Արտաքին տնտեսական քաղաքականության խթանման ուղիները․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթի» պանելային քննարկմանը

Արտաքին տնտեսական քաղաքականության խթանման ուղիները․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթի» պանելային քննարկմանը

  • 24-10-2018 16:52:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեությունը որպես գործարարության զարգացման հարցում տնտեսական աճի և կայունության գործոն» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկումը վարում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության  ներսում արտաքին տնտեսական ակտիվության խթանման ուղիները։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ունի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններ և, առաջին հերթին, ոչ  հումքային արտադրանքի արտահանման ուղղությամբ։
 
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություն է տալիս փնտրել նոր և ընդլայնել արդեն իսկ առկա արտաքին շուկաները` մեր արտադրանքի արտահանման ծավալների ավելացման նպատակով», - նշել է նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում անհրաժեշտ է մշակել պրագմատիկ մոտեցումներ՝  արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացը բարելավելու, օպտիմալացնելու, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները և արտաքին տնտեսական գործառույթները հստակեցնելու համար:  
Տիգրան Խաչատրյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է, թե արտահանման խթանման ինչ գործիքներ են ներկայումս  կիրառվում Հայաստանում՝ արտահանման վարկավորում, խորհրդատվական, տեղեկատվական ծրագրերի իրականացում, արտահանողների աջակցություն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, արտահանմանն առնչվող նորարարական և արդյունաբերական նախագծերի ֆինանսավորում և աջակցություն, արտաքին տնտեսական գործունեության ապահովագրություն:
Նախարարի պաշտոնակատարը արտահանման խթանման տեսանկյունից կարևորել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև համագործակցությունը․ «Մենք շահագրգռված ենք ձևավորելու առևտրատնտեսական ամուր հարաբերություններ առաջատար և հեռանկարային տնտեսական  կենտրոնների հետ», - նշել է Խաչատրյանը՝ անդրադառնալով նաև ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագրից ակնկալվող արդյունքներին:  
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության այնպիսի մեխանիզմների ձևավորման կարևորությունը, որոնք թույլ կտան բացահայտել փոքր և խոշոր տնտեսությունների կոոպերացիոն ներուժը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն