Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնում առողջ պացիենտին նշանակել են բուժում. «Մեզ հետ դուք գործ չունեք»՝ տնօրենը՝ ՄԱՄՈՒԼ.am - ին


Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնում առողջ պացիենտին նշանակել են բուժում. «Մեզ հետ դուք գործ չունեք»՝ տնօրենը՝ ՄԱՄՈՒԼ.am - ին

  • 05-12-2018 14:02:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունը ստացել է բողոքներ, ըստ որի ք. Երևանի Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ (New-Med Clinic) ուրոլոգիական կենտրոնի գինեկոլոգը պարզագույն թվաբանական սխալների պատճառով կատարում է սխալ ախտորոշում և նշանակում բուժում կամ բժշկական միջամտություն: Համաձայն տեղեկատվության, ախտորոշման սխալը ոչ թե սարքավորման, կամ տեխնիկական բնույթի է, այլ, բժշկի՝ տարրական թվաբանական սխալների արդյունք:
 
Ներկայացնում ենք քաղաքացու փոխանցած տեղեկությունն առանց խմբագրման.
 
««Նյու մեդ» կլինիկայում անալիզներ հանձնեցի, որի հիման վրա կլինիկայի գինեկոլոգ Լիանան (ազգանունը չեմ հիշում) ինձ մոտ ախտորոշեց բավականին լուրջ սեռավարակ՝ ուրեապլազմայի առկայություն: Նա պնդում էր, որ սա լուրջ վտանգ է ներկայացնում, պետք է հետազոտվի նաև զուգընկերն, ու երկուսս էլ անցնենք բուժման կուրս: Բացի այդ նա ինձ մոտ ախտորոշեց պոլիպների առկայություն ու արգանդի վզիկի էրոզիա: Վերջինը բուժելու համար նա ասաց, որ պետք է մի քանի անգամ իր մոտ լազերային կուրսեր անցնեմ, այլապես վտանգը մեծ է, որ էրոզիան քաղցկեղի պատճառ կդառնա: Նա նաև գիտեր, որ ես պատրաստվում եմ հղիանալ, ու վստահություն հայտնեց, որ չբուժելու դեպքում ես շատ ծանր ու բարդ ծննդալուծում կունենամ: Հարցին, թե ինչ կարժենա իր մոտ բուժվելը, նա պատասխանեց՝ 90-100 հազար դրամի սահմաններում:
 
Բժշկուհու աշխատասենյակից դուրս գալուց հետո զննեցի անալիզների պատասխան թերթիկն ու նկատեցի, որ օրգանիզմում ուրեապլազմայի առկայությունը դրական է համարվում, եթե այն 1,1 ցուցիչից բարձր է: Այնինչ ինձ մոտ ախտորոշվել էր 0,3 (թերթիկը կցված է նյութի վերջում):
 
Վերադարձա բժշկուհու մոտ, ասացի, որ իմ կարծիքով ինքը շփոթվել է: Բժշկուհին քմծիծաղ տվեց ու ինձ սկսեց «բացատրել», որ ես «թվերի մեծ ու փոքրը խառնում եմ», և որ 0,3-ն ավելի մեծ թիվ է, քան 1,1-ը:
 
Զարմացած դուրս եկա, հաջորդ օրը վերադարձա քրոջս հետ և խնդրեցի բժշկուհուն մեկ անգամ էլ ստուգել թվերը: Ստացա նույն պատասխանը. «եթե թվերն ամբողջներով են, ուրեմն որքան թիվը փոքր է, այնքան թիվը մեծ է»:
 
Խոստացանք բուժման գումար ճարելու դեպքում վերադառնալ բուժվելու ու բառի բուն իմաստով փախանք կլինիկայից:
 
Խնդրի մասին տեղեկացրեցինք կլինիկայի ֆինանսական տնօրենին (ով բժշկական կրթություն չունի): Վերջինն ավելի ուշ հայտնեց, որ խոսել է բժշկուհու հետ: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ տվյալ բժշկուհու հետ մասնագիտական տարբեր խնդիրներ հաճախակի են տեղի ունենում: Նա ներողություն խնդրեց, որ նման աններելի սխալ է տեղի ունեցել, ասաց, որ կարողացել է բժշկուհուն համոզել, որ 0,3-ն ավելի փոքր թիվ է, քան 1,1-ը, հետևաբար պացիենտի մոտ սեռավարակի առկայություն չկա: Բացի այդ, նա ասաց, որ իրենք մեկ այլ, ավելի լավ բժիշկ ունեն և կարող է առաջարկել նոր հետազոտություն անցնել տվյալ բժշկի մոտ, ինչից, բնականաբար, հրաժարվեցի:
 
Փոխարենն ստուգվեցի մեկ այլ կլինիկայում, որտեղ նախ ծաղրեցին «Նյու Մեդի» բժշկի անգրագիտությունն ու վստահեցրին, որ ինձ մոտ ոչ միայն ուրեապլազմա, այլև արգանդի վզիկի էրոզիա առկա չէ, կարող եմ հանգիստ հղիանալ և նորմալ ծննդալուծվել»:
 
Պարզաբանում ստանալու նպատակով ՄԱՄՈՒԼ.am-ը գրավոր հարցում ուղարկեց կլինիկայի սեփականատեր և գլխավոր բժիշկ Հարություն Նորայրի Միքայելյանին և խնդրեցինք պարզաբանել՝ արդյո՞ք վերջինը տեղյակ է խնդրից, որքա՞ն ժամանակ է բժիշկը նման թվաբանությամբ պացիենտների բուժում, արդյո՞ք դա նշանակում է, որ բժիշկը հիվանդներին ախտորոշում է որպես առողջ, իսկ առողջներին` հիվանդ, և բուժում նշանակում և այլն: Հարություն Միքայելյանը խուսափեց գրավոր պատասխանից` առանց տեղեկացնելու, որ չի պատրաստվում պարզաբանել խնդիրը:
 
Մեր թղթակիցը կապ հաստատեց վերջինի հետ հեռախոսով:
 
Հարցին, ինչո՞ւ չեք պատասխանում լրատվամիջոցի գրավոր հարցմանը, չէ՞ որ խնդիրը հանրային նշանակություն ունի, Հարություն Միքայելյանը պատասխանեց. «Ես վարձել եմ փաստաբան, ու զանգեք իրան»: Թղթակցի դիտարկմանը, որ խմբագրությունը բժշկական՝ նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ հարցում է ուղարկել ձեզ, փաստաբանը բժիշկ չէ, խմբագրությունը փաստաբանին հարցում չի ուղարկել և դուք պետք է օրենքով սահմանված ժամկետում պատասխանեք լրատվամիջոցի հարցմանը, և չպատասխանելը նշանակում է խուսափել պատասխանից, Միքայելյանը պատասխանեց. «Մեզ հետ դուք գործ չունեք... Չերեզ փաստաբան... Մեզ էլ չզանգեք»:
 
Խնդրի շուրջ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը:
 
Ընթերցողին ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված բժշկական կենտրոնի վերաբերյալ խմբագրությունում առկա են մի շարք այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ ընթանում է լրագրողական հետաքննություն և դրանք շուտով կլուսաբանվեն:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Եթե դուք օգտվել եք բժշկական այս կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:
Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը