«Օրվա թեման». Ինչի՞ դիմաց Ալեքսանդր Սարգսյանն անհատույց նվիրատվություն արեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Ինչի՞ դիմաց Ալեքսանդր Սարգսյանն անհատույց նվիրատվություն արեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-02-2019 20:33:30   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Արդեն մի քանի օր է, հանրային լայն շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչի դիմաց է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն անհատույց փոխանցել 18,5 մլն դոլար: Որպես ի՞նչ է փոխանցել, դեռևս պարզ չէ՝ այս մասին որևէ տեղեկություն չկա։ 
 
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ այժմ քերական գործ է հարուցված խարդախության համար։ Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 
 
Հիշեցնենք նաև, որ դեռ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սարգսյանին հրապարակավ պահանջ ներկայացրեց պետբյուջե վերադարձնել բանկային հաշիվներից միայն մեկի վրա ունեցած 30 մլն դոլարը։
 
Եվ այսպես՝ հարց առաջին՝ որպես ի՞նչ է Սերժ Սարգսյանի եղբայրը պետությանն անհատույց փող տվել։ 
 
«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան- «Ես կարող եմ միայն պատկերացնել Ալեքսանդր Սարգսյանի մոտիվացիան, թե ինչի համար է նա այդ քայլին գնացել, բայց պնդել, միանշանակ չեմ կարող: Հանրությունը ընկալում է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել , և ինքը այսպես ասած թալանածի ինչ-որ մի մասն է վերադարձնում: Հանրային ընկալումներում այնպես է, որ դա մի փոքր մասն է, իրականում շատ-շատ ավելի մեծ գումարների մասին պետք է խոսքը գնար: Սա այն է, ինչ ինձ հետ շփվող, ինձ պատահած քաղաքացիներն են մտածում այս իրադրության հետ կապված»: 
 
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան․ «Թե ինչու նախկինում չէր կատարում նման բան Սաշիկ Սարգսյանը կամ ընդհանրապես որևէ մեկը, որովհետև նախկին համակարգը գործում էր լիովին այլ տրամաբանության մեջ, և այդ մարդիկ նախկին համակարգի պայմաններում կուտակում էին, բացարձակապես ստիպված չէին հրաժարվել կուտակած ոչ ամբողջից, ոչ որևէ մասից, և հիմա ընդամենը արձագանքում են այն իրավիճակին, որ կա, և այդ արձագանքը լավագույն տարբերակն է իրենց համար նոր իրավիճակում, այսպես ասենք՝ մասը պահելու համար պետք է հրաժարվել գուցե շատ ավելի մեծ մասից, իհարկե այս դեպքում կոնկրետ հարց է առաջանում, արդյոք այդ 18 մլն էր որ պետք է Սաշիկ Սարգսյանը վերադարձներ: Այս հարցը բաց է»: 
 
Ըստ քաղաքական մեկնաբանի՝  հանրության համար պետությանն այս պահին փոխնացված գումարների  ծավալները համոզիչ չեն այն առումով, թե գործ ունենք իսկապես արդարացի վերադարձի գործընթացի հետ:
 
Հարց երկրորդ՝ Իսկ արդյո՞ք այդ նվիրատվություններն օրինաչափ են: 
 
Իրավապաշտպան Արտակ Գալստյան. «Նախկինում պետական պաշտոնյաններին այսօր հիմնական մեղադրանքը, որ առաջադրվում է, դա յուրացումն է. Քրեական օրեսնգիրքը չի նախատեսում նման նորմ, որ յուրացված գումարը բերեցիք հետ տվեցիք, ձեր ասած վերադարձրեցիք պետությանը, քրեական պատասխանատվությունից ազատվեցիք: Մենք այն ժամանակ առաջարկեցինք, որ համաներման մեջ ներառեն, որ եթե անձը գումարը վերադարձնում է, քրեական պատասխանատվությունից ազատվում է: Եթե պարոն արդարադատության նախարարը մեզ լսեր և այդ կետը մտցրած լիներ, էսօր այդ խնդիրը չէր լինի: Ուղղակի կասեին՝ մարդ է, որի նկատմամբ հարուցվել է քերական գործ, մարդը սա վերադարձրել է, օրենքի այսինչ կետով գնացել տուն»: 
 
Իրավապաշտպանի խոսքերով՝ ցանկացած պարագայում պետք է բացահայտվի պետությանը նվիրաբերվող գումարի ծագումը: 
 
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ «Լրագրի» հետ զրույցում հորդորել է մոռանալ նվիրատվություն բառը, քանի որ ըստ նրա՝ նախկին պաշտոնյաների կողմից պետությանն ինքնակամ գույքի կամ դրամական միջոցների նվիրաբերման օրինական մեխանիզմ Հայաստանում չկա, հետևաբար պետությունը չպետք է ընդունի նման նվերները: 
 
Բագրատ Ասատրյան. «Եթե դա իր օրինական վաստակածն է, կարող է բարեգործական քայլ արվել, նվիրաբերվել որոշակի նպատակի համար: Բայց եթե խոսքը այդ կասկածելի կարողությունների, հանցավոր ճանապարհով կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ ուրիշներին կեղեքելով ձեռք բերված ունեցվածքի մասին է, նվեր բառը մոռացեք, հակառակ դեպքում պետությունը հանցակից է դառնալու իր բոլոր հետևանքներով»: 
 
Ալեքսանդր Սարգսյանի նվիրատվության հետ կապված ֆեյսբուքյան իրենց էջերում մտահոգություն են հնչեցրել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: 
 
Հրանուշ Խառատյան. «Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված»,  «վճար»,  «հատուկ նպատակով», «հատուցում»...
 
Կոնկրետ ում, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը,  ՀՀ Պետբյուջե՞, «բարեգործությու՞ն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»... այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: 
 
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: 
 
Պետությունն ընդունու՞մ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ որ կոնկրետ հանցագործության թողություն: 
 
Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ու՞մ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել: 
 
ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել:
 
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան. «18,5 միլիոնի վերադարձը ավագ Գոնզալեսի կողմից` հիշեցնում է պետության կողմից իրականացվող կոռուպցիոն գործարք, երբ պետական համակարգը` փոխանակ քննելու, բացահայտելու, պատժելու` իր գտածի կեսը պահանջում և ստանում է` մնացածն ապահով թողնելու, ինչպես նաև պատիժ չսահմանելու դիմաց: Ավելի դասական օրինակ` պետական կոռուպցիա հիշեցնող` դժվար է պատկերացնելը: Այդպես արվում է երրորդ աշխարհի մի շարք պետություններում, որտեղ բյուջեին փող է հարկավոր, իսկ զանգվածներին` տեսարան, բայց բացակայում է կամքը`արդարադատություն գործելու և համակարգային քայլեր անելու: Առավել սխալ և համակարգային ապականիչ երևույթ քան սա` նոր Հայաստանում` դժվար է պատկերացնել»:
 
Հարց երրորդ՝ իսկ ինչ օրինական մեխանիզմ կարող է ներդրվել, որպեսզի այսպես կոչված «ժողովրդից թալանվածի» վերադարձը ընդունելի լինի բոլորի կողմից։ 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Օրվա թեման