«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը թարգմանվել է անգլերեն


«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը թարգմանվել է անգլերեն

  • 14-12-2018 10:58:38   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
 
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքը թարգմանվել է անգլերեն:  Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:
Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել նոյեմբերի 13-ին: Այն արդեն իսկ ներկայացվել էր հայերեն և ռուսերեն տարբերակներով, և մեծ հետաքրքրություն առաջացրել Հայաստանի և երկրի սահմաններից դուրս: Գիրքը ներկայացվել է նաև 2018 թ. Մոսկվայի գրքի միջազգային փառատոնի շրջանակում:
 
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասն ընդգրկում է յոթ գլուխ, որոնցում հեղինակային վերլուծություններ են Հայաստանում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների վերաբերյալ՝ սկսած 2018 թվականի մարտի 31-ից մինչև մայիսի 8-ը: Այս ամենը, իհարկե, դիտարկված է վերջին տարիների իրադարձությունների զարգացման համատեքստում՝ նկատի ունենալով նաև դրանց ազդեցությունը երկրում տիրող իրավիճակի վրա: 
Երկրորդ մասի հինգ գլուխները նվիրված են հիմնական ակցիաների, ընդդիմության և իշխանությունների գործողությունների ժամանակագրությանը, որը շատ կարևոր ու անհրաժեշտ է, որպեսզի դրանք պահպանվեն և փոխանցվեն մեր քաղաքացիների ապագա սերնդին: Պաշտոնյաների և ընդդիմության շատ գործողություններ մատուցված են հեղինակի մեկնաբանություններով ու գնահատմամբ:  Գրքում ներառված են նաև Հայկական թավշյա հեղափոխության օրերը ներկայացնող լուսանկարներ:  
« «Թավշյա հեղափոխության» շնորհիվ երկար տարիներ վախի ու լճացման մթնոլորտում գտնվող մարդիկ սկսեցին ժպտալ, գրկախառնվել, ողջունել միմյանց: Հայերը բարի և աշխատասեր ժողովուրդ են: Եվ որևէ մեկն այլևս չի կարող անտեսել նրանց, իսկ ով փորձի, նա ժողովրդի հիշողությունից հավերժ կջնջվի: Չափազանց կարևոր է, որ Հայաստանում հնարավոր եղավ խաղաղ իշխանափոխություն իրականացնել Սերժ Սարգսյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության հաստատած կոշտ և ավտորիտար ռեժիմի, հայկական ԶԼՄ-ների սահմանափակումների և ոստիկանների թվաքանակի մի քանի անգամ մեծացման պայմաններում: Նիկոլ Փաշինյանն իր թիմի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասի հետ միասին՝ Հայաստանի քաղաքացիների զանգվածային աջակցությամբ, կարողացավ ի կատար ածել «թավշյա հեղափոխությունը», որը ոչնչացրեց ավտորիտար ռեժիմի բալաստը»,-նշում է Ստեփան Գրիգորյանը և հավելում. «Այսօր ի հայտ է եկել քաղաքական ուժ, որն իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ միասին Հայաստանի քաղաքացու մեջ սերմանել է հույս, որ մեր երկրում ամեն ինչ կփոխվի, իսկ ավելի ուշ՝ նաև կկարգավորվի: Հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործողությունները հանգեցրին նրան, որ երկրում հաստատված ավտորիտար ռեժիմը սկսեց փլվել: Ի հայտ եկավ Քաղաքացին, ով հավատում է, որ իր յուրաքանչյուր քայլը հիմք է ստեղծում ուժեղ քաղաքացիական հասարակության ստեղծման համար»:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր