Դավիթ Սանասարյանը կլքի՞ պաշտոնը․ ի՞նչ տեսանյութ են ցույց տվել վարչապետին. «Մամուլի տեսություն»


Դավիթ Սանասարյանը կլքի՞ պաշտոնը․ ի՞նչ տեսանյութ են ցույց տվել վարչապետին. «Մամուլի տեսություն»

  • 12-03-2019 21:40:13   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով. ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկություններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են:
Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որևէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով: Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից և ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ, որ դրանք լինեն ուրիշի անու­նով:
Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ոչ գույք, ոչ էլ դրամական միջոցներ»:
 
Դուռ փակողի առաջ նոր դռներ են բացվում. Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի նոր թեկնածուն. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, և Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի,  կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»:
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաև պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:
Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, և Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի և Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գևորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջև։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց և ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»:
 
Լուրջ չարաշահումներ՝ մետրոպոլիտենում. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։
Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։ Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, ով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։
Էդիկ Գսպոյանը դժվար թե կարողանար տեսչության օբյեկտիվ վերահսկողություն իրականացնել խոշոր հարկատու մետրոպոլիտենում, երբ իր աղջիկը այնտեղի գնումների պատասխանատուն է»:
 
Արտագաղթե՞լ են. Արմեն Ամիրյանը տիկնոջ հետ ԱՄՆ-ում է. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը տիկնոջ հետ Միացյալ Նահանգներում է. ըստ էության՝ այնտեղ, որտեղից եկել էր Հայաստան նախարար աշխատելու:
Ամիրյանին Հայաստանի հետ կապողը նախարարի պաշտոնն էր և դրա միջոցով հավելյալ փող աշխատելու հնարավորությունը, որը նա ԱՄՆ-ում չունի»:
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն