոշում այս հարցում, հրավիրում է միանալ այսօր` հուլիսի 5-ին կազմակերպվող քայլերթին:
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության  օրն է և օրվա խորհրդով, այդ թվում՝ մաքուր և պաշտպանված միջավայրում ապրելու իրավունքի ամրագրումով, մասնակիցները ժամը 10:30-ին (որպեսզի շատ շոգ չլինի) նախ հավաքվելու են Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ (ՀՀ բնապահպանության նախարարություն), որտեղից էլ երթով կշարժվեն կառավարության կենտրոնական մասնաշենք, այնուհետև՝ «Լիդիան Արմենիա»-ի երևանյան գրասենյակի շենք (Վազգեն Սարգսյան փող., 26/1):
Այս ակցիայով ցույց է տրվելու նաև բողոքի միջոցառման մասնակիցների վճռականությունը՝ «Լիդիան Արմենիա»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու հանգամանքի նկատմամբ: Թույլ չի տրվելու, որ Հայաստանում որևէ հանքաարդյունաբերող խոսի սպառնալիքի լեզվով:
Բնապահպանական այս երթը դրա մասնակիցների քայլն է լինելու՝ ի աջակցություն ՀՀ  կառավարության, ինչպես նաև նպատակ ունի քաջալերելու Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի մեր հայրենակիցներին, որոնք արդեն շաբաթներ է, տուն չեն գնում ու գիշերում են փողոցում, թույլ չտալով «Լիդիան Արմենիայի» աշխատել։
«Ամուլսար - Amulsar» ֆեյսբուքյան էջում երեկ կատարվել է հետևյալ գրառումը.
«Մենք պատրա՞ստ ենք, արդյոք, ընդամենը 2 ժամ տրամադրել ու մեր քանակով ցույց տալ, որ մայրաքաղաքը տեղացիների թիկունքին է և ամեն ինչ անելու է, որ հարցը լուծվի ի շահ բնության, ի շահ արդարության ու մեր ապագայի։
Երկու օր առաջ Լիդիանը իր աշխատողներին բերել էր հրապարակ, իբր աշխատող անձնակազմը պահանջում էր, որ թույլ տան իրենք աշխատեն։ Մենք վաղը պիտի ցույց տանք, որ մեզ չեն բերում, մենք գալիս ենք ինքնակամ ու մենք խոսում ենք հազարավոր մարդկանց բերանով»:
Որպես հետգրություն, ներկայացված է ընդամենը երկու խնդրանք՝
1․ Վաղը մասնակցեք քայլերթին ձեր ընկերների, ընտանիքների հետ, ձեր փոքրիկների հետ։ Երթը խաղաղ է ու ամենակարևորը՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ։ Երեխաների ներկայությունը ցանկալի է, կարող են մասնակցել փուչիկներով ու լայն ժպիտներով :) , իրենց ներկայությունը այս հարցում արդեն հաղթական է, քանի որ մենք պայքարում ենք առաջին հերթին իրենց առողջության և ապագայի համար։
2․ Կիսվեք, թող տարածվի նյութը, թող բոլորը տեղեկանան միջոցառման մասին»։
Հայտարարությունը եզրափակված է հետևյալ կոչով՝  «Մի՛շտ դեպի լույս․․․»:
 
Նոյյան տապան  -   Իրավունք