Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ


Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ

  • 16-08-2019 14:45:27   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

infocom.am Ջերմուկցիներն այսօր՝ ժամը 5-ին իրականացնելու են ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Մեր զրուցակիցը Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն է, որը մասնակցում է բողոքի ակցիային։
 
- Կնկարագրե՞ք՝ ինչ իրավիճակ է Ջերմուկում։ Արդյո՞ք մարդիկ շատ կան։
 
- Ջերմուկում բնակիչներն են, այս պահին Ջերմուկում գտնվող հանգստացողների մեծ մասը մեզ հետ են։ Հավաքը նախատեսված էր ժամը երկուսին, քանի որ Ջերմուկը զբոսաշրջային, առողջարանային տարածք է, աշխատատեղերը հիմնականում առողջարաններում ու հյուրանոցներում են, ճաշի ժամ է այդ հիմնարկություններում, դրա համար ստիպված եղանք ժամը փոխել հինգին, որպեսզի բնակչության այն մասը, ովքեր աշխատում են առողջարաններում, կարողանան մասնակցել ակցիային։
 
- Ակցիայի հիմնական նպատակն այն է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ ևս մեկ անգամ վերահաստատելու, որ անկախ փորձաքննության արդյունքներից՝ մեզ մոտ դիրքորոշում չի փոխվել, մենք ի սկզբանե չենք ասել՝ սա լավ հանք է, վատ հանք է, մեն ասել ենք՝ սա առողջարանային գոտի է, ու այստեղ ոչ մի տիպի մետաղական հանք պետք է չլինի։ Բնակչությունը դուրս է գալիս խաղաղ ակցիայով, բաց ձեռքերով՝ վերահաստատելու իր՝ մեկ տարուց ավել առաջ կայացրած որոշումը։
 
- Այդտեղ ոստիկանական ուժերի ակտիվություն նկատվո՞ւմ է, թե՞ ոչ։
 
- Չէ՛, չենք տեսել այդպիսի բան։ Ադպիսի մանիպուլյատիվ բաներ մենք էլ ենք լսել՝ մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել․․․ Բայց քանի որ մենք ինքներս այս կառավարության ստեղծմանը մասնակից ենք եղել, հեղափոխությանը ակտիվ մասնակից ենք եղել, գիտենք այս հեղափոխության գաղափարախոսությունը, փորձում ենք չհավատալ նման լուրերին, գտնում ենք, որ դրանք նախկինների կողմից լավ մշակված մանիպուլյացիաներ են, որոնք նպատակ ունեն այս պահին ժողովրդին տրամադրելու նոր իշխանությունների դեմ։
 
- Այսինքն՝ դուք չե՞ք մտածում, որ եթե ակցիաները շարունակվեն, կա հավանականություն, որ ոստիկանական ուժերը կցրեն դրանք։
 
- Մեր ակցիաները կրելու են խաղաղ բնույթ։ Եթե, օրինակ, թույլատրվի հանքի շահագործումը, ուրեմն՝ պետք է ոստիկանական ուժերին միշտ պահեն այնտեղ։
Երբ որ ոստիկանական ուժերը գան այնտեղ, մենք ուղղակի կգանք տուն։ Իրենք կգնան, նորից բնակչությունը կիջնի, կփակի։ Ամուլսար մտնելը մի օրվա հարց չի։
 
- Փաստորեն դուք չե՞ք թողնելու, որ ճանապարհը բացեն։
 
- Չէ՛, անհնար է։ Ով ինչ որոշում ուզում է՝ կայացնի, մեր որոշումը անփոփոխ է լինելու այս հարցում։ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակված է։
 
- Այսօր՝ ժամը 5-ին հավաքվելու եք։ Ակնկալո՞ւմ եք, որ վարչապետի հետ հանդիպում կունենաք։
 
- Մենք հայտարարության մեջ այդպես ենք տարածել, բայց քիչ ժամանակ է անցել, և վարչապետը կարող է դեռ վերջնական ծանոթացած չլինել փատաթղթերին, որ տրամադրել են կառավարությանը։ Կարծում եմ, որ եթե այսօր մեր առաջարկը չընդունի ու չգա, պատճառն այն կլինի, որ փաստաթղթերին դեռ ծանոթ չի։ Ուզում ենք հավատալ, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո ինքը կառաջարկի հանդիպել բնակչության հետ, որովհետև հրապարակավ խոստացել է։
 
Այս պահին վատ հետևություններ չենք անելու, որ նա իր խոստումը չկատարեց։ Այս պահին մեր գերնպատակն այն է, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը ցույց տա, որ իր մոտ դիրքորոշում չի փոխվել Ամուլսարի հարցում, անկախ նրանից՝ ԷԼԱՐԴ-ը փորձաքննության ինչ արդյունքներ է տվել։ Այնպես չի՝ մենք գտնում ենք, որ դրական է տվել, որովհետև հրապարաված փորձաքննության արդյունքները և քննչական կոմիտեի հայտարարությունն ընդհանրապես իրար հետ կապ չունեն։ Երբ կարդում ես՝ ուրիշ բան է, բայց իրենք հակիրճ ներկայացնելիս այդ 300-400 էջը ընդհանրապես ուրիշ բան են ասում։
 
Իրենք քննիչներ են, բայց փորձում են կատարել այլ մասնագիտական գործառույթներ։ Այդ փաստաթղթերին պետք է ծանոթանան ավելի լուրջ մասնագետներ, այդ ոլորտի մասնագետներ, որ դրանից հետո կառավարությունը իր դիրքորոշումը արտահայտի։ Տա Աստված, որ համընկնի մեր դիրքորոշման հետ, եթե չէ, մենք թույլ չենք տալու։
 
- Դուք ենթադրում եք, որ վարչապետը կուսումնասիրի փորձաքննության եզրակացությունը, կհանդիպի ձեզ հետ և հետո՞ որոշում կկայացնի։
 
- Հնարավոր է, որ կարիք չլինի մեզ հետ հանդիպելու, բայց կայացնի այնպիսի որոշում, որ մեր սրտով է, մենք էլ բավարարվենք դրանով։
 
- Եթե վարչապետն այսօր չեկավ ձեզ հետ հանդիպման, դուք էլի շարունակելո՞ւ եք ակցիաները։
 
- Հնարավոր է, այսօր կհավաքվենք, կհասկանանք։ Հնարավորր՝ մինչև կառավարության որոշումը ամեն օր ընտրվի մի ժամ, որ բնակիչները դուրս գան, իրենց խաղաղ բողոքն արտահայտեն, իրենց դիրքորոշումն արտահայտեն։
 
Հնարավոր է՝ այսօր որոշում կայացնենք, որ ամեն ինչ դադարեցնում ենք ու սպասում ենք կառավարության որոշմանը։ Ինչ կորոշենք բոլորս միասին, դա էլ կանենք, որովհետև մեր ուժը դրա մեջ է, որ մենք բնակիչ ենք, ու մենք ունենք արդարացի պահանջ, մենք ամեն ինչում միասնական ենք։
 
Աննա Սահակյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը