Դր․ Աարթ դե Ջիզը դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում


Դր․ Աարթ դե Ջիզը դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

  • 24-06-2019 16:25:03   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Սինոփսիս Արմենիա ընկերության հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 21-ին մեկօրյա այցով Երևան էր ժամանել Սինոփսիս ընկերության Նախագահ և Գլխավոր գործադիր համատնօրեն Դր․ Աարթ դե Ջիզը։
 
Իր հայաստանյան գործնական այցի ընթացքում Սինոփսիս ընկերության համատնօրենը ոգեշնչող դասախոսություն կարդաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ «Հարութ Բարսամ»-ի անվան դահլիճում հավաքված ուսանողներն ու երիտասարդ մասնագետները բացառիկ հնարավորություն ունեցան Սիլիկոնյան հովտի առաջին դեմքերից մեկից լսել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, իրերի ինտերնետի, ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների, խելացի և ապահով ամեն ինչի և այդ ամենն իրականության դարձնելու գործում Սինոփսիսի վճռորոշ դերի մասին՝ առանձնահատուկ նշելով Հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետների դերակատարումն ու մասնագիտական ներդրման կարևորությունը։ Նա շեշտեց այն հանգամանքը, որ հայ ճարտարագետներն այսօր ներգրավված են աշխարհի ամենաառաջատար մշակումների և գերժամանակակից արտադրանքի ստեղծման նախագծերում։ 
Դիմելով երիտասարդներին՝ Սինոփսիսի նախագահը կոչ արեց հետևողականորեն փորձել գտնել այն, ինչն իրենց հոգեհարազատ է և միշտ զբաղվել սիրած գործով։
 
Աարթ դե Ջիզը պատմեց նաև Սինոփսիսի «Այո, եթե․․․» գաղափարախոսության և գործելակերպի կարևորության, ինչպես նաև ցանկացած նախաձեռնության հաջողության մեջ դրա ազդեցության մասին։ Մասնավորապես, խոսելով համաշխարհային կլիմայական ճգնաժամի խնդիրների և դրանց լուծման ուղիների և հրատապության մասին, նա մեջբերեց․ - «Եթե ունեք խելք քննադատելու համար, ապա ունեցեք նաև սիրտ՝ օգնելու համար»։ Նա իր ելույթն ավարտեց վստահության ու համագործակցության կենսականության շեշտադրումով։
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Դր․ Աարթ դե Ջիզի ակնառու ներդրման համար և ի նշանավորումն ՀԱՊՀ-Սինոփսիս 15-ամյա արդյունավետ համագործակցության մեջ նրա ունեցած ավանդի` բուհի Ռեկտորատի որոշմամբ դր․ Աարտ դե Ջիզին շնորհվեց ՀԱՊՀ Ոսկե մեդալ:
 
Դր․ Աարթ դե Ջիզի մասին
1986-ին Սինոփսիսը համահիմնադրելուց ի վեր, Աարթն ընդլայնել է Սինոփսիսը՝ ստարտափ սինթեզի ընկերությունից այն դարձնելով բարձր տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար: Աարթը համարվել է աշխարհի առաջատար մասնագետներից մեկը տրամաբանական սինթեզի և սիմուլյացիայի ոլորտում և հաճախակի ելույթ է ունենում էլեկտրոնիկայի և նախագծման ավտոմատացման խոշոր գիտաժողովներում:
 
Դոկտոր դե Ջիզը լայն ճանաչում է ստացել իր տեխնիկական, գործարար և համայնքային նվաճումների համար՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների, այդ թվում ` Էլեկտրոնային բիզնես ամսագրի «Տարվա գործադիր տնօրեն» կոչմանը, IEEE Ռոբերտ Ն. Նոյսի մեդալի, GSA Մորիս Չանգի Օրինակելի առաջնորդության մրցանակի, Սիլիկոնյան հովտի ճարտարագիտական խորհրդի Փառքի սրահի մրցանակի և Սիլիկոնյան հովտի առաջնորդության խմբի (SVLG) Կյանքի նվաճումների մրցանակի: Նա Սիլիկոնյան հովտի առաջնորդության խմբի, Կիրառական նյութերի, Կիսահաղորդիչների համաշխարհային դաշինքի և Էլեկտրոնային համակարգերի նախագծման դաշինքի խորհուրդների անդամ է:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն