Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան
20-08-2019 12:21:40 | Հայաստան | Հասարակություն
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորություններն այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաև՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել:
Հ.Գ. հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։
Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու և պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։
Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող և երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»: