Հրայր Թովմասյանը սրեց իրավիճակը. վարչապետի որոշումը


Հրայր Թովմասյանը սրեց իրավիճակը. վարչապետի որոշումը

  • 11-07-2019 18:54:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործը քննելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը սրում է ներքաղաքական իրավիճակի այն բաժինը, որ առաջացել էր Սահմանադրական դատարանի շուրջ: Մեծ հաշվով ստեղծվել է ուշագրավ մի վիճակ՝ մի կողմից բավականին բութ փակուղու, մյուս կողմից ՍԴ նոր որոշմամբ սրված իրավիճակի տեսքով:
 
Այն բանից հետո, երբ Վահե Գրիգորյանը դատավորի երդման ժամանակ հայտարարեց, որ գնում է եւ ստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը, թվաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի օրերը հաշված են: Մինչդեռ, Հրայր Թովմասյանը նշանակել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննության օրը՝ օգոստոսի 20, իսկ Վահե Գրիգորյանն էլ արդեն քանի օր է գործնական որեւէ պատասխան չի ստացել կառավարություն, նախագահի նստավայր եւ խորհրդարան ուղարկված իր նամակներին, որով խոսում էր ճգնաժամի մասին եւ առաջարկում հանգուցալուծման մի քանի տարբերակներ:
 
Ւսկապես երկիմաստ՝ մի կողմից բթացած ճգնաժամի, մյուս կողմից սրված դիմակայության իրավիճակ է: Ըստ ամենայնի բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը: Փաշինյանն ունի՞ որոշում, բայց դադար է վերցրել, թե՞ նրա համար էլ դեպքերի որոշակի ընթացքը եղել է անսպասելի, անակնկալ, բավական բարդ է ասել:
 
Իսկ, օրինակ անակնկա՞լ է վիճակը Վահե Գրիգորյանի համար, որն իր հայտարարությամբ բոլորին բերեց անակնկալի, թերեւս բացառությամբ վարչապետի: Երբ նա հայտարարում էր, որ գնում է եւ ստանձնի նախագահի պաշտոնը, վարչապետի հետ խորհրդակցե՞լ էր, Նիկոլ Փաշինյանը նրան ասե՞լ էր՝ գնա եւ ստանձնիր, թե՞ ավելացրել էր՝ եթե կարող ես:
 
Թե՞ Վահե Գրիգորյանն իր խնդիրը լուծել է առաջացնելով այսպես ասած երկիմաստությունը կամ բանավեճը, որքան էլ իրավագետների մի մասը համարի, որ խորքային առումով բանավեճի հարց, որպես այդպիսին՝ չկա:
 
Ակնառու է, որ առնվազն կառավարվող ճգնաժամն առաջացված է, միայն թե տեսանելի չէ, թե ինչի համար: Իսկ հնարավո՞ր է, որ այդ ընթացքում լուծվել են այլ հարցեր, կապված ոչ Սահմանադրական դատարանի հետ: Որ դրանք կան եւ եղել են գործընթացի մասի, պարզորոշ վկայում է մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը:
 
Այլ հարց է, թե Սահմանադրական դատարանի թեմայի բացումով դրա հետ ուղիղ առնչություն չունեցող քաղաքական, հնարավոր է ընդհուպ արտաքին քաղաքական հարցեր լուծելուց հետո ինչպես է փակվելու Սահմանադրական դատարանի թեման:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն