Ընթերցողի սեղանին է դրվել Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» -ը


Ընթերցողի սեղանին է դրվել Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» -ը

  • 24-12-2018 10:25:20   | Հայաստան  |  Նոր գրքեր

Պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողի սեղանին է: 1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպի իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Ամերիկայում՝ Ամազոնի խորհրդավոր ջունգլիներում, որոնք իրենց մեջ թաքցնում են մի անհայտ ու զարմանահրաշ աշխարհ: Արշավախմբի անհավանական արկածները համեմված են կոլորիտային կերպարներով և անգլիական նուրբ ու հեգնական հումորով:
 
Գիրքը լույս են ընծայել «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:
Գիրքը բնագրից՝ անգլերենից թարգմանել են Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը: 
 
«Ընդամենն օրեր առաջ երկու հրատարակչություններն ընթերցողների դատին էին հանձնել Շերլոք Հոլմսի ամբողջական հավաքածուն, որը բաղկացած էր վեց հատորից: Երբ հավաքածուի վեց թարգմանիչներն ավարտեցին իրենց հատորների թարգմանական աշխատանքները, նրանք միասին թարգմանեցին Սըր Արթուր Քոնան Դոյլի մեկ այլ՝ «Կորուսյալ աշխարհ»-ը գիրքը»,- շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը: Նա հավելեց, որ երկու հրատարակչությունները հետաքրքիր նախաձեռնություն են իրականացրել: Շերլոք Հոլմսի 6 հատորներից յուրաքանչյուրում հնարավոր է գտնել հատված՝ Կորուսյալ աշխարհի քարտեզից: Միավորելով դրանք՝ հնարավոր է հավաքել ամբողջական քարտեզը և մինչև մարտի 20-ը որպես նվեր ստանալ «Կորուսյալ աշխարհ» գիրքը:
 
«Սըր Արթուր Քոնան Դոյլը ոչ միայն հայտնի է Շերլոք Հոլմսի մասին պատմող գործերով: Նա բազում այլ գործեր ունի: «Կորուսյալ աշխարհ»-ը Քոնան Դոյլի ստեղծագործական գործունեության գագաթնակետերից է, այն ներկայացնում է պրոֆեսոր Չելենջերի արկածները Հարավային Ամերիկայում: Այս գիրքը ոչ միայն գեղարվեստական, այլև ճանաչողական, գիտական նշանակություն ունի»,-շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի թարգմանիչներից Քրիստինե Չիլինգարյանը:
 
Նշենք, որ միջոցառման շրջանակում ներկայացվեց 2001 թվականի արտադրության «Կորուսյալ աշխարհ» ֆիլմը, որը գրքի լավագույն էկրանավորումներից է: 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր