Կայացել է ֆրանսահայ թատերագիր Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը


Կայացել է ֆրանսահայ թատերագիր Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը

  • 04-10-2018 12:51:19   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի օրերին ընդառաջ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ֆրանսահայ թատերագիր, բանաստեղծ և դրամատուրգ Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցեցին արվեստագետներ, գրականագետներ, հյուրեր: 
 
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը: Նախարարի խոսքում մասնավորապես ասվում է. «Արթուր Ադամովի պիեսների ժողովածուն, Սաթէ Խաչատրյանի հրաշալի թարգմանությամբ, իրավամբ կոթողային հրատարակություն է: Խորքային ուսումնասիրություններով, գիտական մեկնություններով մեզ տանում է մի մեծ հայի աշխարհ, որը ժամանակին ինչպես հավասարը հավասարի, քայլել է Բեքեթի, Իոնեսկոյի հետ, գուցեև՝ առավել, բայց հայի ճակատագրայնությամբ մնացել է մոռացության խորքերում: Ինչպես Սաթէն է նշում. «Ադամովը ոչ միայն այն երկրի հարստությունն է, որտեղ ստեղծագործել է, այլև այն երկրի, որի արմատներն է կրում»: Ադամովի ողջ դրամատուրգիան կեղծ կամ խաբուսիկ երկխոսությունների կամ այլ կերպ ասած՝ հարաբերական երկխոսությունների շարք է, որտեղ հերոսներից յուրաքանչյուրը հետևում է իր գաղափարին։ Արթուր Ադամովը և նրա ստեղծագործությունները բավականին ճանաչված են Ֆրանսիայի մշակութասեր հասարակության շրջանակներում, սակայն Հայաստանում նրան գրեթե չեն ճանաչում: Պատճառը թերևս այն է, որ Խորհրդային Միության տարիներին նա անընդհատ հետապնդվել է, իսկ նրա մասին տեղեկություններն այդպես էլ չեն հասել Հայաստան: Մեր այսօրվա միջոցառումը նպատակ ունի հայաստանյան ընթերցողին ծանոթացնել ու ճանաչելի դարձնել Արթուր Ադամով գրողին ու նրա ստեղծագործությունները: Հուսով ենք, որ այս ձեռնարկը Արթուր Ադամովի՝ դեպի Հայաստան «վերադարձի» խորհրդանշական սկիզբը կդառնա»: 
Ներկայացվեցին դրվագներ Արթուր Ադամովի կենսագրությունից: 
Մեծ գրողի, թարգմանչի անցած ուղու, ստեղծագործության առանձնահատկությունների մասին իրենց ելույթներում խոսեցին թարգմանության հեղինակ, Լիոնի «Sate Atre» թատերական միության գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասանուհի, թարգմանչուհի, բանասիրության գիտությունների թեկնածու և գրող Սաթէ Խաչատրյանը, լրագրող, գրականագետ,  բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտի  ռեկտոր Դավիթ  Մուրադյանը, գրող, հրապարակախոս, արձակագիր Թորոս Թորանյանը և այլք: 
Ադամովը գրել է 22 թատերգություն, նաև երեք ինքնակենսագրական վեպերի հեղինակ է՝ «Խոստովանություն» (1946թ), «Մարդն ու երեխան» (1968թ) և «Ես … նրանք» (1969թ)։ Հեղինակել է ռադիոֆոնիկ պիեսներ։ Գրել է նաև բանաստեղծություններ։
.
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր