«Չհրապարակայնացնել». Ինչ էր անում Սերժ Սարգսյանը Արցախում. Մանրամասներ․ «Մամուլի տեսություն»


«Չհրապարակայնացնել». Ինչ էր անում Սերժ Սարգսյանը Արցախում. Մանրամասներ․ «Մամուլի տեսություն»

  • 19-03-2019 20:46:39   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Չհրապարակայնացնել». Ինչ էր անում Սերժ Սարգսյանը Արցախում. Մանրամասներ. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։ Իսկ Անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչո՞ւ որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձևակերպումներ էին: «Շատ ծավալուն քննարկում էր` բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչև Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք ռազմավարական ծրագրեր. հասկանալի է` առանց տնտեսություն անվտանգություն չի լինում։ Պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել»:
Քոչարյանի մասին չի՞ խոսվել: «Անվտանգության նիստում ի՞նչ խոսեին»: Ի՞նչ տպավորություն են ստացել ԱԽ նիստին մասնակցած ղարաբաղցիները։ «Շատ գոհ էին՝ ինչ հարց բարձրացրել են, Նիկոլը խոստացել է լուծել, հետն էլ նորից ասել է, որ հող չի հանձնելու»։
Մարտի 15-ին ադրբեջանական զորավարժություններն ավարտվեցին՝ Ադրբեջանը զորքը հե՞տ է քաշել, թե՞ նախորդ անգամվա պես (2018թ. ապրիլից-հուլիս) պահել է սահմանին։ «Այս անգամ զորքն առաջնագծին մոտ չի եղել, չենք կարող ասել՝ հիմա էնտե՞ղ են, թե՞ ոչ»:
 
«Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը. «Իրատես»
 
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի «հեղափոխական» պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահարկ, Կենտրոնի բազում խնդիրները թողած (Հայկ Մարությանի հետ ձեռ ձեռի տված), սկսել է ամենևին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով:
Ավելին, քանդվել է ընդամենը երկու սրճարան, իսկ Սամվել Ալեքսանյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Վստրեչի» Ապերի, Արարատ Զուրաբյանի, ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի «կաֆեները» մնացել են սրբորեն անձեռնմխելի: Պատահական չէ, որ քաղաքապետ, ավելի ճիշտ, «սուպեր մամա» Հայկոյին իր հեռուստատաղավարում հյուրընկալած Պետրոսը ոչ մի հարց չհնչեցրեց այդ մասին:
Ի դեպ, քանդված սրճարաններից «Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը։ «Ժամանակին Վիտյան էդքան պինդ կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի կողքին»,- ասաց ասողը»:
 
Հեղափոխական օլիգարխը. Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյանների բիզնեսները. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները:
Հերթում առաջինը Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսն է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչը այսօր չունեն Աբրահամյանները, բայց ունի Սարգսյանը»:
 
Բունտ է հասունանում. Մոտ 6000 մարդու օրվա հացն է վտանգված. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։
Մեր աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետևանքով հազարավոր մարդիկ կա՛մ կդառնան գործազուրկ, կա՛մ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը, խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլև վարձակալությամբ բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։
Փաստն այն է, որ տվյալ փոփոխությունների արդյունքում պետությունը կկրի ոչ միայն հսկայական նյութական վնաս` ի դեմս լիցենզիայի գումարի, սոցվճարների, գույքահարկի և այլն, այլև հազարավոր մարդիկ կդառնան գործազուրկ, ինչպես նաև չի լուծվի գլխավոր խնդիրը` խաղադրույք կատարողը կշարունակի խաղալ, բայց դա կանի բացառապես համացանցի միջոցով։
Մեր աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռևս հաջողվում է կանխել դա, սակայն մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ երկար զսպել չեն կարող, մարդկանց օրվա հացն է վտանգված. խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է»:
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն