«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բարեգործական երեկոյի ընթացքում «Օրրան»-ին նվիրաբերել է 20 մլն դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բարեգործական երեկոյի ընթացքում «Օրրան»-ին նվիրաբերել է 20 մլն դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-06-2019 17:20:44   | Հայաստան  |  Բարեգործություն



 
Երևանում կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա 14-րդ գալա-ընթրիքը և բարեգործական աճուրդ-դրամահավաքը: 
 
Միջոցառումն անցել է ուրախ և բարի մթնոլորտում՝ համախմբելով բարեգործական հիմնադրամի հավատարիմ բարեկամներին ու աջակիցներին: 
 
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Օրրան»-ի կողքին է եղել վաղեմի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, որի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 20 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին՝ շահառու երեխաների և ծերերի խնամքը պատշաճ կազմակերպելու համար: 
 
«Այս միջոցառումը կամ ընթրիքն իր մեջ պարունակում է կարևոր պատգամ, և այն հետևյալն է՝  անկախ նրանից, թե ինչքան ենք մեծանում տարիքով, մենք պետք է կյանքին նայենք երեխաների ու մանուկների աչքերով, չէ որ իրենք աշխարհ գալիս են և լինում են բարի: Մենք էլ այսպիսի միջոցառմամբ փորձում ենք ապացուցել, որ մեր մեջի մանուկը դեռ արթուն է, և մենք էլ ուզում ենք ձեռք մեկնել այսպիսի մանուկներին, որ իրենց կյանքում հուսահատությունը վերացնենք»,- նշել է Ռ. Յիրիկյանը: 
 
Ըստ «Օրրան»-ի հիմնադիր-ղեկավար Արմինե Հովհաննիսյանի՝ բարեգործական ընթրիքի նպատակն է հայթհայթել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որով կկարողանան հիմնադրամի շահառու հանդիսացող ավելի քան 300 երեխայի և 100 տարեցի տրամադրել ամենօրյա տաք սնունդ, կրթական, բժշկական, սոցիալական և մշակութային ծառայություններ ինչպես Երևանի, այնպես էլ Վանաձորի կենտրոններում: 
 
«Մենք շատ շնորհակալ ենք բոլոր այն բարի մարդկանց, կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք գալիս են այսօր, որովհետև  մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ դրամական միջոցները նրանք կարող էին ծախսել իրենց ընտանիքի կամ սեփական հաճույքների վրա: Բայց նրանք հասկացել են կյանքի գաղտնիքներից մեկը՝ երբեմն շատ ավելի մեծ հաճույք ես ստանում, երբ կիսում ես ունեցածդ, ուրիշին ես նվիրում, քան թե, երբ ամբողջովը ծախսում ես քեզ վրա»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն տարի իրենց նվիրատուների թիվն ավելանում է: 
 
Բարեգործական աճուրդ-դրամահավաքի ընթացքում խաղարկվել են քանդակներ, կտավներ, գորգեր, զարդեր, հանգստի ուղեգրեր, սուպեր պրեմիում կարգի վիսկի՝ 21 տարվա հնեցմամբ, և այլն: 
 
Նշենք, որ 2013 և 2015 թվականներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Օրրան»-ին նվիրաբերել է համապատասխանաբար 55 և 50 մլն դրամ: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն