Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը. Սեդա Սաֆարյան
25-06-2019 18:12:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, պետք է ինքնաբացարկ հայտնի, այսօր լրագրողներին ասաց Մարտի մեկի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Ես կարծում եմ՝ Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ կհայտնի այն հիմքով, որ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված ակտ է: Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Նրա կայացրած երկու ակտերում էլ իրենց հիմքում սուբյեկտիվության տարր պարունակում էին»,- ասաց նա:
Ըստ Սաֆարյանի՝ Քոչարյանի կալանքի հարցով որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանը չէր ուսումնասիրել գործի փաստերը:
Սաֆարյանն ասաց, որ կան ցուցմունքներ, որոնք կհրապարակի այն ժամանակ, երբ ժամանակը գա:
«Երբ որ երկրորդ նախագահն իրեն չենթարկվող մարդու մասին ասում է՝ ես նրա մաման կլացացնեմ, սա ցումցունքից հատված է, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության ու այս գործի քննության համար իրենից վտանգ ներկայացնել: Նրա ազդեցությունը կարող է շատ մեծ լինել այս գործի վրա»,- նշեց Սաֆարյանը: