Փորձագետները հայտնաբերել են խելացի տները «գրավելու» բազմաթիվ եղանակներ
14-08-2019 11:27:52 | Հայաստան | Կազմակերպություններ
Խելացի տների համակարգերը խոցելի են, և գոյություն ունեն դրանք «գրավելու» բազմաթիվ եղանակներ։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները՝ հիմնվելով սեփական և կողմնակի հետազոտությունների արդյունքների վրա։
Օրինակ՝ Fibaro ընկերության խելացի տան համակարգը ցանկացածին թույլ է տալիս ներբեռնել և ամպային սերվեր վերբեռնել կոնտրոլերի ծրագրային միջուկի պահուստային կրկնօրինակները. կոնտրոլերը կառավարում է մնացած բոլոր սարքերը՝ թերմոստատները, սրճեփները, հսկման համակարգերը։ Եթե չարագործը ներբեռնի Fibaro-ի ամպում պահվող ընդհանրապես բոլոր պահուստային կրկնօրինակները, ապա կարող է գուշակել սարքերի պարզ և հաճախ հանդիպող գաղտնաբառերը։ Թափանցելով ադմինիստրատորի պանել՝ նա կօգտագործի խոցելիություններից մեկը, որը թույլ է տալիս հեռավար կոդ գործարկել և ստանալ համակարգի գերօգտատիրոջ իրավունքներ ու տանն անել սրտի ուզածը։ Այդ իրավունքները կարելի է ստանալ նաև բեքապի վնասաբեր պատճենն ստեղծելով ՝ այն սերվեր վերբեռնելով և համոզելով, որ զոհը տեղադրի «թարմացումը»։ Դա կարելի է անել Fibaro-ի հաղորդագրությունը նմանակելու միջոցով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները խոցելիությունների մասին պատմել են Fibaro-ի մշակողներին, և նրանք օպերատիվ կերպով շտկել են դրանք. այնպես որ գրոհների նկարագրված սցենարներն այլևս չեն աշխատում։
Խելացի տան Nest համակարգում նախատեսված են պարամետրեր, որոնք ընդհանուր են հսկողության համակարգերի և ավելի քիչ պաշտպանված սարքերի համար։ Այդ պարամետրերի արժեքները գրանցվում են միասնական պահուստարանում։ Դրանց հասանելիություն ունեն բոլոր սարքերը, որոնց այդ պարամետրերն անհրաժեշտ են աշխատանքի համար։ Եվ հաճախ ինչ-որ անջատիչ կամ թերմոստատ կարող է ոչ միայն ընթերցել իրեն հետաքրքրող արժեքները, այլև փոփոխել դրանք։ «Տանն է/տնից դուրս» ռեժիմների կառավարման թույլտվություն ունեն Nest հարթակի հետ համատեղելի մի քանի սարքեր, որոնցից է Kasa անջատիչը։ Դրա հավելվածը ստուգում է հավաստագրի իսկությունը, և եթե այն իսկական է, սերվերին գաղտնի ուղարկում է տոկեն՝ տեղեկատվություն, ըստ որի այն ճանաչում է տանտիրոջը։ Եվ հավելվածը վստահել է ցանկացած հավաստագրի, որը կարելի է ցույց տալ սերվերին, եթե տանտերը միանում էր հանրային Wi-Fi-ին, և մտնելով նույն ցանց, չարագործը ձեռք էր գցում միացումը և հավելվածին ցույց էր տալիս SSL-հավաստագիրը։ Ցանցահենը հենց սրճարանից հայտնում էր անջատիչին, որ տերը վերադարձել է, տեսահսկման խցիկն ընթերցում էր «տանն է» պարամետրը և դադարեցնում տեսագրումը, ինչից հետո հանցագործը կամ նրա հանցակիցները կարող էին աննկատ տուն թափանցել։ Kasa-ի մշակողները նույնպես շտկել են խոցելիությունն այն բանից հետո, երբ նրանց են դիմել հետազոտողները։
Լուսավորման համակարգերի համար նախատեսված Philips Hue-ում խելացի տանը միանալու համար յուրաքանչյուր ծրագիր տիրոջը թույլտվության հարցում է կատարում։ Այդ թույլտվությունը կարելի է տալ՝ սեղմելով կառավարման բլոկի ֆիզիկական կոճակը. բլոկի միջոցով Hue սարքերը փոխգործակցում են միմյանց հետ։ Այդ կոճակը կարող է սեղմել ոչ միայն օգտատերը, այլև ... ցանկացած ծրագիր, որն արդեն միացած է Hue-ին։ Բանն այն է, որ համակարգի «ուղեղը» որոշում է, թե գործել է արդյոք կոճակն ըստ կառավարման բլոկի պարամետրերից մեկի արժեքի։ Հենց այդ արժեքն էլ կարող են փոփոխել հավելվածները։ Այնպես որ, հարթակ մուտք ունեցող մեկ անբարեհույս ծրագիրը ի զորու է անվերահսկելի կերպով թույլտվություն տրամադրել այլ ծրագրերի, և նույնիսկ ավելին՝ նույն պարամետրի օգնությամբ կարելի է անջատել ավելի վաղ միացված բաղադրիչները։
Խելացի տան կոտրանքի ռիսկը կարելի է նվազեցնել, եթե համակարգը գնելուց առաջ ուշադրություն դարձվի, թե արտադրողն ինչպես է արձագանքում հայտնաբերվող խոցելիություններին։ Եթե ընկերությունը պատասխանատու կերպով է վերաբերվում հետազոտողների կողմից հայտնաբերված խնդիրներին և արագ վերացնում է դրանք, դա լավ նշան է։ Պետք է ժամանակին տեղադրել արտադրողների թողարկած թարմացումները, ինչպես նաև սարքերը և կառավարման պանելները պաշտպանել երկար ունիկալ գաղտնաբառերով։ Այդ դեպքում չարագործը չի կարողանա գտնել տան «բանալին»։ Հարկ է ճիշտ կարգավորել տնային անլար ցանցը, ծրագրերը ներբեռնել միայն պաշտոնական աղբյուրներից և դրանց տալ միայն անհրաժեշտ թույլտվություններ, ինչպես նաև հանրային Wi-Fi-ին միանալիս օգտագործել պաշտպանված միացում՝ VPN:
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն