Դիլիջանում ամփոփվել է «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները
11-07-2019 16:22:13 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հուլիսի 1-10 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջին մասը՝ նախատեսված 10-13 տարեկան երեխաների համար։ Շուրջ 220 աշակերտ և 14 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։
«Արմաթ» տեխնոճամբարի ընթացքում դպրոցականները, որոնք մեծ մասամբ «Արմաթ»-ի սաներ են, նախապես կազմված թիմերով սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սև գծին հետևող ռոբոտ։
Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային և սպորտային բաղադրիչներ։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական պարեր Գագիկ Գինոսյանի հետ և ծանոթացան ողջ մնալու արվեստին Վովա Վարդանովի խմբի հետ:
«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետևող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Ucom ընկերության ներկայացուցիչները և պարգևատրեցին դպրոցականներին խրախուսական նվերներով: Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ, իսկ լավագույնները՝ էլեկտրական սկուտերներ։ Թիմը ղեկավարող ջոկատավարն ստացավ պլանշետ: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամներին տրվեցին սմարթ ժամացույցներ, իսկ ջոկատավարին՝ պլանշետ:
«Արդեն 4-րդ տարին է, որ Ucom ընկերությունը պատիվ ունի աջակցելու արմաթցիների միջև անցկացվող տեխնոճամբարների իրականացմանը և հետևելու երեխաների առաջընթացին, նոր սերնդի ինժեներներական խմբակների հաջողությանը։ Ucom-ը շարունակելու է աջակցել երկրում տեխնոլոգիական կրթությանը և ջանք չի խնայի, որպեսզի Հայաստանը վերականգնի տեխնոլոգիապես զարգացած և նորարար երկրի իր համբավը», - նշել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
Ճամբարին մասնակցում էին հետևյալ համայնքների դպրոցականները՝
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 11-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում կկայանա «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը՝ այս անգամ նախատեսված 14-17 տարեկան պատանիների համար: