«Օրվա թեման». Հեղափոխության հաղթանակը. ջախջախված ՀՀԿ-ն պայքարի նոր փուլ է սկսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Հեղափոխության հաղթանակը. ջախջախված ՀՀԿ-ն պայքարի նոր փուլ է սկսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-12-2018 13:27:43   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան 11 մասնակից ուժերից միայն 3-ը ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի՝  «Բարգավաճ Հայաստան»-ը և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը։ 
 
Նախնական արդյունքների համաձայն, «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70,43 տոկոսը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 8,27 տոկոսի ձայնով, եւ երրորդ տեղում «Լուսավոր Հայաստան»-ն է, որի օգտին քվեարկել է 80 հազար մարդ․ կուսակցությունը ստացել է 6,37 տոկոս ընտրողների ձայներ։
 
Խորհրդարան չանցած ուժերից ամենաշատը՝  4,70 տոկոս ձայն է հավաքել  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» նորաստեղծ կուսակցությունը․ նա ստացել է 0,33 տոկոս ընտրողների ձայներ։  
 
Այդ նորաստեղծ քաղաքական կառույցից քիչ ավելի է ձայն հավաքել «Օրինաց երկիր» կուսակցությունը․ նրա օգտին է քվեարկել ընտրողների 0,99 տոկոսը։ 
 
Դա շատ քիչ է տարբերվում նորաստեղծ եւս երկու քաղաքական ուժերի հավաքած ձայներից՝ այսպես, նորեկներից ամենաշատը ձայն էր հավաքել  
 
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ նա ստացել էր ձայների 0,68 տոկոսը, իսկ քաղաքագետ Լեւոն Շիրնյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ ձայների 0,51 տոկոսը։ 
 
«Սասնա Ծռեր» քաղաքական ուժը, որը նոր է որպես կուսակցություն, սակայն նոր չէ քաղաքականության մեջ, հավաքել է ձայների 1,82 տոկոսը։
 
Դրանից քիչ ավելի՝ ձայների 2,00 տոկոս է հավաքել հայտնի քաղաքական գործիչների միավորումից վերջերս կազմավորված «Մենք» դաշինքը, որի արդյունքում Արամ Զավենի Սարգսյանը դուրս մնաց խորհրդարանից։ Իսկ Հայ հեղափոխական Դաշնակցությանը չհաջողվեց հավաքել ձայների անգամ 4 տոկոսը՝ քաղաքական այդ ուժին իրենց ձանն էին տվել ընտրողների 3,89 տոկոսը միայն։ 
 
Հիշեցնենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմ էր 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48,63 տոկոսը։
 
Եթե նախորդ տարիներին ընտրությունների հաջորդ օրը փողոցում և սոցիալական ցանցերում մարդիկ խոսում էին կեղծված ընտրություններից, զանգվածային ընտրակաշառք բաժանելու մասին դեպքերից և բռնություններից, ապա այսօր բոլորը միմյանց շնորհավորում են վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Օրվա թեման