Բաքվի պատասխանն ու խոստովանությունը. Հայաստանի միակ ճանապարհը


Բաքվի պատասխանն ու խոստովանությունը. Հայաստանի միակ ճանապարհը

  • 27-07-2019 11:00:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Կապան-Հադրութ ավտոճանապարհի կառուցման վերաբերյալ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը: Բաքուն հայտարարել է, որ դա ստատուս-քվոն ամրապնդելու, Ադրբեջանի «օկուպացված տարածքները բռնակցելու» եւ բանակցային գործընթացը խաթարելու քայլ է, հորդորելով Մինսկի խմբի համանախագահներին ուշադրություն դարձնել այդ քայլին: Բաքուն հայտարարել է, թե հետեւանքի համար պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա:
 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել էր Արցախն ու Հայաստանը կապող երրորդ ճանապարհի նախագծի մասին, ասելով, որ դրա կառուցումը հավանաբար կմեկնարկի 2020 թվականին եւ կարվի հնարավորը արագ ավարտելու համար:
 
Բաքվից այլ արձագանք սպասելն անշուշտ ավելորդ էր: Բայց Ադրբեջանն իրավացի չէ՝ Հայաստանը ստատուս-քվոն չէ, որ ամրապնդում է, այլ սեփական անվտանգությունը: Այլ հարց է, որ անվտանգությունն ամրապնդելու համար պետք է առնվազն ամրապնդել ստատուս-քվոն:
 
Եվ այդ հրամայականի անհրաժեշտությունն ու հրատապությունը «փաստարկել» է հենց Ադրբեջանը՝ Արցախի դեմ 2016 թվականի ապրիլի ագրեսիայով, դրանից առաջ մի քանի տարի շարունակ ագրեսիվ հարձակումներով: Ընդ որում, դրանք ուղեկցվել են ոչ միայն ռազմական գործողություններով, այլ նաեւ ռազմական հանցագործություններով, այդ թվում խաղաղ բնակչության դեմ:
 
Այդ ամենը հայ ժողովրդին բերել է մի աներկբա եզրակացության՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը որեւէ կապ չունի «փոխզիջումային կարգավորման» քաղաքականության հետ եւ ավելին, այդ քաղաքականությունը ստեղծում է անվտանգության սպառնալիքներ:
 
Հանգամանք, որը Հայաստանում իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հնչեղ հայտարարությամբ ընդգծեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, հայտարարելով, թե 25 տարի ունեցել են սխալ պատկերացում, որ հայ ժողովուրդը պատրաստ է տարածք հանձնել, մինչդեռ հայ ժողովուրդը չունի այդպիսի մտադրություն, եւ ամենակարեւորը՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ունի այդպիսի դիրքորոշման հիմքեր:
 
Իհարկե դեսպանը հետո խոսել էր «փոխզիջումային» ստանդարտի մասին, սակայն ի վերջո նա դիվանագետ է եւ ստանդարտի ձեւակերպումը լոկ հայտարարության մյուս՝ ոչ ստանդարտ, աննախադեպ մասը հնչեցնելու համար էր:
 
Այդ իմաստով, Միլզի հայտարարությունը խոսում է թերեւս Մինսկի խմբի համանախագահների ուշադրության մասին: Մեծ հաշվով, խորքային այդ հանգամանքի մասին Բաքվի արտգործնախարարության հայտարարությունն էլ խոսում է, նշելով, որ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա:
 
Իրապես, ամբողջ հարցը հայկական կողմի պատասխանատվությունն է, բայց ոչ թե հետեւանքի, այլ արդյունքի համար՝ արցախյան հաղթանակի արդյունքի: Երբ հայկական կողմը ստանձնում է դրա համար իր պետական եւ համազգային պատասխանատվությունը հավուր պատշաճի, Մինսկի խմբի համանախագահությանը չի մնում այլ բան, քան Բաքվին արգելել պատերազմել, ինչի մասին մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
 
Հայկական կողմի պատասխանատվության բացակայությունը, հաղթանակի հանդեպ պետական եւ համազգային պատասխանատվության փոխարեն խմբային սեփականատիրական նկրտումների քառորդդարյա անպատասխանատվությունը հանգեցրին նրան, որ Բաքուն քայլ առ քայլ սկսեց «կռել» իր պատերազմի միջազգայնորեն լեգիտիմ իրավունքը:
 
2016 թվականի ապրիլին, եւ երկու տարի անց՝ 2018-ի ապրիլին հայկական բանակը եւ հայ ժողովուրդը Բաքվին զրկեցին այդ իրավունքից եւ ստանձնեցին պատասխանատվություն սեփական ռազմա-քաղաքական դերակատարման համար:
 
Ըստ այդմ, պատասխանատվությունից վախենալ պետք չէ: Ռիսկերը եւ սպառնալիքները գեներացնում է անպատասխանատվությունը: Երեւանը թավշյա հեղափոխությունից հետո արել է ռազմա-քաղաքական մի շարք կարեւոր եւ պատասխանատու հայտարարություններ ու սահմանել նոր, անհամեմատ բարձր նշաձողեր, որոնք պետք է պահել, առարկայացնել եւ ընդլայնել:
 
Դրանք անշուշտ պարունակում են նաեւ ռիսկեր, բայց միեւնույն է՝ պակաս ռիսկային իրավիճակ Հայաստանը չի ունենալու երբեք, եւ միաժամանակ չի ունեցել նոր իրավիճակով ռիսկերը պակասեցնելու ավելի լավ հնարավորություն:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն