«Մայրապետյանի գործով կոնվենցիայի այն հոդվածն է կիրառվել, որը հենց արագ արձագանք է ենթադրում»


«Մայրապետյանի գործով կոնվենցիայի այն հոդվածն է կիրառվել, որը հենց արագ արձագանք է ենթադրում»

  • 19-01-2019 19:27:30   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հայաստանի նոր իշխանության օրոք Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներով տրված գնահատականներն այլ իմաստ ունեն, քանի որ վճիռների հիմքը հանդիսացող խախտումները չունեն համակարգային բնույթ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
 
 
Վերջին օրերին քննարկվում է գործարար Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ կայացրած որոշումը, որով Հայաստանը պետք է ապահովի Մայրապետյանի բուժօգնություն ստանալու իրավունքը:
 
«Մայրապետյանի գործով կոնվենցիայի այն հոդվածն է կիրառվել, որը հենց արագ արձագանք է ենթադրում, եթե կա կյանքին ու առողջությանը սպառնացող ինչ-որ վտանգ: Այսինքն՝ հենց ինքը կանոնն էր ենթադրում արագ արձագանքել, դա չի վերաբերվում Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի հիմնավորվածությանը»,- ասում է Սաքունցը:
 
Նրա խոսքով՝ այս տեսանկյունից, իհարկե, ՄԻԵԴ-ը ճիշտ որոշում է կայացրել, որովհետև մեզ մոտ իրավական կարգավորումը չի նախատեսում ընթացակարգ, որ խափանման միջոցի տակ գտնվող անձը, եթե ՀՀ-ում բուժվելու հնարավորություն չունի, ապա նրան պետք է թույլատրեն արտերկիր մեկնել:
 
«Եվ այստեղ համակարգային խնդիր կա, ՄԻԵԴ-ն այդ պահանջը ներկայացրել է: Չի էլ ասում, որ դա իրավունքի խախտում է, ասում է՝ եթե թույլ չտաք, ապա իրավունքի խախտում կլինի: Դա ողջունելի է, ՄԻԵԴ որոշումները կարևոր են իրավական համակարգի բարեփոխման համար: Ուղղակի այս իշխանության պարագայում ՄԻԵԴ վճիռներով տրված գնահատականներն այլ իմաստ ունեն, քան նախորդ իշխանության ժամանակ: Այս նոր իշխանության պարագայում չի լինելու այնպիսի իրավիճակ, ինչպես, օրինակ Այլընտրանքային ծառայության մասին օրենքին վերաբերող իրավիճակն էր: Հիշում եք, օրենքն ընդունեցին, բայց 10 տարի շարունակ՝ 2004-2013 թվականներին մարդկանց իրավունքները խախտվում էին, այլընտրանքային ծառայություն չէր ապահովվում, և անընդհատ կրկնվում էին ՄԻԵԴ վճիռները: Ի վերջո, նախկին իշխանությունները գնացին քայլերի, որպեսզի պետական բյուջեն ֆինանսական վնասներ չկրեր: Այս իշխանության պարագայում նման գործելակերպ չի լինելու: Այսինքն՝ այստեղ նաև վճիռների հիմքը հանդիսացող խախտումները չունեն համակարգային բնույթ», ասաց նա:
 
Իրավապաշտպանի խոսքով՝ բայց որ կան մտահոգություններ քննչական ու դատական մարմինների գործունեության հետ կապված, ակնհայտ է: Բայց պետք է հաշվի առնել, որ այդ խնդիրները նոր չեն ստեղծվել: Այլ հարց է, եթե նոր իշխանությունները, նրա խոսքով, հետևություններ չանեն ՄԻԵԴ որոշումներից, դրանց համահունչ փոփոխություններ չկատարեն:
 
Ըստ Սաքունցի՝ օրենքները պետք է փոխել, դատական համակարգի, քննիչների կարողությունները պետք է բարձրացնել, այս մարմինների աշխատակազմերում փոփոխություններ անել:
 
«Այստեղ մի կարևոր հարց կա: Եթե Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի դեմ Եվրոպական դատարանը վճիռ է կայացնում, դա չի նշանակում, որ այնտեղ իշխանությունը խախտումներ է անում: Եվրոպական դատարանի վճիռներն ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի այսօրվա իշխանության նկատմամբ ունեն նույն նշանակությունը: Տարբերություն կա Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների և Ֆրանսիայի դեմ ընդունված վճիռների միջև: Երկուսն էլ խախտումների մասին կարող են լինել, բայց Ռուսաստանի դեպքում դրանք շարունակական խախտումների բնույթ ունեն, որը չկա Ֆրանսիայի կամ Գերմանիայի դեպքում: Մեր դեպքում կիրառելի է ոչ թե Ռուսաստանի վիճակը, այլ հենց Եվրոպական ժողովրդավարական երկրների: Եվ այդ երկրների խմբում ենք մենք գտնվում, ոչ թե Ռուսաստանի: Իսկ քննադատողները դեռևս գտնվում են Սերժ Սարգսանի իշխանության տրամաբանության մեջ»,- հավելեց Սաքունցը:
 
Անդրադառալով այն կանխատեսումներին, թե առաջիկայում այլ աղմկոտ գործերով ևս կարող են հայցեր գնալ ՄԻԵԴ, իրավապաշտպանն ասում է, որ եթե ապացույցների բացակայության հիմքով գնան այդ վճիռները, դա բոլորովին այլ իրավիճակ կստեղծի: Հետևաբար, պետք է սպասել զարգացումներին՝ եզրակացություններ անելու համար:
 
«Ես ունեմ մտահոգություն, որ միայն Քննչական կոմիտեի պետն է փոխվել, բայց կոմիտեի կազմը նույնն է, միայն ՀՔԾ պետն է փոխվել, բայց կազմը նույնն է: Մարդիկ տարիներ շարունակ աշխատել են բոլորովին այլ տրամաբանության մեջ, որը չի ենթադրել մասնագիտական կարողությունների անընդհատ աճ: Եղել է այլ պահանջ՝ ուղղակի ամեն գնով կատարել հրահանգը, և այդտեղ խելք պետք չի եղել: Իսկ հիմա նման հրահանգներ չկան: Նույնը վերաբերում է դատական համակարգին, բայց, կրկնում եմ, ՀՀ նոր իշխանության պայմաններում ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռների բովանդակությունը բոլորովին այլ է լինելու, հաստատ քաղաքական հետապնդման տարրեր չեն լինելու դրանցում»,- ասաց Սաքունցը:
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ