ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի գերազանցության առասպելը հօդս է ցնդում
19-10-2018 23:36:41 | ԱՄՆ | Քաղաքական
ԱՄՆ-ի կործանիչ ավիացիայի հպարտությունը, թիվ 1 ինքնաթիռը կամ աստղը հանդիսացող հինգերորդ սերնդի բազմանպատակային F-35 գերթանկարժեք կործանիչների բոլոր նախատեսված թռիչքները չեղարկվել են տեխնիկական հիմնախնդիրների ի հայտ գալու պատճառով: Այդ մասին մոտ մեկ շաբաթ առաջ հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Պենտագոնն անցյալ շաբաթ հայտարարել է, որ տեխնիկական խոտորումների պատճառով F-35 տեսակի բոլոր ինքնաթիռներն ԱՄՆ-ում ու աշխարհի որևէ այլ կետում թռչելու իրավունք չունեն: ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաև, որ «Լոքհիդ Մարտին» գործարանում արտադրված այս արդիական ինքնաթիռների թռիչքը կասեցվել է վառելիքի խողովակների քննության նպատակով: Նշված քննությունների մասին հայտարարվել է սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում F-35-ի կործանման մասին հետաքննության նախնական զեկույցի հրապարակումից հետո:
F-35 ռազմական ինքնաթիռների նախագծումը և արտադրությունը ԱՄՆ-ի ռազմական ամենամեծածախս նախագծերից մեկն է, որի համար ծախսվել է շուրջ 406 մլրդ դոլար: «Լոքհիդ Մարտին» 2018 թվականին գնորդներին պետք է հանձնի F-35 մակնիշի 91 ինքնաթիռ, հետևաբար եթե ի հայտ եկած տեխնիկական խնդիրները ժամանակին չվերացվեն, ընկերությունն այդ գործարքների մի մասի առումով խախտած է լինելու իր պայմանագրային պարտավորությունները:
Ի դեպ, Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ շրջանակներում ոմանք իրենց հույսը ԱՄՆ-ից ստացած հենց այս ինքնաթիռների վրա էին դրել՝ հույս ունենալով, որ «ստելս» տեխնոլոգիայով պատրաստված և ռադարների կողմից գրեթե աննկատելի այս կործանիչները չեն նկատվի Սիրիայում վերջերս տեղակայված հակաօդային պաշտպանության ռուսական C- 300 համալիրների կողմից, հետևաբար, հարկ եղած դեպքում, կկարողանան խոցել ու շարքից հանել նաև դրանք: Ռուսներն այդ կապակցությամբ ծիծաղում են՝ հրեաներին և ամերիկացիներին հիշեցնելով, թե Հարավսլավիայի ՀՕՊ-ն ինչպես է բոլոր առումներով հնացած խորհրդային С-125 («Նեվա») զենիթահրթիռային համալիրի 5В27Դ հրթիռով 1999թ. մարտի 27-ին հիշյալ երկրի երկնքում կործանել դարձյալ «ստելս» տեխնոլոգիայով պատրաստված և ռադարների կողմից անտեսանելի համարվող ամերիկյան մեկ այլ ինքնաթիռ՝ հարվածային F-117A («Նայտխոկ») գրոհայինը (ըստ այլ աղբյուրների, մարտավարական ռմբակոծիչը), որը հայտնի է նաև «Գիշերային բազե» անվանմամբ: Ինչ վերաբերվում է C- 300-ին, ապա այն С-125-ից այնքան է կատարյալ, որ դրանք իրար հետ նույնիսկ համեմատել հնարավոր չէ:
F-35 կործանիչների թռիչքների չեղարկումը, սակայն, վերջին օրերին ամերիկյան ռազմական ավիացիայի ունեցած միակ ձախողումը չէ: Խայտառակ միջադեպ է գրանցվել 2 օր առաջ. ԱՄՆ-ի երկու F-15 կործանիչ չորեքշաբթի օրը Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի Հեջին գյուղի մոտակայքում քուրդ աշխազորայիններին ԱՄՆ-ի կողմից օդային օժանդակություն ցուցաբերելու ժամանակ ռմբակոծել են հենց նրանց՝ Միացյալ Նահանգների դաշնակից Սիրիայի քրդերի դիրքերը: Հարձակման հետևանքով, համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման, զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Ամերիկացիները հայտարարել են, որ դա անցանկալի հարձակում, սխալ է եղել:
ԱՄՆ-ն ահաբեկիչների դեմ պատերազմելու պատրվակով իր զորքը Սիրիայից դեռ դուրս չի հանում, և դա այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու առաջին օրերին խոստովանել է, որ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման հիմնական դերակատարը Միացյալ Նահանգներն է:
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան զորքի ներկայությունն անօրինական է, և այդ երկրում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը գաղութարարական բնույթ ունի:
ՌԴ ներկայացուցիչը հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարն ընդամենը պատրվակ է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ներկայության համար, և ընդգծել, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող և Սիրիայում քիմիական հարձակումներում դերակատարություն ունեցած «Սպիտակ սաղավարտավորներ» խումբը պետք է հեռանա Սիրիայից:
ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին իր հերթին ընդգծել է, որ «ԱՄՆ-ի կոալիցիան Սիրիայում կռվում է բոլոր կողմերի դեմ, բացառությամբ՝ ահաբեկիչների»:
«Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված կոալիցիան նպատակ ունի ոչնչացնել Աստանայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները,- հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը, կրկին անգամ անօրինական համարելով Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա գլխավորած կոալիցիայի ռազմական ուժերի ներկայությունը: