Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…


Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…

  • 27-07-2018 21:19:01   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Ոսկի ու շահույթ ստանալու մարմաջն այս դեպքում բնության համար կործանարար լինելուց բացի, կարող է կործանարար լինել նաև Հայաստանի համար:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, կառավարության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները պետք է պաշտոնապես արգելվեն` «Լիդիան Արմենիա» (նախկինում` «ԳԵՈԹԻՄ») ՓԲ ընկերությանը գրավոր զգուշացնելով և վաղաժամկետ լուծելով նշված ընկերության հետ 2012թ. սեպտեմբերի 26-ին կնքված ընդերքօգտագործման N ՊՎ-245 պայմանագիրը` համաձայն նույն պայմանագրի 3-րդ կետի 3.1 և 3.1.2 ենթակետերի և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի:
Պարզվում է, վերոնշյալ իրավական հնարավորությունը եղել է ավելի վաղ` դեռ նախորդ իշխանության օրոք, սակայն նշված նախարարությունը, նախկին կառավարությունն այդպես չեն վարվել կամ բավարար համարձակություն չունենալով, կամ էլ, ամենայն հավանականությամբ, տուրք տալով նորին մեծության կոռուպցիային: Նոր Հայաստանի պայմաններում ինչպե՞ս կվարվեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու նախարար Արթուր Գրիգորյանը, ինչպե՞ս կվարվեն ՀՀ ներկայիս կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լակմուսի թղթի նման ցույց է տալու, թե իրականում նո՞ր Հայաստանում ենք ապրում, թե դեռ նախկին, ցույց է տալու, թե նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր… Միայն թե թող որևէ մեկի մտքով չանցնի ասել, թե նախկիններն այնպիսի սխալ են թույլ տվել, որ այլևս հնարավոր չէ շտկել, թող չփորձեն պատճառաբանել, թե չկա հիմնախնդրի լուծման իրավական ճանապարհ, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա հասնել իր համար անվնաս հանգուցալուծման, եթե նույնիսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը համարձակվի դիմել տեղական կամ միջազգային որևէ դատարան:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի միջև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով 2012թ. սեպտեմբերի 26-ին կնքված ընդերքօգտագործման N ՊՎ-245 պայմանագրով նախարարությունը (որպես լիազոր մարմին) ընդերքօգտագործողին` «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի «Տիգրանես» և «Արտավազդես» տեղամասերը օգտակար հանածոյի պաշարների մարման (շահագործման) համար ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնել… Հետագայում նույն նպատակով հանձնվել է նաև «Էրատո» տեղամասը: Պայմանագրի 3-րդ կետով և 3.1.2 ենթակետով հստակ սահմանված է, որ լիազոր մարմինն իրավունք ունի «գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ լուծելու պայմանագիրն օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն»:
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե «ընդերքօգտագործողը հայտնաբերել և լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացրել… չնախատեսված էկոլոգիական ռիսկերի ի հայտ գալու մասին»: Ավելին. ըստ նշված կետի 6-րդ ենթակետի, «Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծելու ընդերքօգտագործման պայմանագիրը», իսկ 8-րդ ենթակետի համաձայն, «Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար»:
Տվյալ պարագայում ընդերքօգտագործողը` «ԳԵՈԹԻՄ» («Լիդիան Արմենիա») ընկերությունը, տեղյակ լինելով, որ կան չնախատեսված (լիազոր մարմնին, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին չներկայացված) էկոլոգիական ռիսկեր, այդ մասին լիազոր մարմնին ոչ միայն 14 օրվա ընթացքում, այլև ընդհանրապես չի տեղեկացրել: Նշենք այդ չներկայացված, թաքցված էկոլոգիական ռիսկերից հիմնականները` բացհանքի (հանքի շահագործման ենթակա տեղամասերի) բուն տարածքում թթվային դրենաժի ռիսկի անկառավարելի լինելը («Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները ժամանակին հերքում էին նույնիսկ թթվային դրենաժի առաջացման հնարավորությունը), ծանր, թունավոր մետաղներով և այլ տարրերով մակերևույթային ու ստորգետնյա ջրերի (ներառյալ` «Ջերմուկ» հանքային արժեքավոր և աշխարհում հազվագյուտ ջրի, դրա ստորգետնյա աղբյուրների) թունավորման կամ աղտոտման ռիսկը, Ամուլսարի հատվածում գոյություն ունեցող ուժեղ քամիների միջոցով հանքի տարածքում կատարվող պայթեցումների, հետագայում նաև (եթե չարգելվի) հանքի շահագործման հետևանքով առաջացող փոշու առավել փոքր չափի մասնիկների` Ջերմուկ քաղաք և շրջակա այլ բնակավայրեր (և ոչ միայն…) հասնելու ռիսկը:
Լիազոր մարմնին չտեղեկացված վերոնշյալ ռիսկերին նախկինում անդրադարձել և առաջիկայում հանգամանորեն դեռ էլի կանդրադառնանք, այժմ ևս մեկ անգամ ներկայացնենք դրանցից առաջինը` բուն տարածքում թթվային դրենաժի ռիսկի անկառավարելի լինելը:
Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում կլինե՞ն չկառավարվող ռիսկեր: Պատասխանելով մեր այս հարցին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը դեռ մեկ տարի առաջ ասել է.
«Այո, թթվային դրենաժը, որը կառաջանա տարբեր սուլֆիդների օքսիդացման հետևանքով, հենց չկառավարվող ռիսկ է: Ամուլսարը սուլֆիդային դասի հանքավայր է, որտեղ տարբեր մետաղներ առկա են ծծմբի միացությունների տեսքով: Կան երկաթի, պղնձի, այլ մետաղների միներալներ (բնական քիմիական միացություններ): Սուլֆիդային հանքավայրերում, նրանց թվում նաև` Ամուլսարում, բոլոր բնական միացությունները մետաղի և ծծմբի միացություններ են: Օրինակ` պիրիտ (երկաթ-ծծումբ-թթվածին), խալկոպիրիտ (երկաթ-պղինձ-ծծումբ-թթվածին), և այլ մետաղների հետ ծծմբի միացություններ:
Սուլֆիդային հանքավայրերը հայտնի են նաև նրանով, որ դրանցում շատ քիչ պարունակություններով առկա է լինում ոսկի: Այն հանդիպում է որպես միկրոխարնուրդ սուլֆինային միներալների մեջ։ Բնական գործոնների ներքո (մթնոլորտային տեղումների, թթվածնի ներխուժման…) այդ միներալները սկսում են օքսիդանալ և առաջանում են տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ: Քանի որ այդ հանքավայրերում բավական շատ է երկաթի ծծմբային միացությունների պարունակությունը, ապա առաջանում են երկաթի տարբեր ձևի օքսիդացված միացություններ, ժողովրդական լեզվով ասած` ժանգ (գիտական եզրույթաբանությամբ` լիմոնիտ): Այդ ժանգը հատկություն ունի իր մեջ հավաքելու տվյալ հանքանյութում եղած չնչին ոսկին, այն կուտակում է իր մեջ` ստեղծելով ոսկու տասնյակ, իսկ որոշ տեղերում նույնիսկ հարյուրավոր անգամներով ավելի բարձր խտություններ, քան չփոփոխված հանքավայրում եղած ոսկու խտությունն է: Այսինքն` ժանգոտած հանքավայրի մեջ, ի տարբերություն չփոփոխվածի, որոշ մասերում կարող են լինել ոսկու բարձր պարունակություններ:
Ամուլսարում վերին հորիզոնները բավական ուժեղ փոփոխված են, դրա համար այնտեղ, ըստ հետազոտողների, կան ոսկու բարձր պարունակություններ: Դրանք, սակայն, ստորին հորիզոններում կարող են չլինել: Պետք է հաշվի առնել, որ շատ անհավասար են այդ պարունակությունները, քանի որ երկրորդական գործընթացի արդյունք են, և համապատասխան պայմաններ են անհրաժեշտ կուտակվելու համար: Ոսկու պարունակությունը կարող է մի տեղ լինել շատ բարձր, իսկ 10 մետր հետո չլինել կամ լինել շատ քիչ, այսինքն` ոչ հավասարաչափ բաշխված»:
Գիտնականի հավաստմամբ, ինքն ընկերության փաստաթղթերում չի հանդիպել երկաթի սուլֆիդի զանգվածը ներկայացնող հաշվարկների: Ավելին. չի հանդիպել նաև հաշվարկների, թե մոտավորապես քանի՞ տոննա կամ լիտր ծծմբաթթու կառաջանա այդ հանքավայրի հետագա օքսիդացումից, ի՞նչ ծավալի ծծմբային ջրեր կառաջանան արդեն մարդկային այդ ներազդեցությունից հետո: Իսկ այնպիսի հանքավայրերում, ինչպիսին Ամուլսարն է, ինչպե՞ս են առաջանում ծծմբային ջրերը:
«Տեղի է ունենում հասարակ քիմիական ռեակցիա, երբ ջուրը միանում է այդ սուլֆիդային միներալների հետ, առաջանում է ծծմբական թթու,- ասաց Արմեն Սաղաթելյանը:- Կան բանաձևեր (տարրական քիմիա է), որ ցանկացած սուլֆիդային միներալ մտնելով ջրի հետ փոխազդեցության մեջ, արդյունքում, այսպես թե այնպես, առաջացնում է ծծմբական թթու` H2SO4»:
- Կարելի է կատարել հաշվարկներ և ունենալ պատկերացում, թե Ամուլսարում H2SO4-ն ինչ խտությամբ կառաջանա, սակայն, ըստ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի, ինքն ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում այդ հաշվարկները չի տեսել:
Գիտնականը բացատրեց նաև, թե ջուրն Ամուլսարի հանքավայրում ինչպե՞ս է առաջանում, ինչպես է առաջանալու:
Ամուլսարի հանքավայրում խնդիրն, առաջին հերթին, այն է, որ ապարները շատ ճաքճքված են, երկրորդը, որ հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով,- ասաց Արմեն Սաղաթելյանը:- Այսինքն` փորվելու է հսկայական փոս («կարիեր»), որը ձագարի դեր է խաղալու, և՛ մթնոլորտային տեղումները, և՛ մակերեսային հոսքերը, և՛ գրունտային ջրերը, բոլորը լցվելու են այդ ձագարի մեջ, որն այդ ամբողջ ջուրը քաշելու է դեպի խորք: Ըստ էության, ձևավորվելու է ջրային հոսք, որն իր մեջ ներառելով ծծումբը և վերածվելով տարբեր խտությունների ծծմբական թթվի, խառնվելու է ստորգետնյա ջրերին»:
Անդրադառնանք այն իրողությանը, որ վերոնշյալ ստորգետնյա ջրերն իրոք կապ ունե՞ն Որոտան և Արփա գետերի աղբյուրների հետ, որտեղից այդ գետերը սնվում են:
«Իհարկե, ստորգետնյա ջրերն ունեն ելքեր դեպի մակերես, ինչը տեղի է ունենում ռելիեֆի ամենախոր տեղերում, որոնք ձորերն են,- տեղեկացրեց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:- Եթե ուշադրություն դարձնեք, աղբյուրների մեծ մասը ձորերի մեջ է, որտեղ նրանք դուրս են գալիս մակերես ու խառնվում արդեն մակերևութային ջրերին, որոնք առաջանում են նաև ձնհալներից և անձրևներից։ Այդտեղ առաջին խնդիրն է ծագում, որ այդ թթվային ջրերի ստորգետնյա հոսքը կարգավորելու մեխանիզմներ, առաջինը, չկան, քանի որ շատ բարդ տեխնիկական խնդիր է: Երկրորդ` ՇՄԱԳ հաշվետվությունում որևէ կերպ չի արծարծվում` ինչպես կարգավորել այդ թթվային դրենաժը։ Ես համարում եմ, որ այդ ռիսկը չկառավարվող ռիսկ է»:
Հասանք ընթերցողներին թերևս ամենահետաքրքրող հարցին` իսկ թթվային դրենաժի և այդ ռիսկը չկառավարելու հետևանքով ինչե՞ր են լինելու…
«Առաջինը` քաղցրահամ բազմաթիվ աղբյուրներ վերածվելու են թթվային կազմ ունեցող ջրերի և, կախված թթվայնության չափերից, կարող են այլևս ոչ պիտանի դառնալ ոռոգման, ինչպես նաև մարդկանց և անասունների խմելու համար,- ասաց Արմեն Սաղաթելյանը:- Երկրորդ. այդ աղբյուրները կբարձրացնեն թթվայնությունը հենց հիմնական գետերի` Արփայի և Որոտանի, ինչը կազդի այդ գետերի էկոլոգիական համակարգի վրա, լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, կփոխվի ջրի թթվայնությունը, կփոխվի նաև այդ ջրում լուծված աղերի քանակը, թթու ջուրն իր մեջ ավելի շատ աղեր ու մետաղներ կարող է լուծել, այսինքն` այդ ջուրը նաև թունավոր է լինելու և ոչ պիտանի ոռոգման համար»:
Եթե ջուրը թունավոր դառնա, բնականաբար, թունավոր կդառնան նաև այդ ջրով ոռոգված գյուղմթերքները: Գիտնականն Ամուլսարի պարագայում հաստատելով այս ռիսկի առկայությունը, ասաց.
«Հենց դրա մասին է խոսքը, որ այդ թթվային դրենաժը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ ունի բարձր թթվայնություն, այլ նաև նրանով, որ բարձր թթվայնության հետևանքով իր մեջ լուծում է հանքավայրում ազատ իոնների ձևով եղած մետաղները, այդ թվում թունավոր տարրերը` կապար, մկնդեղ, քրոմ և այլն: Ջրի թթվայնությունը որքան բարձր լինի, այնքան ավելի շատ կլուծվեն այդ տարրերը ջրի մեջ, և շատ ավելին կլուծվեն, քան սովորական ջրում են լուծվում: Ասեմ նաև, որ Արփա և Որոտան գետերի ջրերով ոռոգվող մեր հողատարածքների մակերեսը բավական մեծ է, պետք է նկատի ունենալ նաև, որ մեր հայտնի գինիների համար օգտագործվող խաղողի այգիներն Արփայի ջրերով են ոռոգվում»:
Ահա և ապացույցը նրա, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը վերոնշյալ էկոլոգիական ռիսկերի մասին ոչ միայն լիազոր մարմնին չի տեղեկացրել, այլև միմյանց հակասող տեղեկություններ, կիսաճշմարտություններ ներկայացնելու միջոցով փորձել է վերոնշյալ ռիսկերը հերքել ու թաքցնել հասարակությունից` այն դեպքում, երբ դրանք առանձին գիտնականներ (ինչպես, օրինակ, մեր զրուցակիցը) բացահայտել ու հրապարակել են մամուլում: Արմեն Սաղաթելյանի տեղեկացմամբ, արձագանքելով մամուլում իր հրապարակումներին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը նշել էր, թե այնտեղ ընդհանրապես սուլֆիդներ չկան, եղած սուլֆիդներն ամբողջովին օքսիդացված են, 100 տոկոսով օքսիդացված հանքավայր է, որտեղ չի կարող առաջանալ որևէ թթու:
«Սակայն,- շարունակեց Արմեն Սաղաթելյանը,- հենց իրենց ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում գրված է, որ այնտեղ մակերևույթին կա թթու առվակ, նաև` «Բենիկ լիճ» անվամբ հայտնի մի լիճ, որի ջուրը նույնպես թթու է, ընդ որում, դեռ մինչև հանքավայրի շահագործումը: 
Ավելին. եթե մենք դատենք ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակից, հանքավայրի տարածքում օքսիդացման գործընթացները շարունակվում են: Այն օտարերկրյա ընկերությունը, որը պատրաստել է այդ ՇՄԱԳ հաշվետվությունը, նշել է, որ առկա է թթվային դրենաժ, քանի որ մի շարք աղբյուրներ չեն համապատասխանում խմելու ջրի որակին, թթու են, այսինքն` գործընթացը նկարագրված է:
Բացի նրանից, ինչի մասին արդեն նշեցի, ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում «Էրատո» տեղամասի վերաբերյալ նկարագրված է, որ խորը հորիզոններում հայտնաբերել են սուլֆատներ: Նկատի ունենանք, որ սուլֆատներն իրենք էլ լուծվում են ջրով (ընդ որում, ավելի հեշտ, քան սուլֆիդները), ավելի արագ են առաջացնում ծծմբական թթու, քան սուլֆիդները:
Ընդգծեմ, որ Ամուլսարի հանքավայրում ծծմբային միացությունները թեև զգալի չափով օքսիդացված են, առաջացած է ժանգ, առաջացած են տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ, սակայն դրանք կատալիզատորի դեր են կատարում: Կան բավական շատ գիտական աշխատանքներ, որոնցում նկարագրված է, որ երկաթի օքսիդներն իրենք, իրենց հերթին, դառնում են կատալիզատոր և ավելի արագ են օքսիդացնում եղած սուլֆիդները, որոնք դեռ չեն օքսիդացել: Քանի որ այնտեղ կան սուլֆիդներ և այդ հանքավայրի ապարներն էլ են սուլֆիդացված, կսկսվի ավելի արագ օքսիդացման գործընթաց և ծծմբաթթվի գոյացում:
Ընդգծեմ, որ նշված երևույթները մասամբ տեղի են ունենում դեռ հիմա, այսինքն` այն ժամանակ, երբ հանքավայրը դեռ բավական մեկուսացված է արտաքին ազդեցություններից: Մասամբ են տեղի ունենում` շնորհիվ նրա, որ այնտեղ մակերեսին կա կավային շերտ, կա հողային շերտ, այնտեղ կա չամ, որոնք թույլ չեն տալիս, որ շատ ջուր ներթափանցի հանքավայրի մեջ: Հենց բացեցին, հեռացրեցին այդ շերտերը, մի քանի մետր խորացան, Ամուլսարի հանքը դառնալու է թթու արտադրող հսկայական գեներատոր, որը կանգնեցնել արդեն, ըստ երևույթին, հնարավոր չի լինի: Նկատի ունենանք նաև այն, որ այդ թթվային գեներատորը միայն մեկ կամ տասը տարի չէ, որ ծծմբական թթու է արտադրելու, միայն հանքի շահագործման ընթացքում չէ, որ գոյանալու է այդ վտանգավոր թթուն, ծծմբական թթվի արտադրությունը կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ»:
Ընկերության կողմից չներկայացված ևս մեկ էկոլոգիական ռիսկ, որ հանքի շահագործման դեպքում սպառնալու է Սպանդարյան-Կեչուտ թունելին (Որոտան-Արփա- Սևան թունելի առաջին հանգույցին):
«Թունելը կքայքայվի,- ասաց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:- Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասն անմիջական շփում կունենա Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա թունելի հետ, որը նախատեսված է Սպանդարյանի ջուրը դեպի Կեչուտի ջրամբար, ապա Սևանա լիճ տեղափոխելու համար: Այդ թունելը երկաթբետոնյա կոնստրուկցիա է, որն, իհարկե, ժամանակի ընթացքում չի դիմանա այդ թթու ջրերի քայքայիչ ազդեցությանը, և մենք այնտեղ վթարային վիճակներ կունենանք:
Ի դեպ, եթե, այնուամենայնիվ, հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները չդադարեցվեն, ապա մինչև հանքավայրի վրայի հողի ու կավի շերտի հեռացումը, անհրաժեշտ է, որ լինի պետական հանձնաժողով, որը կգնահատի Կեչուտ-Սպանդարյան թունելի վիճակը, այսինքն` կպարզի, կարձանագրի, թե ինչ վիճակում է այն` մինչև հանքի բացումը ու թթվային դրենաժի խնդրի առաջացումը, որպեսզի հետո տեսնենք, թե ինչ է կատարվում ու համեմատելու հնարավորություն ունենանք: Այլապես «Լիդիան Արմենիա» ընկերությունը վաղը կարող է ասել, որ իրենք մեղավոր չեն, թունելը քայքայված վիճակում է եղել դեռ մինչև իրենց կողմից համապատասխան աշխատանքների սկսումը:
Փաստորեն, այդ անհրաժեշտ ու կարևոր աշատանքը` թունելի ներկայիս տեխնիկական վիճակի փաստագրումը, կատարված չէ, այն այսօր որևէ փաստաթղթում հստակ արձանագրված չէ:
Ընկերությունը թունելի վրա թթվային դրենաժի հնարավոր ազդեցության խնդրին անդրադարձել է ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում, որը Հայաստանում պաշտոնական փաստաթուղթ չէ, իսկ հայերեն տարբերակում փորձ է արվել այդ հարցն առավելագույն չափով, ինչպես ասում են, սվաղել ու շրջանցել։ «Թթվային դրենաժ» եզրն ընդհանրապես չկա, չի դիտարկվում այն խնդիրը, որ սուլֆիդային հանքանյութի ու սուլֆիդացված ապարների հետ ջրի ռեակցիայի հետևանքով հանքավայրում թթվային լուծույթ է առաջանալու: Այդ խնդրին անդրադարձ կա ոչ թե հանքավայրի, այլ այն ապարների հետ կապված, որոնք, դուրս կհանվեն հանքից: Դրանց մեջ էլ բավական շատ պիրիտ, այսինքն` դարձյալ երկաթի սուլֆիդ կա: Այդ կապակցությամբ գրված է, թե կարող են առաջանալ այդպիսի վտանգավոր ջրեր և ինչպես պետք է հավաքեն այդ ջրերը։ Դե, այդտեղ հնարավոր է ջրերը հավաքելը, տեխնիկական լուծում կա, այսինքն` դա կառավարելի ռիսկ է: Ուրիշ բան` գործնականում կհավաքե՞ն, թե չեն հավաքի: Սակայն, բուն հանքավայրում թթվային դրենաժի առաջացման, այսինքն` այն մասին, որ հանքավայրն ինքն է դառնալու թթու ջրերի հսկայական գեներատոր և առաջանալու է անկառավարելի ռիսկ, խոսք չկա: Բուն հանքավայրի մեջ գոյացող թթվային դրենաժը կառավարելի չէ»:
Անդրադառնալով այն հարցին, որ Սպանդարյան-Կեչուտ թունելի քայքայումից հետո ծծմբական թթու պարունակող վերոնշյալ ջրերը կհոսե՞ն դեպի Սևանա լիճ, կա՞ իրադարձությունների զարգացման այդպիսի ռիսկ, Արմեն Սաղաթելյանն ասաց.
«Այդ ջրերը, միևնույն է, քայքայված, այս կամ այն չափով քանդված թունելով կհոսեն դեպի Կեչուտ, իսկ եթե դրանից հետո Կեչուտի ջրամբարի ջրերը փորձեն տեղափոխել Սևանա լիճ, ապա այնտեղ կգնա թթու ջուր, որը ճանապարհին, ժամանակի ընթացքում հավանաբար կքայքայի նաև Արփա-Սևան թունելը: Այսինքն` Սևանա լճում ռազմավարական նշանակություն ունեցող լրացուցիչ քաղցրահամ ջուր հավաքելու խնդիրը, որը Հայաստանի համար պետք է լինի ազգային ու պետական գերխնդիր, Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի դեռ սկզբնական փուլի իրագործման դեպքում ի չիք կդառնա, մենք մեր ժառանգներին կթողնենք մի շատ լուրջ հիմնախնդիր, շատ տխուր ժառանգություն: Կթողնենք թթվային մի հսկայական գեներատոր, որը կարտադրի ծծմբական թթու պարունակող ջուր, և որն էլ իր մեջ սովորական ջրի համեմատ ավելի մեծ չափերով լուծելով այնտեղ եղած ծանր մետաղները, կաղտոտի մակերույթային ու ստորգետնյա ջրերը, հողատարածքները, դրանցում աճեցված մրգերն ու պտուղ-բանջարեղենները և, ի վերջո, դրանցով սնվող մարդկանց»:
Ընդգծենք, որ ընկերությունը վերոնշյալ էկոլոգիական ռիսկերի մասին ևս չի տեղեկացրել լիազոր մարմնին, թեև դրանք ավելի վաղ հայտնի են եղել նրան, համենայն դեպս, ամենաուշը 2017-ից «Լիդիան Արմենիա» ընկերության համար ի հայտ եկած են եղել գոնե ԶԼՄ-ների հրապարակումներով: Ինչպես արդեն ակնհայտ է, հիշյալ ընկերությունը լիազոր մարմնին լիարժեք իրավական հիմքեր է տվել, որպեսզի վերջինս ընդերքօգտագործման 26.09.2012թ. N ՊՎ-245 պայմանագրի 3-րդ կետի 3.1 և 3.1.2 ենթակետերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի հիման վրա վաղաժամկետ լուծի նշված ընկերության հետ կնքված խնդրո առարկա պայմանագիրը: Ինչպես ասում են, հիմա գնդակը լիազոր մարմնի ու կառավարության դաշտում է:
Ի դեպ, այս ամենը ՀՀ քննչական կոմիտեին չհետաքրքրե՞ց…
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play