ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»


ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»

  • 13-07-2018 14:21:06   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ». Ամուլսարի փրկության ակցիաները, Ջերմուկի բնակիչների հավաքները դարձել են ազգային անվտանգության խնդիր։
 
ԱԱԾ-ն Ամուլսարի համար պայքարի դուրս եկած մարդկանց վերաբերյալ քննություններ է իրականացնում, հարցաքննությունների է կանչում նրանց, խուզարկում, քրեական գործեր հարուցում, քրեաիրավական գնահատականներ տալիս նրանց վարքին՝ ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Այսպես եղավ Ամուլսարի ճանապարհը փակած մի խումբ «տաքգլուխ» տղամարդկանց հետ, որոնք, հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցելության օրը հանդես գալով տեսախցիկների առաջ, բուռն ելույթներ էին ունենում ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության, ձեռք էին թափահարում, սարսափեցնող ժեստեր անում եւ սպառնում էին «Լիդիանին»։ «Եթե որեւիցե մի ընկերություն Ամուլսար փակեց, վերջը կգա այդ ընկերության, հրապարակավ ասում եմ՝ զենքով խփելու եմ»,- ասել է Երեւանի բնակիչ Արթուր Բունիաթյանը, որն իրեն ազգայնական է համարում եւ Ջերմուկի բնության անխոնջ մարտիկ։
 
Բնապահպանները, որոնք 2012 թվականից պայքարում են Ամուլսարի խնդրի շուրջ, անմիջապես հայտարարեցին, որ իրենք կապ չունեն սպառնալիքներ հնչեցնող այս տղամարդանց հետ, նրանց սադրիչներ անվանեցին։ Ազգայնական «սադրիչների» եւ «խաղաղ» բնապահպանների միջեւ ֆեյսբուքյան մարտեր սկսվեցին։ Մի քանի օր նրանք ոչնչացնում էին միմյանց վիրտուալ տարածքում, վիրավորանքներ փոխանակում, եւ պետք է ընդունել, որ ազգայնականներն ավելի ակտիվ էին բնապահպաններին վիրավորելու հարցում։ Ի վերջո, ազգայնականներով զբաղվեց ԱԱԾ-ն, որին դիմել էր «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով, որ «Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների հասցեին»:
 
ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը» հոդվածով, բերման է ենթարկել երկու հոգու՝ նախկին ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանին եւ Արթուր Արամյանին, նրա ընկերոջը, հարցաքննել են, խուզարկել։ Նրանք, ըստ ԱԱԾ հաղորդման, ասել են, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որեւէ զենք չունեն, որեւէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ եւ տարվում է բացառապես օրինականության սահմաններում։ Փաստորեն, ԱԱԾ-ն վատնել է իր թանկարժեք ժամանակը, կատարել աշխատանք, որ կարող էր ոստիկանության թաղայինն էլ կատարել։ Արթուր Բունիաթյանի արցախցի ընկերներից նախկին ազատամարտիկ Վարուժան Պետրոսյանը, որը նրա գաղափարակից ընկերներից է եւ ՖԲ մարտերի մասնակիցներից, գտնում է, որ ԱԱԾ-ն շարունակում է նույն գործելակերպը, որը դրսեւորել էր նախկինների ժամանակ։ «Դա միշտ էլ եղել է, հիմա էլ շարունակվում է։ Հարցն այն է, որ կարող են նաեւ կառավարության մեջ լինել մարդիկ, որոնք դեմ են Ամուլսարի փրկությանը, այդ գործին։ Մի մասին ձեռք է տալիս, որ հանքն աշխատի։ Ես Արթուրի վրա միշտ վստահ եմ եղել, նա սադրիչ չէ, ինքը հին ազատամարտիկներից է, նա երբեք սխալ չի գործի»։ Բնապահպան երիտասարդներին անգամ ԱԱԾ նոր «օպերացիան» չի ուրախացրել։ «Եթե կարճ, ապա Արթուրենց արածին ԱԱԾ գործողությունը համարժեք է։ Հրապարակային խոսքը, որը հանրային վտանգ է ներկայացնում, պետք է միշտ պետական մարմինների հսկողության տակ լինի, բայց ես համաձայն եմ, որ սրանով պարտադիր չէր, որ ԱԱԾ-ն զբաղվեր։ Մոտեցումը ճիշտ չէ, բայց եզրահանգումը, թե պետությունն ուզում է ճնշել այսկերպ պայքարող քաղաքացիներին, վտանգավոր եմ համարում։ Ես համաձայն եմ, որ պետք է պետությանը սթափության մեջ պահել, բայցեւ պետք է նրա կողքին լինել, այսօր միջազգային ֆինանսական կորպորացիաները ճնշում են մեր պետությանը»,- ասաց բնապահպան ջերմուկցի Վազգեն Գալստյանը։ Հարցին, թե այդ դեպքում ինչու են ջերմուկցիները շարունակում ճանապարհները փակ պահել, նա պատասխանեց․ «Եթե մենք չփակեինք, որեւէ երաշխիք չկար, որ պետությունը սրանով կզբաղվեր։ Մենք, հավատալով ու վստահելով Փաշինյանին, այնուամենայնիվ, չբացեցինք ճանապարհը»։ Վազգեն Գալստյանը համաձայն էր, որ մի օր էլ «Լիդիան Արմենիան» կարող է իր դեմ բողոքել ԱԱԾ, եւ այդ ժամանակ հատուկ ծառայությունները, գուցե, նաեւ իր հետեւից գան։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը